Հայաստան

Հանդիպման Գլխավոր Կետը

Ֆրանսիան չի կարող միայնակ հաղթահարել այդ հակազդեցությունը, իսկ հնարավոր շահընկեր կարող է դիտվել միայն Ռուսաստանը, որքան էլ Փարիզն այսօր արմատական տրամադրվածություններ է արտահայտում Մոսկվայի հասցեին, այդ թվում Երեւանի հետ իր հարաբերության համատեքստում:

Հակոբ Բադալյան

Մակրոնի օրակարգի մեխը Փաշինյանի հետ հանդիպմանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Փարիզում տեղի ունեցած հանդիպման մեկնարկին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը անդրադարձավ այն օրակարգին, որ պատրաստվում էր շոշափել Հայաստանի վարչապետի հետ զրույցում: Ֆրանսիայի նախագահը թվարկեց իհարկե արդիական հարցեր, որոնցից առանցքայինը սակայն թերեւս պետք է դիտարկել այն, ինչ կովկասյան մեծ խաղի մեխն է՝ հաղորդուղիների հարցը Կենտրոնական Ասիայից Եվրոպա: Ֆրանսիայի նախագահը հայտարարեց, որ ամիսներ առաջ Կենտրոնական Ասիայի երկրներ կատարած իր այցի ընթացքում խոսել է այդ հարցի կարեւորության մասին եւ այդ համատեքստում կարեւոր է համարում Հարավային Կովկասն ու ողջունում է «խաղաղության խաչմերուկի» այն գաղափարը, որ առաջ է քաշել Երեւանը:

Ըստ էության, այստեղ եթե վերանանք ձեւակերպվող վերնագրերից, պետք է արձանագրենք հետեւյալը: Եթե Ֆրանսիան չի ուզում ռազմավարական հաղորդակցության առումով կախվածություն ունենալ Ադրբեջանից, ըստ այդմ նաեւ Թոււրքիայից, ինչը նշանակելու է նաեւ Թուրքիայի ռազմավարական ուժեղացում Եվրոպայի հանդեպ ընդհանրապես, ապա Կենտրոնական Ասիայից Եվվրոպա ճանապարհի մասին խոսելիս չի կարող դիտարկել Ադրբեջան-Հայաստան-Նախիջեւան-Թուրքիա սխեման: Դա գուցե կարճ սխեման է, բայց Ֆրանսիայի համար՝ ենթակայության սխեման: Եթե Փարիզը չի համակերպվում ենթակայությանը, իսկ առնվազն դրա որոշակի նշաններ կան, ապա Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա ճանապարհը պետք է դիտարկի Միջին Ասիայով՝ դեպի Իրան եւ Հայաստան-Վրաստան-Սեւ ծով:

Հնդկաստանն ու Իրանը բավականին բաց են խոսում այս ճանապարհի մասին, սակայն բաց է մնում հարցը, թե նրանց հետ ինչ հաղորդակցության մեջ կարող է լինել Ֆրանսիան, հածշվի առնելով եւ այն միջավայրը, որ կա Իրանի շուրջ եւ ինչը առնվազն տեղեկատվա-քարոզչական տիրույթում ստեղծում է Իրանի հետ աշխատանքի պատնեշ: Հայաստանը կարող է լինել դրա հաղթահարման միջոց, դառնալով ֆրանս-իրանական քաղաքական երկխոսության հաղորդուղի: Այստեղ սակայն առաջանում է հարց, թե դրան ինչպես կվերաբերի Ռուսաստանը: Սա այն դեպքում, երբ օրինակ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ իր ելույթում Մակրոնը արեց հայտարարություններ՝ Եվրոպայում պատերազմական հանցագործությունների մասին, որոնք կարող են մեկնաբանվել Ռուսաստանի թիրախավորում:

Մակրոնն ինչպես հայտնի է այդ թեմայով խոսել է նաեւ ավելի բաց: Ամբողջ հարցն այն է, որ, եթե անգամ Հայաստանի միջոցով Ֆրանսիան կարողանա հաղորդակցվել Իրանի հետ, ապա բաց է մնում Վրաստանի հարցը: Այնտեղ Իրանը հազիվ թե լինի կենսունակ, մինչդեռ Ֆրանսիան էլ հազիվ թե կենսունակ լինի մնալով թուրք-ադրբեջանական ազդեցության դեմ միայնակ, եթե դրան հավելենք եւ այն, որ կա Բրիտանիան՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի թիկունքին: Այն Բրիտանիան, որի գաղտնի ծառայության ղեկավար Մուրի հետ Հայաստանի վարչապետը հանդիպեց օրեր առաջ՝ Մյունխենում: Լոնդոնը նախորդ տարեվերջին Եվրոպայի հարցերի նախարար Դոգերթիի շուրթերով հայտարարեց, որ ԿԱ-Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա միջանցքի ձեւավորումը իր համար ռազմավարական նպատակ է:

Բնական է, որ Ֆրանսիայի այլ երթուղի պատկերացնելու պարագայում նրան հակազդելու են Կովկասի բոլոր ուղղություններով, այդ թվում՝ Վրաստանի: Ֆրանսիան չի կարող միայնակ հաղթահարել այդ հակազդեցությունը, իսկ հնարավոր շահընկեր կարող է դիտվել միայն Ռուսաստանը, որքան էլ Փարիզն այսօր արմատական տրամադրվածություններ է արտահայտում Մոսկվայի հասցեին, այդ թվում Երեւանի հետ իր հարաբերության համատեքստում: Մյուս կողմից, քաղաքականությունը բարդ երեւույթ է, եւ հնարավոր է, որ իրողություններն այնտեղ միշտ չէ, որ ջրի մակերեւույթին արտացոլվում եւ արտահայտվում են այնպես, ինչպես ստորջրյա մակարդակում են:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *