Ստացվում է, որ Մոսկվան արգելափակոց է դնում նաեւ «բեռլինյան հարթակի» ճանապարհին եւ դարձյալ՝ Իլհամ Ալիեւի ձեռքով, ինչից, սակայն, վերջինս փորձում է հնարավոր դիվիդենտներ քաղել։
Վահրամ Աթանեսյան
Բաքվում հասկացել են Պուտինի «բարեւագիրը»
Ե՞րբ են ռուսաստանյան հատուկ ծառայությունները գաղտնալսել գերմանացի բարձրաստիճան զինվորականների հեռախոսային խորհդակցությունը, որի ընթացքում քննարկվել է Ղրիմի կամրջին հեռահար հրթիռներով հարվածներ հասցնելու հետ կապված տեխնիկական հարցեր՝ հայտնի չէ: Ստույգ է, որ կրեմլյան հայտնի քարոզիչ Մարգարիտա Սիմոնյանն այն հրապարակել է Մյունխենի անվտանգության խորհրդաժողովից հետո, որտեղ Գերմանիայի կանցլերի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպում, գոնե առերեւույթ ձեռք բերվել բանակցությունները շարունակելու համաձայնություն:
Բաքվի իշխանամերձ լրատվամիջոցը, կարծես, արձանագրային բնույթի մեջբերումներ է արել Իլհամ Ալիեւի եւ Գերմանիայի գործարար շրջանակների ներկայացուցիչների հանդիպումից: Ըստ այդմ, Ադրբեջանի նախագահը բաց տեքստով ասել է, որ ԵԽԽՎ-ում Միլլի մեջլիսի պատվիրակության մանդատը մեկ տարով սահմանափակելու նախաձեռնությունը Գերմանիայի իշխանություններինն է, հակառակ դեպքում բանաձեւի հեղինակ չէր հանդիսանա իշխող կոալիցիայում կանցլեր Շոլցի կուսակցությունը ներկայացնող՝ Բունդեսթագի պատգամավորը:
Ալիեւն Ադրբեջանի նկատմամբ սահմանափակումը գնահատել է ԵԽԽՎ անդամ ոչ քրիստոնյա երկրի դեմ «խտրականության» դրսեւորում եւ ավելացրել, որ միտումը պահպանվելու պարագայում այլ ընտրություն, քան «ապավինել իսլամին» չի մնում: Երկրորդ էական միտքը, որ նա հնչեցրել է, վերաբերում է տարածքային ամբողջականության հարցում «տարընկալումներին»: Երբ խոսքը վերաբերում է Ուկրաինային, ապա Եվրոպան ոչ մի խոսքով, այլեւ սպառազինություններով օժանդակում է, բայց երբ Ադրբեջանն է «վերականգնում իր տարածքային ամբողջականությունը, ապա ենթարկվում է քննադատության, երկակի ստանդարտների քաղաքականության թիրախ դառնում»- ասել է Ալիեւը:
Փաստացի նա մերժել է Ադրբեջանում գերմանական կապիտալի ներգրավման առաջարկությունը, քանի որ սահմանել է «նախապայմանների» այնպիսի նշաձող, որ Գերմանիան ցանկության դեպքում իսկ հաղթահարել չի կարող, որովհետեւ նման հարցերում հիմք է ընդունվում Եվրամիության ընդհանուր ուղեգիծը: Ալիեւը հազիվ թե դա չգիտի կամ չի հասկանում: Գերմանացի գործարարների հետ հանդիպմանը նրա պահվածքը եւ կազմակերպված տեղեկատվական արտահոսքի տոնայնությունը վկայում է, որ Ալիեւը ճիշտ եւ ժամանակին է ըմբռնել Մարգարիտա Սիմոնյանի միջոցով իրեն հղած Պուտինի «բարեւագիրը»:
Բացահայտել, որ Գերմանիայի Զինված ուժերի բարձրաստիճան սպաները քնանրկել են Ղրիմի կամուրջը ոչնչացնելու հարցը, ի դեպ՝ գերմանական կողմը հաստատել է հեռախոսազրույցի իսկությունը, նշանակում է հայտարարել, որ Գերմանին Ռուսաստանի թշնամին է: Հայ-ադրբեջանական բանակցություններին Ֆրանսիայի միջնորդությունն Ալիեւը պատճառաբանել է Ելիսեյան պալատի «միանշանակ հայամետ դիրքորոշմամբ»: Բայց Ռուսաստանի համար սկզբունքայինը ոչ թե Ֆրանսիայի եւ Գերմանիայի կամ մեկ այլ եվրոպական երկրի միջեւ Ալիեւի ազատ ընտրությունն է, այլ՝ որ կարգավորումը «կարող է տեղի ունենալ միայն ռուս-հայ-ադրբեջանական՝ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների հիմքով»-ինչը եւս մեկ անգամ ՌԴ արտգործնախարար Լավրովը հնչեցրեց Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում:
Ստացվում է, որ Մոսկվան արգելափակոց է դնում նաեւ «բեռլինյան հարթակի» ճանապարհին եւ դարձյալ՝ Իլհամ Ալիեւի ձեռքով, ինչից, սակայն, վերջինս փորձում է հնարավոր դիվիդենտներ քաղել. եթե Գերմանիան եւ Եվրամիությունը ճանաչեն սեպտեմբերի 19-ից հետո ձեւավորված «տարածաշրջանային նոր իրողությունները» եւ քաղաքական խոչընդոտներ չստեղծեն, ապա Ալիեւը խոստանում է «կանաչ լույս վառել» Ադրբեջանում եվրոպական տնտեսա-կոմունիկացիոն նախագծերի առաջ: Ըստ երեւույթին, ռուս-ադրբեջանական բավական բարդ երկխոսություն է ընթանում: Ռուսաստանցի որոշ փորձագետներ ակնարկում են, որ Էրդողանը, թեեւ խոստացել էր, բայց Ադրբեջանը «չի հանձնում Ռուսաստանին»:
Հոդվածը՝ 1in.am կայքից։