Հայաստան

Ե՞րբ Կդատեն Ալիևին

Եվրամիությունը հայտարարում է Հայաստանի հետ հարաբերությունը խորացնելու առնչությամբ: Հայաստանի հանրության համար եվրոպական արժեհամակարգային ձգտումները քաղաքակրթական ընտրություն են, եւ ավելին՝ այդ արժեքները հայ ժողովրդի պատմության հետագծում առնվազն տարբեր փուլերում արտահայտվել են դեռեւս դարեր առաջ, թեեւ մշտապես ենթարկվել են այն ռազմա-քաղաքական փորձություններին, որոնց առաջ կանգնել է Հայաստանը իր թե անկախ պետականության, թե անկախության կորստի շրջափուլերում:

Հակոբ Բադալյան

Իսկ ե՞րբ է Ալիեւը կանգնելու եվրոպական տրիբունալի առաջ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ տրիբունալը, ամենայն հավանականությամբ, կստեղծվի մինչև այս տարվա վերջ, գերմանական Դոյչե Վելլեի հետ հարցազրույցում հայտարարել է Արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը: Իսկ Եվրամիությունը ե՞րբ կստեղծի տրիբունալ Ադրբեջանի նախագահ Ալիեւի համար, որն իր գործողություններով Պուտինին զիջում է թերեւս միայն նրանով, որ իր ռազմատենչ ագրեսիան գործադրել է ոչ թե Ուկրաինայի, այլ Արցախի ժողովրդի, նաեւ Հայաստանի հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ, ընդ որում շարունակելով առավելապաշտ քաղաքական սպառնալիքներն ու շանտաժը:

Ի դեպ խորհրդանշական է, որ եվրահանձնակատար Ռեյնդերսը Պուտինի դեմ տրիբունալի մասին խոսել է այն օրը, երբ Բրյուսելում Հայաստանի ու ԵՄ միջեւ ստորագրվել է Եվրաջասթ համաձայնագիրը: Այն ստորագրել են Հայաստանի արտգործնախարար Միրզոյանը, Բելգիայի արդարադատության եւ հյուսիսային ծովերի նախարարը, ինչպես նաեւ հենց եվրահանձնակատար Ռեյնդերսը: Ընդհանրապեսմ հետաքրքիր կլիներ իմանալ եվրահանձնակատարի գնահատականը այն ամենի հանդեպ, որ իրականացրել է Իլհամ Ալիեւը,, ընդ որում սկսած ոչ թե 2020 թվականի 44-օրյա պատերազմից, այլ դեռեւս 2012 թվականի սեպտեմբերից, երբ Եվրամիության անդամ Հունգարիայից «գնեց» կացնահար ոճրագործ, ցմահ դատապարտված՝ առանց արտահանձնման իրավունքի Ռամիլ Սաֆարովին եւ Ադրբեջանում նրան հռչակեց ազգի հերոս, ենթարկելով մեծ պատիվների:

Այդ գործողությամբ Ալիեւը ըստ էության «թեստավորում» էր նաեւ միջազգային հանրությանը, այդ թվում մարդասիրական, իրավական, ժողովրդավարական արժեքների եւ ազատության դրոշակակիր Եվրամիության վերաբերմունքն ու արձագանքը: Իսկ արձագանքն ու վերաբերմունքը՝ զրո: Դա անպատժելիության կանաչ լույսն էր Ալիեւի համար, որը եւ նրան տվեց ագրեսիվության հետագա աճի բաց ճանապարհ, հասցնելովայն ներկայիս կետին, երբ Արցախը ենթարկվել է էթնիկ զտման, երբ Հայաստանի տարածքները օկուպացված են, իսկ Բաքուն շշարունակում էխոսել շանտաժի լեզվով՝ նոր օկուպացիայի առիթ փնտրելով: Իսկ այդ ընթացքում, Եվրամիությունը ոչ միայն որեւէ արժեհամակարգային արձագանք չի տվել Բաքվի գործողություններին, այլ ըստ էության նաեւ նրան հռչակել է կարեւոր էներգետիկ գործընկեր եւ կնքել հնգամյա պայմանագիր՝ էներգակիրների արտահանումը ավելացնելու նպատակով:

Սրանք էական հանգամանքներ են, որոնք ըստ էության նաեւ քննության են ենթարկում այն հանձնառությունները, որոնց մասին Եվրամիությունը հայտարարում է Հայաստանի հետ հարաբերությունը խորացնելու առնչությամբ: Հայաստանի հանրության համար եվրոպական արժեհամակարգային ձգտումները քաղաքակրթական ընտրություն են, եւ ավելին՝ այդ արժեքները հայ ժողովրդի պատմության հետագծում առնվազն տարբեր փուլերում արտահայտվել են դեռեւս դարեր առաջ, թեեւ մշտապես ենթարկվել են այն ռազմա-քաղաքական փորձություններին, որոնց առաջ կանգնել է Հայաստանը իր թե անկախ պետականության, թե անկախության կորստի շրջափուլերում: Այդ իմաստով, Հայաստանի հանրությունը Եվրամիության հետ գործընկերությունը կարեւոր է համարում ոչ թե ժողովրդավարություն սովորելու, ոչ թե արժեքներ սովորելու, այլ իր կրած եւ տարբեր պատմա-քաղաքական իրողությունների թիրախում հայտնված արժեքների ամուր եւ հուսալի պաշտպանության հարցում հուսալի եւ ամուր, սկզբունքային դաշնակից, գործընկեր ունենալու նպատակով: Սա, որ Հայաստանի դիտանկյունից քննության է ենթարկվում Ալիեւի իշխանության հանդեպ Եվրամիության քաղաքականության հարցում:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *