Հայաստան

Էրդողանը Ստուգում Է “Ալիքները”

Անկարան ու Բաքուն գուցե մտմտան, որ առկա իրավիճակում Իրանին իրենց աջակցությունը կարող են «վաճառել» հենց Իրանի վրա՝ հաղորդուղիների հարցում իրանական դիրքորոշումը փոխելու համար։

Հակոբ Բադալյան

Էրդողանը «ստուգե՞լ» է Ալիեւին իրանական աղետից հետո

Ադրբեջանը բազմիցս արտահայտել է իր հավատարմությունը երկարատեւ խաղաղությանը եւ նույնը սպասում ենք Երեւանից, Թուրքիայի կառավարության նիստից հետո հայտարարել է այդ երկրի նախագահ Էրդողանը, որը մինչ այդ էլ հեռախոսազրույց էր ունեցել Ալիեւի հետ: Ալիեւի հետ հեռախոսազրույցի հիմնական պատճառը կամ առիթը թերեւս Իրանի նախագահ Իբրահիմ Ռեյիսիի ողբերգական մահն էր, որ տեղի ունեցավ իրան-ադրբեջանական սահմանին հենց Ալիեւի հետ նրա հանդիպումից ժամեր անց:

Էրդողանն ըստ ամենայնի Ալիեւի հետ հեռախոսազրույցում փորձել է հասկանալ իրավիճակն ու այն հնարավոր առնչությունները, որ դրան կարող էր ունենալ Ադրբեջանը՝ ուղղակի, թե անուղղակի, հաշվի առնելով այն իսրայելական հենակետերի առկայությունը, որ կա Ադրբեջանում: Ի վերջո, շատ փորձագետներ խոսում են այն մասին, որ հնարավոր է Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը ենթարկվել է արտաքին հեռահար ազդեցության: Սա իհարկե վարկած է, սակայն բավականին քննարկվող եւ միանգամայն տրամաբանորեն հիմնավորված վարկած:

Թուրքիային հուզողն իհարկե լայն իմաստով այն հնարավոր սցենարներն են, որ կարող են ծավալվել ռեգիոնում: Անկախ ամեն ինչից՝ կա արտաքին միջամտություն, թե ոչ, անկասկած է, որ Իրանի նախագահի ողբերգական մահը առաջացնելու է վակուումներ ռեգիոնալ կարեւորագույն դերակատարներից մեկի ներքին կյանքում, որն առանց այդ էլ մշտապես գտնվում է այսպես ասած բավականին լարված նյարդի վիճակում: Որքան էլ հնչի տարօրինակ, մի կողմից լինելով Իրանի ռեգիոնալ մրցակից, Թուրքիան մյուս կողմից այսօր թերեւս շահագրգռված չէ Իրանի թուլացմամբ, որից ավելի շուտ կարող է օգտվել Իսրայելը, այլ ոչ թե Անկարան:

Եվ իհարկե ոչ միայն Իսրայելը, այլ օրինակ նաեւ Սաուդյան Արաբիան եւ արաբական աշխարհը ընդհանրապես: Եվ այդ իմաստով, Էրդողանի համար առնվազն այս շրջափուլում թերեւս էական է այն, որ Իրանի շուրջ չլինի ուժեղ մթնոլորտային ճնշում, որը բերի լուրջ ցնցումների կամ վայրիվերումների: Այդ իմաստով, Ալիեւի հետ նրա խոսակցության առանցքային մոտիվը ըստ ամենայնի եղել է հենց դա:

Մյուս կողմից սակայն, «երկարաժամկետ» խաղաղության մասին հայտարարությամբ Էրդողանը թերեւս ակնարկում է հաղորդուղիների հարցը: Գաղտնիք չէ, որ հենց այդ հարցի լուծումն են Անկարան ու Բաքուն դիտարկում որպես երկարաժամկետ խաղաղության «հիմք», բնականաբար՝ իրենց պատկկերացմամբ լուծումը: Իսկ այդ պատկերացումների հիմնական խոչընդոտը եղել է Իրանը: Անկարան ու Բաքուն գուցե մտմտան, որ առկա իրավիճակում Իրանին իրենց աջակցությունը կարող են «վաճառել» հենց Իրանի վրա՝ հաղորդուղիների հարցում իրանական դիրքորոշումը փոխելու համար:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3423321.html
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *