Հայաստան

Պուտինից Ավելի Պուտին

Ռուսաստանի հետ, անշուշտ, Հայաստանը պետք է ունենա նորմալ հարաբերություններ, բայց դրանց հիմքում հարկ է դնել առարկայական-պրագմատիկ շահեր եւ նպատակներ, ոչ թե «քրիստոնեական համերաշխության» ՝ վաղուց արժեզրկված կանխավարկածը:

Վահրամ Աթանեսյան

Ֆիասկոն անխուսափելի է, եթե դու Պուտինից ավելի Պուտին ես

Հայաստանում նոր կուսակցություն է ստեղծվել՝ «Համահայկական ճակատ»: Առաջնորդ է ընտրվել պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, գլխավոր քարտուղար՝ Հովհաննես Շահինյանը: Կուսակցությունն ունի նաեւ քաղաքական խորհուրդ: Հովհաննես Շահինյանը լրատվամիջոցներից մեկին հարցազրույց է տվել: Նորմալ երեւույթ է, անգամ՝ պահանջված. Հանրությունը կարիք ունի լսելու, թե քաղաքական ինչ պլատֆորմ ունի նորաստեղծ կուսակցությունը, որպեսզի կողմնորոշվի նրա հանդեպ վերաբերմունքի հարցում: Խնդիրն այն է, թե «Համահայկական ճակատն» ինչպե՞ս է ձեւակերպում իր անելիքը կամ գոնե ուրվագծում այն:

Հարցին, թե ինչու՞ են բացահայտ աջակցում ՌԴ-ին, Հովհաննես Շահինյանը պատասխանել է, որ Ռուսաստանն այսօր գերտերություն է, նաեւ «քրիստոնեական արժեքներ է դավանում, մեր դարավոր բարեկամությունը պետք է շարունակվի»: Տառացիորեն մի քանի օր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր երկիրն անվանել է «բազմակոնֆեսիոնալ եւ բազմադավան»: Ընդ որում, ավելացրել է, որ Ռուսաստանն արտաքին աշխարհում «իրեն այնպես է պահում, որ իսլամ արմատականները նրա դեմ ահաբեկչություն կազմակերպելու մոտիվացիա չեն կարող ունենալ»:

Աշխարհաքաղաքական իրողություն է, որ ուժային կենտրոնները կամ գերտերությունները սուր մրցակցում են իսլամական աշխարհի համակրանքը շահելու հարցում: Ռուսաստանի նախագահի՝ արտաքին աշխարհում «իրեն այնպես պահելու» մասին դիտարկումը դրա ակնբախ վկայությունն է: Նույնը վերաբերում է Միացյալ Նահանգներին, Չինաստանին, Եվրամիությանը: Այստեղ պատրանքներ չեն կարող լինել: Քաղաքական ֆիասկոն անխուսափելի է, եթե հայաստանյան կուսակցության առաջնորդը Ռուսաստանին վերագրում է դերակատարություն, որի շուրջ նախանցյալ դարավերջի համահայկական համախմբվածությունը, մեղմ ասած, իրեն չի արդարացրել:

Անշուշտ, Ռուսաստանի մեղքը չէ, որ հայ քաղաքական-հասարակագիտական միտքը նրան այդպիսի վերագրում արել է եւ դարձել սեփական երեւակայության պատանդ: Բայց ինչ ներելի է, ասենք, Հովհաննես Թումանյանին, որ 1913թ. հուսավառված էր Ռուսաստանի հաղթական վահանը Ցարգրադի (Կոստանդնուպոլսի) դարպասներին մեխած տեսնելու հեռանկարով, այսօր անախրոնիզմ է:

Ռուսաստանի հետ, անշուշտ, Հայաստանը պետք է ունենա նորմալ հարաբերություններ, բայց դրանց հիմքում հարկ է դնել առարկայական-պրագմատիկ շահեր եւ նպատակներ, ոչ թե «քրիստոնեական համերաշխության» ՝ վաղուց արժեզրկված կանխավարկածը: Այն էլ այն դեպքում, երբ Ռուսաստանն ինքն իրեն բացարձակ քրիստոնեկան երկիր չի ճանաչում: Որովհետեւ այդպես է պահանջում իր ազգային-պետական շահը:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *