Հայաստան

Երեւանի Պատասխանը ՀԱՊԿ-ին. 5-ից Առա՞ջ, Թե՞ Հետո

ՀԱՊԿ գործունեության, այդ դաշինքի ըստ էության հուսալիության, քաղաքական բնույթի եւ այլնի հանդեպ գնահատականներով հանդերձ, հարկ է նկատել, որ կազմակերպությունը պարզապես «որսացել» է պահը եւ Նիկոլ Փաշինյանի «տված զենքով» կռվում է նրա դեմ:

Հակոբ Բադալյան

Նախօրեին տարածվեց ՀԱՊԿ հայտարարությունը, թե կազմակերպությունը ո՞րն է համարում իր պատասխանատվության սահմանը Հայաստանում: ՌԲԿ գործակալության հարցմանն ի պատասխան, կազմակերպությունը հայտնել է. «Համաձայն 2010 թվականի փոխգործակցության սկզբունքների մասին համաձայնագրի, որը ստորագրվել է ՀԱՊԿ-ի կողմից, պատասխանատվության գոտին անդամ երկրների ինքնիշխան տարածքն է: ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ավարտվում է այնտեղ, որտեղ անցնում է պետական ​​սահմանը, որը կարգավորված է երկկողմանի հիմքի վրա Հայաստանի և նրա հարևանների միջև»: Ինչպես հայտնի է, ՀԱՊԿ-ի առնչությամբ այդ հարցադրումը՝ թե կազմակերպությունը Հայաստանում որն է համարում իր սահմանը, բազմիցս արել է Հայաստանի կառավարությունը, տարբեր պաշտոնյաներ՝ ընդհուպ վարչապետ Փաշինյանը:

Այդ հարցադրման «հիմքը» այն է, որ Երեւանին չի բավարարել Հայաստանի տարածքի հանդեպ ադրբեջանական ոտնձգության նկատմամբ ՀԱՊԿ դիրքորոշումը, քաղաքական հստակ գնահատականի բացակայությունը: Եվ ահա, գործնականում առաջին անգամ ՀԱՊԿ բավականին հստակ պատասխանում է այդ հարցին, թեեւ ՌԲԿ գործակալության հարցին պատասխանի շրջանակում: Առայժմ չկա Երեւանի պատասխանը: Իսկ ՀԱՊԿ պատասխանը փաստացի «կառչած» է Հայաստանի վարչապետի այն հայտարարություններից, որոնք նա անում է Հայաստանի «կադաստրի թղթի», Ադրբեջանի հետ սահմանազատում իրականացնելու եւ այդ կերպ Հայաստանն այսպես ասած «պետական սահմանի լեգիտիմության շրջանակ» բերելու մասին:

ՀԱՊԿ պատասխանն ըստ էության այդ հայտարարությունների մոտիվով է, եւ պարունակում է ակնարկ, որ հայ-ադրբեջանական սահմանն ունի «լեգիտիմության», «կադաստրի» խնդիր, ու դրանով է պայմանավորվածծ ՀԱՊԿ վերաբերմունքը կամ քաղաքական գնահատականի բացակայությունը: ՀԱՊԿ գործունեության, այդ դաշինքի ըստ էության հուսալիության, քաղաքական բնույթի եւ այլնի հանդեպ գնահատականներով հանդերձ, հարկ է նկատել, որ կազմակերպությունը պարզապես «որսացել» է պահը եւ Նիկոլ Փաշինյանի «տված զենքով» կռվում է նրա դեմ: Ընդ որում, նշեմ, որ բացարձակապես այն կարծիքին չեմ, թե հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատվածության պայմաններում ՀԱՊԿ ունենալու էր սկզբունքորեն այլ վարքագիծ:

Որեւէ պարագայում ՀԱՊԿ դուրս չի գալու Ադրբեջանի դեմ, քանի դեռ Ադրբեջանն ինքը դա չի արել դե ֆակտո քաղաքական տողատակերի իմաստով, քանի որ՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի դուրս գալը դեռ չի նշանակում դուրս գալ ՀԱՊԿ դեմ: Ամբողջ հարցն այն է սակայն, որ Երեւանն իր հայտարարություններով փաստացի, կամա, թե ակամա, ըստ էության ՀԱՊԿ-ին տալիս է պատասխանատվությունից խուսանավելու հնարավորություն: Ահա այդ հանգամանքը նկատի ունենալով է, որ դեռեւս այն ժամանակ, երբ Երեւանը հրաժարվվեց ՀԱՊԿ օգնությունից, կարծիք հայտնեցի, որ այդօրինակ դրությունը բավարարում է երկու կողմին էլ: Ներկայումս սակայն, ՀԱՊԿ ուղիղ արձագանքը առաջացնում է Երեւանի ուղիղ պատասխանի հրամայական: Այստեղ է նաեւ ինտրիգը, թե ինչու՞ է ՀԱՊԿ ստեղծում այդ իրավիճակը եւ դրան ինչպես է արձագանքելու Երեւանը, ու՝ երբ է արձագանքելու: Արդյո՞ք ապրիլի 5-ից հետո, թե՞ մինչեւ այդ:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3405117.html
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *