ՄԵՐ ՈՒՂԻՆ

Պայքար՝ Նոր Աշխարհում Տեղ Ունենալու Համար

Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները դեռ երկար կտևեն, իսկ Ադրբեջանը իր նշանակությունը չի կորցնի Ռուսաստանի համար, հայերը շատ լուրջ ու նախանձախնդիր պետք է լինեն իրենց ապագայի կերտման հարցում, եթե ցանկանում են նոր ձևավորվող աշխարհում իրենց բաժին տեղն ու դերն ունենալ։

Ստեփան Ասդուրեան

1inTV-ի եթերում, «Podcast կարևորի մասին» հաղորդաշարի շրջանակներում Ռուբեն Մեհրաբյանը հյուրընկալել էր ԱՄՆ Բերկլիի համալսարանի պրոֆեսոր Ստեփան Աստուրյանին։ Զրույցի ընթացքում քննարկվել են համաշխարհային աշխարհակարգի ճգնաժամի ու Հայաստանի՝ այդ ամենում ունեցած անելիքներն և մարտահրավերների թեմաները։

Այն, որ լիբերալ աշխարհակարգն այլևս չի կարողանում իր դերը կատարել, արդեն իսկ փաստ է։ Այնպես ինչպես իր ժամանակին Ազգերի Լիգան ստեղծվեց, որպեսզի աշխարհն ապրի որոշակի հստակ ձևավորված օրենքներով, բայց ռևիզիոնիստ պետությունները սկսեցին խախտել ընդունված կանոններն այն աստիճան, որ այլևս անհնար դարձավ այդ միջազգային մարմնի կենսագործունեությունը։ Հիմա նույն իրավիճակում ՄԱԿ-ն է։ ՄԱԿ-ը միակ միջազգային մարմինն է, որը կարող է պատերազմներ վավերացնել, ընդունել որոշումներ, մերժել կամ այլն, բայց ՄԱԿ-ը ևս շատ խախուտ վիճակում է գտնվում։ Ինչպես նշեց ՍՏ․ Աստուրյանը, վերջին 40 տարում աշխարհը շատ շատ է փոխվել։ Նախկին կյանքի կանոններն այլևս չեն աշխատում, չկան։ Երրորդ ու չորրորդ կարգի պետություններ համարվող Չինաստանն ու Հնդկաստանն արդեն աշխարհի 5 ուժեղ տնտեսություններից երկուսն են, ընդ որում երկրորդն ու երրոդը։ Բազմաթիվ այլ պետություններ արդեն իսկ անհամաձայնություններ ունեն, թե ինչո՞ւ ՄԱԿ-ում պիտի միայն հինգ երկիր մշտական անդամներ լինեն և առանցքային դերեր կատարեն։ Խախտվել է ԱՄՆ միանձնյա առաջնորդությունն աշխարհի հանդեպ։ Շատ և շատ վայրերում ԱՄՆ-ը այլևս ամենաուժեղը չէ և նրան հակադրվողները իրենց կանոններն ու կարգերն ունեն։

Ռուսաստանը, երբ հարձակվեց Ուկրաինայի վրա, սկզբնական շրջանում հայտարարեց, որ դա պայքար է նացիզմի դեմ, բայց հետո, երբ արդեն պարզ դարձավ, որ արագ հաղթանակ տանել չի ստացվում և հաղթանակն ընդհանրապես կասկածի տակ է դրված, սկսեց շրջանառվել, որ այդ պատերազմի նպատակը նոր աշխարհակարգն է։ Հենց դա էլ ցույց է տալիս լիբերալ աշխարհակարգի ամբողջական և վերջնական խախտումը ողջ աշխարհում։ Այսպես թե այնպես ազգային, ցեղապաշտական նկրտումները հաճախ շատ ավելի զորեղ են գտնվում, քան սոցիալիստական կամ լիբերալ սկզբունքները։ Ստ․ Աստուրյանը պատմական ակնարկ արեց այն մասին, որ ֆրանսիական և գերմանական սոցիալիստական կուսակցություններն ու կազմակերպությունները միասին երդում տվեցին, որ ոչ մի դեպքում արյուն չեն թափի կապիտալիստների շահերի համար, բայց ընդամենը մի քանի տարի հետո նրանք միմյանց դեմ մղեցին մարդկության պատմության ամենից արյունահեղ պատերազմներից մեկը։ Մի բան, որի ավարտը հենց ֆրանսիացիները համարեցին ոչ թե ավարտ, այլ ընդմիջում 20 տարով և իրոք, չսխալվեցին։ 21 տարի անց սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմը, կամ ինչպես ոմանք են նշում՝ առաջին համաշխարհայինի շարունակությունը և նույն գերմանացիներն ու ֆրանսիացիները պայքար մղեցին միմյանց դեմ։ Վերջերս հայազգի պրոֆեսոր Դերլուգյանը նշել էր, որ արդեն իսկ սկսվել է  երրորդ համաշխարհայինը, թեև այն դեռևս չի ընթանում այնպես, ինչպես նախորդ երկուսը։ Այս առումով Ստ․ Աստուրյանն ասաց, որ անձամբ իր կարծիքով դեռևս այդ պատերազմը չի սկսվել, բայց աշխարհն արդեն պատրաստ է դրան։ Կան խմբավորումներ և կոալիցիաներ։ Ու այն, որ լիբերալ աշխարհակարգը խախուտ է, երևում է շատ առումներով։ Ազգերի լիգայի կործանումը, իր ժամանակի միջազգային իրավունքի ու օրենքի գերակայման թուլացումը նաև պատճառներից մեկն էր, որ աշխահում ձևավորվեցին ավտորիտար, ազգայնական կարգեր, ինչպես օրինակ Գերմանիայում նացիստական իշխանությունը և հիմա էլ կա այն վտանգը, որ թուլացող ու ճաքեր տվող լիբերալ աշխարհում նոր կարգերի ու սկզբունքների հաստատման գործընթաց է գնալու։

