Մոսկվան ամեն ինչ անում է, որպեսզի ԵՄ-ը կամ հավաքական արևմուտքը հարաբերությունները որքան հնարավոր է փչացնի Ադրբեջանի հետ, նրան դրդում է այնպիսի պահվածքի, որ Բաքուն, ենթարկվելով արևմուտքի պատժամիջոցներին, կողմնորոշվի դեպի Ռուսաստան։
Կայծ Մինասյան
1inTV-ը հեռավար կապով զրուցել է ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ։ Զրույցն ընթացել է Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների և համաշխարհային քաղաքականության մասին։
Քաղաքագետը նշել է, որ այսօր շատ բարդ իրավիճակ է, ընդ որում ոչ միայն Հայաստանի համար, այլևս ողջ աշխարհում և անհնար է, ինչ որ հստակ բան ասել, թե ինչ է լինելու կամ ինչպես է լինելու։ Այդ իսկ պատճառով էլ ամեն երկիր, հատկապես նրանք, ովքեր խոշոր խաղացողներ են, մի բան ասում են, բայց միաժամանակ պատրաստվում են նաև այլ սցենարների, քանի որ հիմա ոչ ոք չգիտե, թե ինչ է տեղի ունենալու։ Ո՛չ Ֆրանսիան, գիտե, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ՌԴ-ը և այդ իսկ պատճառով էլ նկատելի շփոթմունք է տիրում ամբողջ աշխարհում։
Խոսելով Հայաստան-Ֆրանսիա ռազմական համագործակցության մասին, Կայծ Մինասյանը նշեց, որ անշուշտ դա կարևոր քայլ է, բայց մենք չպետք է բավարարվենք այդքանով, չպետք է գերագնահատենք տեղի ունեցածը։ Միաժամանակ հարկավոր է հասկանալ, որ Հայաստանի հետ հարաբերությունները Ֆրանսիայի համար միակ ու ամենակարևոր կետը չեն։ Այդ հարաբերությունների հաստատումը նաև փոքր էլ չէ, աննշան չէ, բայց միաժամանակ՝ ամենակարևորը չէ։ Ֆրանսիան ունի համաշխարհային գլոբալ քաղաքականություն, որի մի մասն էլ Հայաստանի հետ հարաբերություններ են, որին միտված աշխատանքներ տեսնում ենք այսօր։ Կայծ Մինասյանը նաև նշեց, որ տարածաշրջանում բավական աշխույժ քաղաքական գործընթաց է տեղի ունենում, որին մասնակցում են նաև Պարսկաստանը և Վրաստանը։ Վրաստանը գիտե, որ իր տարածքը պետք է զենք տեղափոխելու համար, դա մենք ևս մենք պետք է հասկանանք։ Կամ Պարսկաստանը, որը Ֆրանսիայի հետ չունի այն խնդիրները, որը կան ԱՄՆ կամ մյուսների հետ, դեմ չէ մասնակից լինել ներկայումս ընթացող գործընթացներին։ Կարևոր է նաև Հնդկաստանի գործոնը։ Հնդկաստանը խնդիր չունի ո՛չ Պարսկաստանի, ոչ էլ Ռուսաստանի կամ Ֆրանսիայի հետ։ Հնդկաստանը կարող է նույնիսկ ՀՀ հետ պայմանագիր ստորագրել, նույնիսկ եթե նա ՀԱՊԿ անդամ է։
Անդրադառնալով Ադրբեջանի հետ Հայաստանի ունեցած խնդիրներն՝ քաղաքագետը նշեց, որ Մոսկվան ամեն ինչ անում է, որպեսզի ԵՄ-ը կամ հավաքական արևմուտքը հարաբերությունները որքան հնարավոր է փչացնի Ադրբեջանի հետ, նրան դրդում է այնպիսի պահվածքի, որ Բաքուն, ենթարկվելով արևմուտքի պատժամիջոցներին, կողմնորոշվի դեպի Ռուսաստան։ Այդ իսկ պատճառով էլ արևմուտքը Բաքվի հանդեպ չի փորձում իրականացնել այնպիսի ռադիկալ քայլեր, որոնք կարող են փչացնել արևմտյան քաղաքականության հիմնական ուղղությունը։ Բայց Բաքվի հանդեպ ծանր քաղաքականության բացակայությունը ինչ որ չափով փոխհատուցվում է Հայաստանին մարտական, ռազմական օգնություն ցուցաբերելով, իսկ դա չափազանց կարևոր է, քանի որ Ադրբեջանը առաջին հերթին ռազմական լեզուն է լավ հասկանում։
Քաղաքագետը խոսեց նաև Ռուսաստանի դերի մասին՝ նշելով, որ Ռուսաստանի դերը գնալով նվազում է այստեղ։ Հիմա Ռուսաստանը փորձում է տարատեսակ միջոցները իր հսկողության տակ պահել թե՛ Երևանը, թե՛ Բաքուն։ Այսօր Մոսկվան կարող է օգտագործել Բաքվին՝ իրավիճակն իր օգտին շրջելու համար, բայց գլխավոր վտանգը ՀՀ ընդդիմությունն է։ Հայաստանի իր գործակալական ցանցերը, որոնք ցանկանում են այն, ինչ Մոսկվան է ցանկանում, դրանով իսկ խանգարելով ՀՀ պետական շահերը։ Կայծ Մինասյանը բավական հետաքրքիր անդրադարձ կատարեց հայության և մասնավորապես սփյուռքի մասին՝ նշելով, որ եթե առաջ ողջ հայությանն ու հատկապես սփյուռքն միավորողը ցեղասպանության հարցն էր, ապա հիմա պետք է լինի պետությունը։ Պետությունն է միակ արժեքը, որի շուրջ պիտի կենտրոնանա համայն հայության ձեռնարկը։ Մենք պետք է հասկանանք պետության բացառիկ կարևորությունը, Չպարփակվենք հայրենիք բառերով․ հայրենքը սահմաններ չունի, որոշակի չէ, իսկ պետությունը՝ վաղա օրվա գրավականն է։
Հարցազրույցն ամբողջությամբ՝