Հայաստան

Փաշինյանը Փոխում Է Կանոնները

Կասկածից վեր է, որ այդ նվիրատվության շնորհիվ է պետական կարգավորող մարմինը տվել վաճառքի գործարքի հավանությունը: Այդպիսով, բջջային օպերատորը երրորդ ընկերությունն է, որում բաժնեմաս կունենա կառավարությունը՝ Զանգեզուրի կոմբինատ, Ամուլսար, եւ այժմ նոր սեփականատերով ՄՏՍ ընկերություն։

Հակոբ Բադալյան

Նիկոլ Փաշինյանը փոխում է խաղի կանոնները

«Մենք կորոշենք՝ որոնք են այդ ոլորտները, որ եթե X պահին չգնացին բաց բաժնետիրացման, ուրեմն ուրիշ հարկեր պետք է տան, պետք է ասենք՝ ուրեմն ձեզ համար շահութահարկը էսքան ա, եկամտային հարկը էսքան ա, ավելացված արժեքի հարկը էսքան ա, լիցեզնաիյի վճարը էսքան ա: Երկրաժամկետ հեռանկարում էլ պետք է ընդհանրապես բացառենք այդպիսի ընկերությունների գոյությունը շուկայում: Ի՞նչ է նշանակումմեր բոլորի հեռախոսի համարները, անձնական տվյալները վերցնեն ու գնան, դռները փակեն, ասեն հո՛պ, հանկարծ ոչ մեկդ մոտ չգաք։

Չի՛ կարող նման բան լինի։ Ես ուղիղ հեռահաղորդակցման մեր ոլորտին այդ ուղերձը հղում եմ», կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ հայտարարությունը հնչել է Հայաստանի բջջային օպերատորներից մեկի՝ ՄՏՍ Արմենիայի վաճառքի եւ դրա արդյունքում նաեւ ընկերության 20 տոկոս բաժնեմասը կառավարությանը փոխանցելու հարցի համատեքստում: Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ընկերությունը վաճառվում է, փոխվում է 100 տոկոսի սեփականատերը եւ նոր սեփականատերերը «բարի կամքի» դրսեւորումով պետությանն են նվիրում 20 տոկոս բաժնեմասը:

Կասկածից վեր է, որ այդ նվիրատվության շնորհիվ է պետական կարգավորող մարմինը տվել վաճառքի գործարքի հավանությունը: Այդպիսով, բջջային օպերատորը երրորդ ընկերությունն է, որում բաժնեմաս կունենա կառավարությունը՝ Զանգեզուրի կոմբինատ, Ամուլսար, եւ այժմ նոր սեփականատերով ՄՏՍ ընկերություն: Բայց, ըստ ամենայնի դա ոչ միայն վերջը չէ, այլ սկիզբն է, դատելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների տրամաբանությունից: Նա ասում է, որ, եթե որոշակի ոլորտների ընկերություններ չդառնան բաց բաժնետիրական, ապա կգործեն այլ հարկային ռեժիմում:

Բնականաբար, ենթադրվում է, որ այլ հարկային ռեժիմը ավելի խիստ հարկային ռեժիմն է: Ըստ ամենայնի, բաց բաժնետիրական ընկերություն չդառնալու «այլընտրանք» կլինի պարզապես սեփական բաժնեմասից կառավարությանը մասհանելը: Փաշինյանի հայտարարությունների տողատակում թերեւս խաղի այդ կանոնն է: Որովհետեւ,, փաստարկը, որ բաց բաժնետիրական ընկերությունն ավելի բաց եւ հասանելի է, քան փակը, ըստ էության խիստ թույլ է: Ի վերջո, մասնավոր ընկերությունները հասանելի են պետական օրենսդրության շրջանակում եւ պետությունը, եթե օֆշոր չէ, լիովին իրավասու է մասնավոր տնտեսվարողին կառավարել սահմանված օրենսդրական նորմերով:

Նիկոլ Փաշինյանը կամ նրա խորհրդատուները չգիտե՞ն այդ մասին: Հաստատ գիտեն, հետեւաբար խնդիրը խաղի կանոնի փոփոխությունն է եւ Հայաստանը փաստորեն դաշտ է բերում որոշակիորեն արտառոց կանոն՝ մասնավոր բիզնեսում պետական բաժնեմասի «մշակույթի» ներդնում: Սրա հնարավոր հետեւանքների, ռիսկերի, միաժամանակ հնարավոր դրական էֆեկտի հեռանկարներին կանդրադառնամ առաջիկայում:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *