Անոնսավորել, որ հայկական կողմից «սադրանքներ լինելու են» եւ սպառնալիքներ հնչեցնել՝ նշանակում է, որ Բաքուն սահմանային իրավիճակը լարելու ծրագիր ունի, որի քաղաքական նպատակներից գլխավորը, թերեւս, Եվրամիության դիտորդական առաքելության հեղինակազրկումը եւ հնարավորինս ապալեգիտիմացումն է այն իմաստով, ինչ ասում է Ալիեւը՝ «ոչ ոք Հայաստանին օգնել չի կարող»։
Վահրամ Աթանեսյան
Նախագահական ընտրությունների փուլում Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ մի քանի ամիս է՝ հայ-ադրբեջանական սահմանին փաստացի խաղաղություն է: Փետրվարի 12-ին այն խախտվեց: Բաքուն հայտարարեց, որ Ներքին Հանդի ուղղությամբ հայկական դիրքերից արձակված կրակոցից սահմանապահ զորքերի զինծառայող է վիրավորվել: Միջադեպի վերաբերյալ Հայաստանի ՊՆ Ռազմական ոստիկանության հաղորդագրությունը, մեղմ ասած, ենթատեքստային էր: Այսօր Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատարությունը հայտարարել է «վրեժխնդրության գործողություն» իրականացնելու մասին:
Հայկական կողմը փաստացի խոստանում էր հետաքննություն իրականացնել, պարզել հանգամանքները եւ, եթե հաստատվեր, որ կրակ բացել-չբացելու հրամանի խախտում է եղել, մեղավորներին պատասխանատվության ենթարկել: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ադրբեջանցի «վիրավոր զինծառայողի» կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանական կողմի «պատասխանն» այսպիսով անհամաչափ է եւ ուղղված է իրավիճակի սրացմանը: Չարագուշակ է «վերժխնդրության գործողություն» անվանումը:
Այդ ձեւակերպումն Ադրբեջանը գործածության է դրել 2022թ. օգոստոսի 3-ին, երբ Լեռնային Ղարաբաղում «փոխվում էր Լաչինի միջանցքի երթուղին»: Ըստ էության, դա խնդիրն ռազմական ճանապարհով լուծելու քաղաքական որոշման անոնս էր, որից հետո իրավիճակը դուրս եկավ կառավարելիությունից: Ներքին Հանդի հատվածում սրացումը հաջորդեց Բաքվում Եվրամիության դեսպանին ԱԳՆ հարավիրելուն: Այդ մասին ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը հայ-ադրբեջանական սահմանն անվանում է ԵՄ առաքելության դիտարկման գոտի:
Ստացվում է, որ Ալիեւը հիշեցնում է ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում խնդիրներն ուժով եւ ուժի կիրառման սպառնալիքով կարգավորելու նախադեպը եւ հասկացնում, որ Հայաստանի հետ սահմանին ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը «փաստացի խաղաղության» գործնական երաշխիք չէ: Դա նրա տրամաչափի՞ որոշում է: Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատարության հայտարարությունը հավաստիացնում է, որ «հայկական կողմի սադրանքներն այսուհետեւ ավելի խիստ պատասխան կստանան»:
Անոնսավորել, որ հայկական կողմից «սադրանքներ լինելու են» եւ սպառնալիքներ հնչեցնել՝ նշանակում է, որ Բաքուն սահմանային իրավիճակը լարելու ծրագիր ունի, որի քաղաքական նպատակներից գլխավորը, թերեւս, Եվրամիության դիտորդական առաքելության հեղինակազրկումը եւ հնարավորինս ապալեգիտիմացումն է այն իմաստով, ինչ ասում է Ալիեւը՝ «ոչ ոք Հայաստանին օգնել չի կարող»: Ավելին, նա բազմիցս է հայտարարել, որ եվրոպական դիտորդները չեն նպաստում իրավիճակի կայունացմանը, ընդհակառակը՝ «հավելյալ բարդություններ են ստեղծում»:
Ալիեւն ի՞նք է խախտել «փաստացի խաղաղությունը»: Հայաստանի պատկան մարմիններն այդպես էլ չպարզաբանեցին, թե ով է Ադրբեջանի տարածք անցած Չեխիայի քաղաքացին, ինչպե՞ս է շրջանցել պաշտպանական գիծը, իրակա՞ն է Բաքվի տարածած տեղեկատվությունը եւ այլն: Եւ ինչու՞ են իշխող քաղաքական ուժի որոշ ներկայացուցիչներ Հայաստանի «սպառազինման» թեմայով ոչ կոմպետենտ հայտարարություններ անում՝ միաժամանակ սլաքներ ուղղելով Մոսկվայի դեմ, իսկ Իրանի առումով ստեղծում դիվանագիտական «անհարմարություններ»:
Հոդվածը՝ 1in.am կայքից։