Զրուցակիցները քննարկեցին նաև Հայաստանի դերն ու նշանակությունն այդ ամենում։ Հայաստանն այսօր շրջապատված է երեք կայսերական պետություններով՝ Ռուսաստան, Թուրքիա և Իրան։ Ռուսաստանը, թեև ռազմավարական դաշնակից, բայց էապես վնասել է Հայաստանին ու դա չտեսնել հնարավոր չէ։ Մյուսը Թուրքիան է, որի մոտ կարծես, թե շատ բան չի փոխվել հին Օսմանյան Կասրությունից և երրորդը՝ Իրանն է, որը թեև բարեկամաբար է տրամադրված Հայաստանի հանդեպ, բայց միջազգային հանրության հետ բավական լուրջ հարցեր ունի և իր հակառակորդների հետ անսահման դաժան է։ Այս իրավիճակում Հայաստանն ի՞նչ հեռանկար կարող է ունենալ։ Թուրքիայի հետ հարաբերությունները հարթելու առումով լուրջ խոչընդոտներ կան, Իրանի հետ լավ հարաբերություններ պետք են, բայց պետք է նաև հաշվի առնել, թե ինչ կարգավիճակ ունի Իրանը, իսկ ռուսներից որևէ լավ բան սպասել հնարավոր չէ։ Ստեփան Աստուրյանն ասաց, որ ապագայի քննարկումը, ինչպես նաև այն, թե Հայաստանն արդյո՞ք ժամանակ ունի և ինչքան ունի ապագային պատրաստվելու համար, նախ և առաջ կախված է նրանից, թե հայերն իրենք իրենց ինչպես են վերաբերվում և պատկերացնում աշխարհում։ Այսօր աշխարհն այն վիճակում է, որ հատկապես մեր տարածաշրջանում շատ լուրջ ուժեր են միմյանց շոշափում ու գուցե և բախվում և դրանց արանքում չճզմվելու համար հայերը պետք է վարվեն փոքր երկրների իմաստության պես։ Փորձեն հարաբերվել բոլորի հետ, ինչպես ֆրանսիացի գրող Պասկալն է ասել․ «բոլոր հավկիթները մեկ ափսեում չպահել»։ Ստեփան Աստուրյանն ասաց, որ միակողմանիությունը մեծ թշնամի է։ Հայաստանի բոլոր ղեկավարները՝ ՀՀՇ-ից սկսած վարել են միակողմանի ու անհամաչափ գործողության և գաղափարի քաղաքականություն։ Հայաստանի անկախությունը սկսվել է «Արցախ և միացում» կոչերով, բայց ընդամենը չորս տարի անց ոչ միություն կար, ոչ էլ Արցախի հանդեպ գաղափարական պահվածք։ Հայաստանի ղեկավարներն իրենց ողջ հույսը դրեցին միայն ռուսական կողմի վրա և բնականաբար տապալումը չուշացավ։ Հիմա այնպիսի վիճակ է, որ քաղաքական կամք է պետք որոշ հարցերում փոքր ինչ կտրուկ լինելու համար։ Եթե չկա այդ քաղաքական կամքը, դա շատ վատ է և հետևանքն անպայման իրն զգացնել կտա։ Մանավանդ եթե հաշվի առնենք այն, որ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները դեռ երկար կտևեն, իսկ Ադրբեջանը իր նշանակությունը չի կորցնի Ռուսաստանի համար, հայերը շատ լուրջ ու նախանձախնդիր պետք է լինեն իրենց ապագայի կերտման հարցում, եթե ցանկանում են նոր ձևավորվող աշխարհում իրենց բաժին տեղն ու դերն ունենալ։

Հարցազրույց ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *