Հավասարության այդ քաղաքականության շարունակությունը ոչ միայն որեւէ կերպ չի նպաստելու Հարավային Կովկասում հավասարակշռված խաղաղության հաստատմանը, այլ շարունակելու է կամա, թե ակամա ջուր լցնել Ադրբեջանի ռազմատենչության ջրաղացին, շանտաժի ջրաղացին։
Հակոբ Բադալյան
«Հավասարությունն» օգնեց Ադրբեջանին, կամ Ադրբեջանի միջոցով քայքայել կովկասյան անվտանգության համակարգը
«Ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները: Կայուն խաղաղության միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջն է: Հրադադարի ցանկացած խախտում պետք է հետաքննվի և պատշաճ կերպով հասցեագրվի», հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, անդրադառնալով Ներքին Հանդի ուղղությամբ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքին, որի հետեւանքով հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ: Իհարկե «ադրբեջանական սադրանքը» Միլլերի գնահատականը չէ, գնահատականը «հավասարությունն» է, որ արդեն ավելի քան տասը տարի ուղեկցում է Ադրբեջանի ռազմական դիվանագիտության, շանտաժի քաղաքականության ծավալմանը:
Ավելի քան տասը տարի այդ հավասարության նշանով ըստ էության խրախուսվել է Ադրբեջանի այդ քաղաքականությունը Մոսկվայից, Վաշինգտոնից, Փարիզից, Բրյուսելից, բոլոր այն մայրաքաղաքներից, որոնք էական շահեր են հետապնդում Հարավային Կովկասում եւ այդ շահերի համատեքստում չեն ուզում որեւէ կերպ լուրջ հակադրության մեջ մտնել Ադրբեջանի եւ դրա «ավագ եղբոր»՝ Թուրքիայի հետ, որպեսզի այդ հակադրությունից չօգտվեն իրենց աշխարհաքաղաքական մրցակիցները: Դրանից էլ օգտվում է Ադրբեջանը եւ տասնամյակից ավելի շարունակում է ռազմական շանտաժի դիվանագիտությունը, նախ սողացող պատերազմի, հետո ապրիլյան, հետո 44-օրյա պատերազմների, հետո Արցախի էթնիկ զտման ու հայաթափման, ու նաեւ Հայաստանի հանդեպ շարունակվող հավակնությունների տեսքով:
Հավասարության այդ քաղաքականության շարունակությունը ոչ միայն որեւէ կերպ չի նպաստելու Հարավային Կովկասում հավասարակշռված խաղաղության հաստատմանը, այլ շարունակելու է կամա, թե ակամա ջուր լցնել Ադրբեջանի ռազմատենչության ջրաղացին, շանտաժի ջրաղացին, որի միջոցով Բաքուն փորձում է հասնել Հայաստանի հանդեպ քաղաքական թելադրանքի առավելագույնին, իսկ այդ «ձեռքբերումն» էլ հետո վերածել աշխարհաքաղաքական կենտրոնների հետ իր հարաբերության խաղաքարտի: Կովկասում հավասարակշռության, հետեւաբար կայուն եւ տեւական խաղաղության ռեժիմի հաստատման հարցում միջազգային դերակատարները կարող են արդյունավետ դերակատարում ունենալ այն դեպքում, երբ հրաժարվեն «հավասարության նշանի» քաղաքականությունից, խորքային առումով, իրական ռեժիմով հրաժարման մասին է խոսքը, այլ ոչ թե Հայաստանի հետ հարաբերության խորացման մասին ստեպ ստեպ արվող հայտարարութունների, որպիսիք օրինակ նախօրեին դարձյալ հնչել են Բրյուսելում՝ Հայաստանի ԱԳ նախարարի ու Եվրամիության անվտանգության հարցերի հանձնակատարի հանդիպմանը, հանձնակատար Բորելի շուրթերից:
Հոդվածը՝ 1in.am կայքից։