Հայաստան

Կրոկուսից Բաքու

Ալիեւի համար, երեւում է, չափազանց դժվար է մի կողմից «ահաբեկչության դեմ պայքարում» լինել Ռուսաստանի դաշնակիցը, մյուս կողմից՝ ապահովագրվե Ռուսաստանի «ռազմավարական թշնամիների հավանական թիրախավորումից»։

Վահրամ Աթանեսյան

«Կրոկուսից»՝ Բաքվի նավթավերամշակման գործարան

Ադրբեջանում նույնպես ահաբեկչություններ եղել են՝ Բաքվի մետրոպոլիտենում պայթյուն, Նավթային ակադեմիայում գնդակահարություն եւ այլն: Բարդ իրավիճակում արագ արձագանքը կարող է մարդկանց կյանքը եւ առողջությունը փրկել: Մենք տեսնում ենք՝ ինչպես է ԱԻՆ-ը մոտրոպոլիտենից արտակարգ իրավիճակի դեպքում քաղաքացիների տարհանման վարժանքներ իրականացնում, բայց մեզ հայտնի չէ, թե այդ ուղղությամբ ինչ աշխատանքներ են տանում ուժային գերատեսչությունները,- Միլլի մեջլիսի նիստում ասել է պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիեւ, որ նախագահի արտահերթ ընտրություններում Իլհամ Ալիեւի ֆորմալ մրցակիցներից մեկն էր:

Ադրբեջանի խորհրդարանն այսօր «Արտակարգ դրության ռեժիմի մասին» օրենքի կատարումն ապահովող ակտերի փաթեթ է քննարկել: Մանրամասնությունները հայտնի չեն: Հասանգուլիեւը սուր քննադատության է ենթարկել պատկան մարմիններին, որ Բաքվի եւ ոչ մի առողջապահական հաստատություն ուղղաթիռի վայրէջքի հարթակ չունի, մինչդեռ տուժածների կյանքը փրկելու ամենահուսալի միջոցը սանիտարական ավիացիան է: Պատգամավորն առաջարկել է խորհրդարանի հատուկ փակ նիստ հրավիրել եւ լսել ՆԳՆ, Պետական անվտանգության ծառայության, ԱԻՆ պատասխանատուներին, թե արտակարգ իրավիճակները կանխելու ուղղությամբ ինչ են անում եւ ինչպես են պատրաստվում փրկել քաղաքացիների կյանքը «բարդ իրավիճակում»:

Պատգամավորի ամենաուշագրավ հայտարարությունը, թերեւս, Բաքվից նավթավերամշակման գործարանը հեռացնելու անհրաժեշտության մասին ասվածն է: «Այդ ձեռնարկությունում ցանկացած պատահար մեծ սպառնալիք է քաղաքացիների կյանքի համար»- ասել է Հասանգուլիեւը: Նա, իհարկե, ծայրահեղ զգուշավորություն է ցուցաբերել եւ հավանական վտանգը վերագրել «տեխնոգեն պատահարին»: Հատնի է, սակայն, որ ռուս-ուկրաինական պատերազմի ներկա փուլում կողմերը հեռահար հարվածներ են հասցնում միմյանց էներգետիկ ենթակառուցվածքներին:

Միջազգային մամուլում տեղեկություն կա, որ Ռուսաստանի նավթավերամշակման ձեռնարկությունների «շուրջ քառասուն տոկոսը կամ լիովին ոչնչացված է, կամ տեւական վերանորոգման կարիք ունի»: Ըստ այդմ, ռուսաստանյան որոշ ընկերություններ, այդ թվում՝ «Լուկօյլը» փորձում են վառելքի պակասը լրացնել Բելառուսիայից ներկրումների հաշվին: Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը քննարկում են «ռուսաստանյան նավթահումքն ադրբեջանական նավթավերամշակման գործարաններ առաքելու հնարավորությունը»: Խորհրդային շրջանից գործում է Բաքու-Նովոռոսիյս խողավակաշարը, որ կարող է ռուսաստանյան նավթը հասցնել, դիցուք, Բաքվի նավթավերամշակման գործարան, որտեղից էլ բենզինը եւ դիզվառելիքը երկաթուղով կամ լցանավերով կտեղափոխվեն Ռուսաստան:

«Արտակարգ դրության ռեժիմի մասին» օրենքի ապահովման շուրջ քննարկումներում Հասանգուլիեւն ինչու՞ է հիշատակել Բաքվի նավթավերամշակման գործարանի վտանգավորությունը: Եթե խոսքը տվյալ ձեռնարկությունը Բաքվից այլ վայր տեղափոխելու մասին է, ապա դրա համար տարիներ կպահանջվեն: Ըստ երեւույթին, նրա մտահոգությունն այլ ենթատեքստ ունի: Օրերս մամուլը գրել էր, որ Ադրբեջանը «հրետանային արկեր է մատակարարում Ուկրաինային»: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան այդ լուրը «ֆեյք» է որակել, բայց մյուս կողմից ո՞վ է վստահաբար պնդում, որ Ադրբեջանը Ռուսաստանին բենզին եւ դիզելային վառելիք չի մատակարարում կամ չի մատակարարի վաղը:

Ադրբեջանում «Արտակարգ դրության ռեժիմի մասին» օրենքի ապահովման շուրջ խորհրդարանական քննարկումները հաջորդում են «Կրոկուս սիթի հոլում» ահաբեկչությանը, որի կազմակերպման պաշտոնական վարկած Ռուսաստանի պատկան մարմինները դեռեւս չեն հնչեցրել: Քաղաքական գնահատականը, մինչդեռ, տրված է՝ «դրանում շահագրգռված էին արեւմտյան հատուկ ծառայությունները, իսկ Ուկրաինայում նրանց սպասում էին որպես հերոսների»: Ալիեւի համար, երեւում է, չափազանց դժվար է մի կողմից «ահաբեկչության դեմ պայքարում» լինել Ռուսաստանի դաշնակիցը, մյուս կողմից՝ ապահովագրվել Ռուսաստանի «ռազմավարական թշնամիների հավանական թիրախավորումից»:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3404053.html
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *