Հայաստան

Երեկվա Մասին՝ Վաղվան

Չէր գնվում-չէր վաճառվում, չէր վախենում ու ուներ սեփական կարծիք: Երկրում ու երկրից դուրս: Վազգենը շանթարգել էր Հայաստանի Հանրապետության համար ու քանի նա կար, Հայաստանի հետ խաղեր տալ հնարավոր չէր: Ու նրա ներկայությամբ գեներալը գեներալ էր, զինվորը՝ զինվոր, պաշտոնյան՝ պաշտոնյա: Պետությունը՝ պետություն:

Անահիտ Ադամյան

Ես նորից ավելի շատ չգրեցի, քան գրեցի: Ամենազարմանալին, որ գրելիս հասկացա, որ ես Վազգեն Սարգսյանին… չեմ հասկացել: Չեմ հասկացել իր խորքով ու էությամբ, որովհետև երբ կարդում էի իր գրականությունը, այնպիսի գլխապտույտ խորքեր բացվեցին՝ սիմվոլիկայի ու իրականության այնպիսի շերտեր, որ շունչս կտրվում էր, երբ ուզում էի հասկանալ՝ էս ու՛ր գնաց, էս ու՛ր բերեց, էս ի՛նչ արեց, ի՛նչ ՊԱՏՎԱՆԴԱՆ դրեց մեր կյանքի հիմքերի համար, կյանքի, որ ապրում ենք ու կյանքի, որ պիտի ապրեինք, բայց մենք մենք չեղանք:
Մենք երբեք Վազգեն Սարգսյան պետական, քաղաքական, ռազմական գործչին ու գրողին չենք հասկանա իր ողջ խորությամբ ու էությամբ, անգամ սրտով մտածելով, ինչպես ինքը: 20-րդ դարում ինքն էր ՙխանգարում՚՝ այնքան շատ էր, այնքան տիրական ու այնքան հզոր: 21-րդ դարի առաջին երկու տասնամյակում պարզապես արգելված էր, տաբու էր դրված նրա անվան ու գործի վրա: Հիմա՞:
Իսկ հիմա ո՞վ է հիշում, որ Վազգենը հավաքեց 1000-ից ավելի ջոկատներին ու տարածաշրջանի ամենամարտունակ բանակը դարձրեց միակ կայացած արժեքը: Ո՞վ է հիշում, որ Վազգենը պատերազմի ընթացք փոխեց մահապարտների կոչով: Բացեց ու պահեց Լաչինի միջանցքը: 1996-ին իսկապես կանխեց քաղաքացիական պատերազմը երկրում: 1998-ին թույլ չտվեց տարածքների հանձնմամբ Ղարաբաղի խնդրի փուլային լուծումը: 1999-ին Մեղրին պահեց: Ու՝ սպանվեց, որովհետև Հայաստանը նրա վարչապետության օրոք դառնում էր տարածաշրջանի ամենահզոր երկիրը ԱՄՆ-ի, ԵՄ-ի միանշանակ աջակցությամբ: Ո՞վ է հիշում, որ Վազգենը 1999-ի մայիսից հոկտեմբեր երկիրը պահեց ու սկսել էր պարտքերը փակել առանց մեկ լումա պարտք վերցնելու: Որ մեկ ամսում ծայրից ծայր գույքագրել էր Հայաստանի ամբողջ տնտեսությունը ու քաղաքական որոշումով վերագործարկեց ՙԿանազը՚, կասեցրեց ՀԷՑ-ի սեփականաշնորհումը, որ հոկտեմբերի 22-ի վերջին հեռուստաելույթի թեման կոռուպցիայի դեմ պայքարն էր: Որ… Հարյուրավոր ՙոր՚-եր, որ մեր պետության ու մեր պատմությունն են: Ու այդ պատմությունը իմանալն ու արժևորելը Վազգենին բոլորովին պետք չէ նա հայրենիքին տվեց ամեն ինչ ու կյանքն էլ հետը, իսկ մե՞նք…
Որևէ մեկի մտքով անցե՞լ է, որ դեռ ՀՀ անկախությունից առաջ, 88-ից սկսած Վազգենը սուսուփուս արել է այն գործը, որ եղել է առաջին ամենաանհրաժեշտը՝ սկսած ինքնապաշտպանությունից՝ մինչև բանակ ստեղծելը, մահապարտների կոչից մինչև հրադադար, սկսած տնտեսությունը աշխատեցնելուց մինչև Ղարաբաղի հարցը: Ու այնպես չէ, որ ամեն ինչ իր սրտով է եղել, այնպես չէ, որ ամեն ինչ հենց ինքն է արել, բայց ստիպված է եղել հանձն առնել, որովհետև ուրիշ մեկը պարզապես չկար: Ուրիշ ո՞վ, եթե ոչ ինքը: Ո՞վ իրավունք ուներ, ո՞վ կարող էր ՙոչ՚ ասել: Եվ ո՞վ կարող էր իրեն ՙոչ՚ ասել: Որ Վազգենի ներկայությամբ ձգվում էին բոլորը, կժխտեն միայն նրանք, որ ստում են առանց աչք թարթելու: Պաշտպանության նախարարը նրա դեպքում միայն բանակի հարցերով զբաղվողը չէր, միայն այն մարդը չէր, որ ամեն գարուն ու աշուն տնից-տեղից կտրում ու բանակ էր տանում 18 տարեկաններին, որ անձնական ու պաշտոնական կապերով բանակ էր զինում, պաշտպանության նախարարը նրա դեպքում սահման էր, որ հնարավոր չէր ատոմային ռումբ գցելով էլ անցնել: Չէր գնվում-չէր վաճառվում, չէր վախենում ու ուներ սեփական կարծիք: Երկրում ու երկրից դուրս: Վազգենը շանթարգել էր Հայաստանի Հանրապետության համար ու քանի նա կար, Հայաստանի հետ խաղեր տալ հնարավոր չէր: Ու նրա ներկայությամբ գեներալը գեներալ էր, զինվորը՝ զինվոր, պաշտոնյան՝ պաշտոնյա: Պետությունը՝ պետություն: Հետո տեսակ փոխվեց: Մտածողության ու գործողության: Հոկտեմբերի 27-ով տեսակի վերացման խնդիր էր լուծվում: Պետական մտածողության: Ինքնիշխանության: Տնտեսության զարգացման: Արտաքին քաղաքականության: Ու բոլոր նրանք, որ փորձում են համոզել, թե չի եղել Մեղրիի տարբերակ, կամ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը կողմ են եղել, իրենց չե՞ն հարցնում, ինչու՞ նրանք սպանվեցին, ինչու՞ տարածաշրջանում իրավիճակ փոխվեց, ինչու՞ Հայաստանը խրվեց շինարարության ու սպասարկման ոլորտի մեջ, հերթով փակելով արդյունաբերական այն ձեռնարկությունները. որ բացել ու գործարկում էին Վազգեն ու Արամ Սարգսյանները: Ինչպե՞ս Հայաստանը Ռուսաստանին սկսեց հանձնել ոչ միայն գույքը պարտքի դիմաց, այլև հանքահումքային ռեսուրսները՝ ընդերքը, ՀԷՑ-երը, Իրանի հետ գազատարը, երկաթուղին ու այն ամենը, ինչ ռազմավարական որևէ կարևորություն ունի Հայաստանի ինքնուրույն տնտեսավարումը ու արտաքին քաղաքական խնդիրները լուծելը կանխելու համար: Մեղավո՞ր էր Վազգեն Սարգսյանը այս ամենի համար: Իհարկե: Որ՝ սպանվեց: Որ՝ հավատաց իրեն հավատարմության երդում տվողներին: Որ կարծում էր՝ բոլորն էլ ուզում են Հայաստանի զարգացումը ու աշխարհը իր սրտի չափ գիտեր:

Գրառումը՝ Անահիտ Ադամյանի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *