Հայաստան

Հայաստանի Անվտանգությունն Ուժեղանում է

Թե՛ Էրդողանը, թե՛ Ալիևը մտածելու շատ բան ունեն։ Թուրքիան տնտեսական առումով այնպիսի վիճակի է հասել, որ միջազգային բանկերը նրան պատրաստ են վարկավորել ոչ պակաս քան մոտ երեսուն տոկոսով, իսկ դրանով բնակարանաշինության հարց չես լուծի։ Ինչպես նաև Ադրբեջանը, որ մոտ 120 հազար տոննա երկաթգծի ռելսեր էր պատվիրել Հնդկաստանում, հիմա հրաժարվել է այդ երկաթգծերից և պատվերը իջեցրելլ է մոտ տասն անգամ, մոտ 12 հազար տոննայի և այդ պատվերը փոխանցել է Չինաստանին։ Այն մեծ պլանները, որ ունեին Թուրքիան և Ադրբեջանը, այլևս չկան։

Արամ Սարգսյան

Ներկայացնում ենք Ազատություն ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի» հետ հաղորդումը, որի շրջանակներում Հրաչ Թամրազյանը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հետ։

Հրաչ Թամրազյանը հետաքրքրվել է, թե արդյո՞ք այն ինչ հիմա կատարվում է Հայաստանի արտաքին քաղաքական դաշտում, կարելի է համարել դեռևս Վարդան Օսկանյանի ժամանակ հայտարարված կոմպլեմենտարիզմի կամ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի իրականացում, որովհետև այն ժամանակ թեև հայտարարվեց, որ արտաքին քաղաքականությունը պիտի հավասարակշռվի Ռուսաստան-Արևմուտք աշխարհի միջև, բայց Հայաստանի արտաքին քաղաքականությունը ամբողջովին պատանդառված էր Մոսկվայի կողմից։ Արամ Սարգսյանը պատասխանեց, որ ներկայումս այն ինչ կատարվում է, լրիվ այլ որակ ու մասշտաբներ ունի, քան այն ինչ հայտարարվել էր Սերժ Սարգսյանի ժամանակ, երբ հայտարարվեց «և՛, և՛»-ի քաղաքականություն, բայց չարվեց ոչ մի բան։ Ներկայումս մենք տեսնում ենք, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը բավական աշխույժ ու բազմաբևեռ է, ընդ որում այդ քաղաքականությունը նաև իր արդյունքներն ու պտուղներն է տալիս։ Դրա հետևանքներից է, այն, որ Հայաստանն ըստ էության կասեցրել է իր գործունեությունը ՀԱՊԿ-ում և ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում մնացել է բացառապես տնտեսական հիմքերով, քանի որ անվտանգության առումով ՀԱՊԿ-ը երբեք էլ գործոն չի եղել։ Արամ Սարգսյանը հիշատակեց վերջին շրջանում Լարսի դեպքերը, երբ այն անհասկանալի պատճառով փակվել էր և հայկական կողմը, իր համոզմամբ, սպառնացել է, որ դուրս կգա ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից և միանգամից Լարսը բացվել է։ Եվ եթե Լարսը չբացվեր, ապա ի՞նչ իմաստ ունի առհասարակ ՀԱՊԿ ու ԵԱՏՄ-ում մնալ, եթե, դրանք, լինելով ռազմական ու տնտեսական բլոկներ, չեն աշխատում։

Արամ Սարգսյանը բավական հետաքրքիր վերլուծություն կատարեց Էրդողանի և Ալիևի պահվածքի մասին, թե ինչպես վերջիններիս հռետորաբանությունը կտրուկ փոխվեց Մյունխենի հանդիպումից հետո։ Այնտեղ Ալիևին բոլորը շատ լավ հասկացրել են, որ որևէ ռազմական միջամտություն չեն հանդուրժի, դրանից առաջ էլ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ երբեք չի ճանաչի Սյունիքի միջանցքը, և արդեն էրդողանն ինքն է խորհուրդ տալիս Ալիևին, որ ամեն ինչ խաղաղ վիճակում մնա։ Թե՛ Էրդողանը, թե՛ Ալիևը մտածելու շատ բան ունեն։ Թուրքիան տնտեսական առումով այնպիսի վիճակի է հասել, որ միջազգային բանկերը նրան պատրաստ են վարկավորել ոչ պակաս քան մոտ երեսուն տոկոսով, իսկ դրանով բնակարանաշինության հարց չես լուծի։ Ինչպես նաև Ադրբեջանը, որ մոտ 120 հազար տոննա երկաթգծի ռելսեր էր պատվիրել Հնդկաստանում, հիմա հրաժարվել է այդ երկաթգծերից և պատվերը իջեցերլ է մոտ տասն անգամ, մոտ 12 հազար տոննայի և այդ պատվերը փոխանցել է Չինաստանին։ Այն մեծ պլանները, որ ունեին Թուրքիան և Ադրբեջանը, այլևս չկան։ Ընդ որում Ալիևը նաև Սյունիքի միջանցքի հարցով է կաշկանդված։ Եթե նա ուժով վերցրեց այդ միջանցք, ապա, ըստ նոյեմբերի 9-ի պայմանագրի, պիտի տա ռուսներին և դրա համար ենթարկվի տարատեսակ սանկցիաների, իսկ ռուսները այդ միջանցքը ցանկանում են ստանալ կա՛մ ադրբեջանցիների միջոցով, կամ Հայաստանում իշխանափոխություն անելու։ Ինչպես հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, Պուտինը մի քանի ամիս առաջ բացահայտ իշխանափոխության կոչեր էր արել Հայաստանում։ Արամ Սարգսյանի կարծիքով նրանց ուզածն այն է, որ ադրբեջանցիների պարբերաբար կրակոցների միջոցով Հայաստանում հասնեն իշխանափոխության, բերեն ռուսներին լոյալ դեմքերի, որոնք կասեն, որ արդեն ամեն ինչ ստորագրված վերջացած է ու կտան միջանցքը։ Եվ հենց այս պարագայում է, որ ռազմական դաշինքը Հնդկաստանի ու Ֆրանսիայի հետ կարող է ուժեղացնել Հայաստանի անվտանգությունը և դրանից անպայման պետք է օգտվել։ Չինաստանն էլ իր հերթին մի քանի ամիս առաջ ասել էր, որ իրենց ավելի հարմար է, որ իրենց «մեկ ուղի» ճանապարհն անցնի Հայաստանով։ Եվ դրա համար է Մոսկվան այդպես ջղաձգվում, որովհետև նրա ազդեցությունը գնալով քչանում է, իսկ Հայաստանի ապագան ժողովրդավարական պետությունների հետ է, ոչ թե Ադրբեջանի ու Ռուսաստանի։ Արամ Սարգսյանը նաև ասաց, որ Պարսկաստանը համաձայն է Ֆրանսիայի ներկայության հետ։ Ֆրանսիան միակն է, որ խնդիր չունի Պարսկաստանի հետ։ Պարսկաստանի հետ խնդիր չունի նաև Հնդկաստանը ու այս ամբողջ ներուժի ճիշտ կիրառումը կնպաստի, որ Հայաստանի դիրքերն ավելի ուժեղանան։

Արամ Սարգսյանը նաև անդրադարձավ «Հանրապետութուն» կուսակցության անելիքներին առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Մեր ժողովուրդը պիտի ընտրել սովորի, ոչ թե համաձայնվի պարտադրանքի հետ, ընդ որում ընտրի ոչ թե մարդկանց, այլ գաղափարների։ Նախորդ ընտրություններում սկզբունքը ընդդեմն էր ոչ թե հանունը և ընտրություն կատարվել է ընդդեմ ռուսական գծի ու այդ գիծը պաշտպանող, խորացնող ուժերի։ Առաջիկայում, «Հանրապետություն» կուսակցությունը ամեն ինչ կանի, որպեսզի արևմտամետ դիրքորոշում ունեցող անհատներն ու գործիչները ներգրաված լինեն ընտրություններում։ Ներկայիս իրավիճակը հաշվի առնելով դժվար է կարծել, թե որևէ ուժ 50+1 ձայներ կունենա, ուստի բոլոր ուժերը ստիպված կլինեն կոալիցիաներ կազմել։ Անձամբ ինքը համոզված է, որ եթե իշխանություն էլ չունենան, ապա խորհրդարանում արևմտամետ ուժերի ներկայություն հաստատ լինելու է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

https://www.facebook.com/watch/live/?ref=watch_permalink&v=253858897768099

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *