Անկասկած է, որ Հայաստանի քաղաքական սուբյեկտության սեղմմանը միտված թուրք-ադրբեջանական պահանջների ամբողջությունը, այդ թվում հատկապես սահմանադրա-իրավական բնույթի պահանջների, ունի նաեւ հենց Կովկասի հանդեպ Ֆրանսիայի հավակնությունները չեզոքացնելու, արգելակելու նպատակ:
Հակոբ Բադալյան
Ֆրանսիայի «առերեսումը» Հայաստանում
Ադրբեջանը հայտարարում է, որ թույլ չի տա Ֆրանսիային ամրապնդվել Հարավային Կովկասում: Հետաքրրքիր է, իսկ Ֆրանսիան, որի խորհրդարանը ընդունել է 2020, 2022, 2023 թվականների հայտնի բանաձեւերը Արցախի, Հայաստանի վերաբերյալ, ընդունել է հայերի ցեղասպանության վերաբերյալ հայտնի բանաձեւերը, ինչպե՞ս է վերաբերում Հայաստանում Անկախության հռչակագրի եւ Սահմանադրության թեմայով հայտնի խոսույթին: Այդ խոսույթի հարցում Ֆրանսիան Հայաստանի կողքի՞՞ն է՝ ինչպես հաճախ է սիրում կրկնել նախագահ Մակրոնը, թե՞ ոչ:
Անշուշտ, Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը Հայաստանի ներքին գործն է, բայց առնվազն ծիծաղելի կլինի վիճարկել այդ «ններքին հարցի» արտաքին ծագումը: Ավելին, պաշտոնական Երեւանը մեծ հաշվով չի էլ թաքցնում այդ ծագումը: Անկախ դրանից, թերեւս միայն քաղաքական կուրությունն ու քաղաքական տգիտությունը կվիճարկեն, որ հարցի բնույթը լինելով ներքին, հարցի արժեքն ու նշանակությունը բավականին լայն արտաքին է:
Եվ դրանով է, որ այն առնչվում է նաեւ Ֆրանսիային, Կովկասում իր «անդրծովային տարածքները» պաշտպանելու խնդրին, որի վերաբերյալ նախագահ Մակրոնը մի քանի օր առաջ բավականին պաթետիկ ճառ էր արսել Շերբուրում՝ Ֆրանսիայի զինվորականների առաջ: Անկասկած է, որ Հայաստանի քաղաքական սուբյեկտության սեղմմանը միտված թուրք-ադրբեջանական պահանջների ամբողջությունը, այդ թվում հատկապես սահմանադրա-իրավական բնույթի պահանջների, ունի նաեւ հենց Կովկասի հանդեպ Ֆրանսիայի հավակնությունները չեզոքացնելու, արգելակելու նպատակ: Ի վերջո, Ֆրանսիան իր քաղաքականության հենակետ դիտում է Հայաստանը, անկասկած:
Ըստ այդմ, այդ հենակետի կենսունակությունը պայմանավորված է դրա սուբյեկտային ներուժի պահպանությամբ, առավել եւս, որ այդ ներուժը չունի միջազգային լեգիտիմության խնդիրը, այլապես կստացվի, որ Ֆրանսիան, ԱՄն ու Ռուսաստանը մոտ երեսուն տարի զբաղվել են միջազգային ապալեգիտիմ աշխատանքով, իսկ Ֆրանսիայի խորհրդարանը՝ իր բանաձեւերով„ու որոշակի իմաստով նաեւ գործադիրը՝ իր հայտարարություններով, դրանով է զբաղվում առ այսօր: Մինչդեռ, այդտեղ իհարկե չկա ապալեգիտիմության խնդիր, ավելին, Ադրբեջանն է Հայաստանի հանդեպ պահանջներով՝ Թուրքիայի անթաքույց աջակցությամբ, ձգտում ստեղծել հենց Ֆրանսիայի քաղաքականության զգալի «ապալեգետիմացման» միջավայր:
Համենայն դեպս, իրերի դասավորությունը թերեւս հենց այդ է, եթե Հայաստանի հանդեպ Փարիզի քաղաքականությունն ու շեշտադրումները համարժեք են խորքային քաղաքական գնահատականներին ու նպատակադրումների, որոնք կարող են արժանանալ ռեգիոնում համարժեք հետաքրքրություններ ունեցող այլ խաղացողների ուշադրությանն ու երկարաժամկետ արձագանքին, այլ ոչ թե պարունակում են ընդամենը «հպանցիկ գրավչություն», ինչը երկարաժամկետ իմաստով առավել համահունչ է այն նպատակներին, որոնցից Հայաստանը պաշտպանելու հաստատակամության մասին խոսում է Ֆրանսիան:
Հոդվսծը՝ 1in.am կայքից։
