ՄԵՐ ՈՒՂԻՆ

Միակողմանիության Վտանգը

(Մաս Առաջին)

Քիչ չեն պատմության մեջ դեպքերը, երբ միակողմանությամբ առաջնորդվող և այլևս ոչ մի բանի չնայող հասարակությունը ինքն իրեն ի վերջո կատարված փաստի առաջ է կանգնեցրել: Միակողմանիությունը կործանարար է, անկախ նրանից, թե ինչ գաղափար է առաջ քաշում:

Արայիկ Մկրտումյան

Սթափ հասարակությունը չի կարող նման անկամ ներքին կյանք ու արտաքին քաղաքականություն ունենալ: Եվ ոչ էլ լճացած հասարակությունը կարող է բաղկացած լինել սթափ ու գիտակից անհատներից: Այնպես, որ լիովին տրամաբանական է մեր այս վիճակը, այլ հարց է, որ այն բազմաթիվ խնդիրներ է առաջացնում:
Միակողմանիությունը, հատկապես հասարակական մասշտաբով այնքան խորը և ծանր խնդիր է, որ նեոֆրեյդիզմի ու ֆրեյդոմարքսիզմի հիմնադիր, սոցիալական հոգեբան, հոգեթերապևտ, փիլիսոփա Էրիխ Ֆրոմն իր «Առողջ հասարակություն» գրքում առանձնահատուկ ուշադրություն է դարձնում դրան: Ֆրոմը հստակ ցույց է տալիս, թե զարգացման ինչ հնարավորությունների առաջ է կանգնում ցանկացած հասարակություն, երբ իր համար միակողմանիությունն ընտրում է որպես գործելու և ապրելու սկզբունք: Նման հասարակությունը չի կարող հոգեպես առողջ լինել, իսկ հիվանդ հասարակությունները չեն կարող որևէ առողջ արտադրանք տալ:
Հիվանդ հասարակությունները ապրում են կեղծ պաթոսի ու ոչ կիրառելի ճշմարտություններով: Դրանք էլ իրենց հերթին երաշխավորված աղետների են հասցնում:
Իհարկե հասարակության հոգեկան առողջությունը միայն մեկ բանից կախված չէ, բայց նշվածը ևս հանդիսանում է ծայրահեղ վտանգավոր մի երևույթ և քիչ չեն պատմության մեջ դեպքերը, երբ միակողմանությամբ առաջնորդվող և այլևս ոչ մի բանի չնայող հասարակությունը ինքն իրեն ի վերջո կատարված փաստի առաջ է կանգնեցրել: Միակողմանիությունը կործանարար է, անկախ նրանից, թե ինչ գաղափար է առաջ քաշում: Նույնիսկ ամենալուսավոր գաղափարները կարող են կործանարար լինել, եթե դրանք առաջ են տարվում միակողմանիորեն, առանց քննադատության, որովհետև այն դառնում է բացարձակ ճշմարտություն և դրան հավատացող ու դրա հետևից գնացող հասարակությունը կարող է ոչնչացնել ինքն իրեն:
Ազատության, հավասարության և եղբայրության համար ծագած հեղափոխությունը Ֆրանսիայում հանգեցրեց սարսափելի տեռորի յակոբինների կողմից, իսկ հետո նաև թերմիդորականների լճացմանն ու Նապոլեոնի դիկտատուրային, Ռուսաստանում սոցիալական արդարության համար բռնկված հեղափոխությունը բերեց ստալինիզմի, ազգային ոգու բռնկումը Գերմանիայում՝ հիտլերյան նացիզմի, պետականամետությունը Իտալիայում՝ մուսսոլինիական ֆաշիզմի, բանվորագյուղացիական կրկնաբանությունը Չինաստանում՝ Մաոյի դիկտատուրայի ու սպանդի, պետական միասնականությունը՝ Իսպանիայում ֆրանկոյական բռնապետության, ազատության և անկախության պայքարը՝ անարխիայի և ռասիզմի՝ երիտասարդ ամերիկյան հանրապետությունում: Այս պետություններից ոմանք կարողացան ժամանակին կանգ առնել, ինչպես օրինակ ԱՄՆ-ը, Իսպանիան, ոմանք ծանր կորուստների գնով կարողացան փոքր ինչ սթափվել և դադարեցնել իրենց աղետը՝ օրինակ Չինաստանը, ոմանք ինքնասպանի արագությամբ գնացին դրա հետևից և իսպառ քարուքանդ եղան, որից հետո միայն կարողացան սթափվել, ինչպես օրինակ Գերմանիան, Իտալիան, իսկ ոմանք էլ այնքան ծանր թաղվեցին այդ ամենի մեջ, որ մինչ օրս չեն կարողանում դուրս պրծել դրանից, ինչպես օրինակ Ռուսաստանը, որը դեռ ապրում է ցարական ժամանակների հավակնոտությամբ, բոլշևիկա-կոմունիստական քարացածությամբ:

Գրառումը՝ Արայիկ Մկրտումյանի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *