Այստեղ նշանակություն չունի՝ հայ ժողովուրդը «բազմաչարչար» եւ «քրիստոնեությունն առաջինը պետական կրոն ընդունա՞ծ» է, թե՝ «հեթանոս» կամ «բուդդայական»: Խոսքը միջազգային իրավունքի սուբյեկտ, Միավորված ազգերի կազմակերպության, ԵԱՀԿ‑ի, Եվրոպայի խորհրդի անդամ պետության մասին է, որի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմաններն անձեռնխելի են այնքանով, որքանով՝ ԵՄ անդամ ցանկացած երկրինը:
Վահրամ Աթանեսյան
Եվրամիությունը դիվիզիաներ չունի, նրա աջակցությունն ուղիղ համեմատական է Հայաստանի խոսույթին

Հունվարի 22-ին Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները գումարել են խորհրդի նիստ, որի օրակարգային հարցերից մեկն էլ հայ-ադրբեջանական բանակցություններն էիան: ԵՄ անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնակատար Բորելը մամուլին տեղեկացրել է, որ «նախագահ Ալիեւի վերջին տարածքային հավակնությունները մեծ անհանգստություն են առաջացնում, Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կազդի Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների վրա»:
Օգտագործելով իր ոճը՝ կարելի է ձեւակերպել, որ Եվրամիության գլխավոր բանագնացի այս հայտարարությունը խոր մտահոգության տեղիք է տալիս: Ի՞նչ է նշանակում Ալիեւի «տարածքային հավակնությունները մեծ անհանգստություն են առաջացնում»: Ալիեւը չի կարող եւ Հայաստանի նկատմամբ տարածքային որեւէ հավակնություն չպետք է ունենա, որովհետեւ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային պարամետրերը որոշված են ոչ միայն եւ ոչ այնքան Ալմաթիի Հռչակագրով, այլեւ եւ ավելի հստակ ու իրավական առումով հիմնավոր՝ ՄԱԿ‑ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերով, ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի որոշմամբ: Այդ սահմաններից դուրս մեկ քառակուսի մետր տարածքի նկատմամբ հավակնությունը ոչ թե «անհանգստություն» պետք է առաջացնի, այլ՝ քաղաքական-դիվանագիտական դատապարտում:
Այստեղ նշանակություն չունի՝ հայ ժողովուրդը «բազմաչարչար» եւ «քրիստոնեությունն առաջինը պետական կրոն ընդունա՞ծ» է, թե՝ «հեթանոս» կամ «բուդդայական»: Խոսքը միջազգային իրավունքի սուբյեկտ, Միավորված ազգերի կազմակերպության, ԵԱՀԿ‑ի, Եվրոպայի խորհրդի անդամ պետության մասին է, որի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմաններն անձեռնխելի են այնքանով, որքանով՝ ԵՄ անդամ ցանկացած երկրինը: Կարծեմ, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կամ Յալթայի կոնֆերանսում, երբ ակնարկել են ինչ-որ հարցում նաեւ Վատիկանի կարծիքը հաշվի առնելու նպատակահարմարությունը, Իոսիֆ Ստալինը թեման միանգամից փակել է. «Իսկ Հռոմի պապը քանի՞ դիվիզիա ունի»:
Դիվիզիաներ չունի նաեւ Եվրամիությունը: Դրանից չի հետեւում, թե Բրյուսելը դերակատար չէ, ասելիք չունի: Դերակատար է, ասելիք ունի եւ ասում է: Մամուլի համար Բորելի հայտարարության ամենասկզբունքային շեշտադրումը, թերեւս, այն է, որ ԵՄ անդամ բոլոր պետությունները համերաշխություն են հայտնել Ֆրանսիային, որի «երկու դիվանագետ Ադրբեջանը վերջերս արտաքսել է» Դա արդեն հստակ ազդակ է: Իսկ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության հստակ խոսույթ պետք է ձեւակերպի Հայաստանը: Եվրամիության աջակցությունը դրան ուղիղ համեմատական կլինի: Ինչպես որ Բորելի «անհանգստությունն» է ուղիղ համեմատական պետական լեգիտիմության մասին Հայաստանի գրեթե պաշտոնական «մեղավորությանը»:
Հոդվածը՝ 1in.am կայքից։
