ՄԵՐ ՈՒՂԻՆ

Կասեցնել Եկեղեցու Անկումը

Այս շարժումը, որն առաջնորդվում է Տավուշի թեմի առաջնորդի կողմից, բացի նրանից, որ սկսվեց նախ ոչ ներքաղաքական հարցերով, իսկ հետո սկսեց շրջանառել ուղղակի իշխանափոխության-հրաժարականի կոչեր, աչքի ընկավ նաև անհանդուրժողականությամբ։ 

Արայիկ Մկրտումյան

Երևանում ընթացող բողոքի ցույցերը այս անգամ հստակ տարբերվում են նախորդներից այն առումով, որ եթե նախորդ բողոքի ցուցերը կազմակերպում և առաջնորդում էին քաղաքական կուսակցությունները և քաղաքական դեմքերը, այս անգամ շարժման գլուխ է կանգնել հոգևորականը՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրաստ արքեպիսկոպոս սրբազանը, կամ ինչպես նրան երբեմն անվանում են նրա հակառակորդներն իր քաղաքացիական անուն ազգանունով՝ Վազգեն Գալստանյանը։
Ուզում ենք անդրադառնալ մի բավական ցավոտ երևույթի՝ թունավոր մթնոլորտին ու դրա բազմապատկմանը, հատկապես, որ այն գնալով աճում է։
Գաղտնիք չէ, որ Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցին վերջին տասնամյակներին հեղինակության խնդիր ունի, որը հետևանք է որոշ հոգևորականների ունեցած շատ ցածր ժողովրդականության, եկեղեցու կողմից բազմաթիվ դեպքերի պարագայում անհամաչափ լռության կամ ընդհակառակը՝ անհասկանալի աշխույժության։ Ինչպես նաև անհնար է չտեսնելու տալ այն փաստը, որ տասնամյակներով Հայաստանում իրենց գործունեությունն են իրականացնում տարատեսակ կրոնական խմբեր և ուղղություններ, որոնց գործունեության դեմ եկեղեցին չի կարողանում պատշաճ հակադրումներ անել։
Հաշվի առնելով նաև այն, որ 1990-ականների հատկապես երկրորդ կեսից սկսած Հայաստանում կյանքն ուղեկցվել է ներքին մեծ ու փոքր պայթյուններով, քաղաքական ճնշումներով, տնտեսական բարդություններով, հասկանալի է, որ հասարակության սպասելիքները եկեղեցուց շատ մեծ են եղել, բայց շատ ավելի քիչ են ստացել։
Ինչևէ, այս շարժումը, որն առաջնորդվում է Տավուշի թեմի առաջնորդի կողմից, բացի նրանից, որ սկսվեց նախ ոչ ներքաղաքական հարցերով, իսկ հետո սկսեց շրջանառել ուղղակի իշխանափոխության-հրաժարականի կոչեր, աչքի ընկավ նաև անհանդուրժողականությամբ։ Այն արտահայտվեց հատկապես շարժման անդամ, դերասանուհի Անաիս Սարդարյանի խոսքում, որտեղ նշվեց, որ շարժմանը չմասկանցողները չհայեր են, իսկ մասնակցողները՝ հայեր(թեև դերասանուհին ավելի ուշ պարզաբանում մտցրեց իր խոսքում և նշեց, որ իր ելույթը ամենևին էլ խտրականության ու անհանդուրժողականության միտում չուներ), շարժման ընթացքում դեմ արտահայտվողների հասցեին անեծքներ հնչեցնելը, սատանայապաշտության մեջ մեղադրելը և այլն։ Բայց այդ ամենը ավելի սրվեց, երբ օրերս Սուրբ Աննա եկեղեցուց դուրս վռնդեցին քաղաքացիներից մեկին, ով ընդդիմացավ և հակաճառեց արքեպիսկոպոսին։ Նա որակվեց որպես սադրիչ։ Այնուհետև Բագրատ արքեպիսկոպոսը իր ելույթում անդրադարձավ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին՝ հայտնելով, որ վերջինս անընդհատ հարցազրույցներ է տալիս, որտեղ իր հասցեին սուտ տեղեկատվություններ են պտտվում։ Արքեպիսկոպոսն իր խոսքում բառացիորեն ասաց, որ «նրան չի անվանի Վազգեն Սարգսյանի քույր, հոպլո»։ Արքեպիսկոպոսը նաև հայտարարեց, որ խաչը Արամ Սարգսյանին ու նրա նման դևերին է վախեցնում։
«Մեր Ուղինը» դիտել է Արամ Սարգսյանի տված հարցազրույցը լրագրող Նարեկ Կիրակոսյանի հետ, այնտեղ Արամ Սարգսյանի կողմից անվանական վիրավորական արտահայտություններ չեն հնչել, Արամ Սարգսյանն իր խոսքում ասել է, որ իր ենթադրությամբ Բագրատ Արքեպիսկոպոսը գուցե գլխի չի ընկնում, որ իր ձեռքերով որոշ մարդիկ փորձում են ինչ որ բան իրականացնել, կամ Բագրատ Արքեպիսկոպոսին ինչ որ բան են խոստացել, ինչն իհարկե սարսափելի բան կլինի։
Այս ամենը շատ վատ տեղ տանող երևույթ է։ Եկեղեցու անվան հետ կապված ցանկացած բացասական երևույթ վնասում է մեզ բոլորիս։ Եկեղեցին մեր բոլորի արժեքն է ու եթե անգամ որևէ հոգևորականի ոչ հարիր խոսքը բացասական հետևանք կարող է թողնել, դա նշանակում է, որ մենք պիտի կարողանանք տարանջատել հոգևորականին եկեղեցուց, այնպես ինչպես իշխանությունն ենք տարանջատում պետությունից, որովհետև թե՛ եկեղեցին, թե՛ պետությունը արժեքներ են, իսկ անհատ հոգևորականը կամ իշխանավորը՝ ընդամենը մարդ, ով սխալական է և երբեմն՝ հաճախ սխալական ու եթե ընդգծվում է մարդու սխալը, դա դեռ չի նշանակում հարձակում տվյալ ինստիտուտի վրա։
Իսկ գնահատական տալ պետք է, հատկապես եթե խոսքը վերաբերում է հոգևորականին, ով իր կերպարով միշտ էլ բացառիկ է ընդունվել՝ ի տարբերություն իշխանության և իշխանավորների։ Եթե իշխանություն բառն իսկ մշտապես նույնացվել է փողի, ճնշումների և այլ նման երևույթների հետ, ապա եկեղեցին ընդունվել է որպես զղջման, ապաշխարանքի, սիրո, հանդուրժողականության, ներման, հոգևոր կյանքի հոմանիշ։ Բայց այսօր՝ Բագրատ Արքեպիսկոպոսի բառերը ընդհանրապես սիրո և ներման հոմանիշներ չեն։ Եվ այս ամենին, լավ կլիներ, որ ուշադրություն դարձվեր նաև հոգևոր բարձր ներկայացուցիչների և առանձնապես ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից։ Բացի նրանից, որ շարժման առաջնորդը հոգևորական է, ինչը ենթադրում է լրիվ այլ խոսույթ ու պահվածք, նա նաև բարձրաստիճան հոգևորական է ու մի ողջ շարժման առաջնորդ, այսինքն նրա հանդեպ սպասելիքները շատ ավելի մեծ են, չափանիշներն ավելի խիստ։ Եթե հասարակ մարդիկ գռեհկաբանեն, դա մի մեծ ցավ չէ, բայց երբ շարժման առաջնորդը, ով նաև արքեպիսկոպոս է, սարկազմով է վիրավորում՝ ասելով, որ «չեմ ասի», բայց ասում է, ով կիրառում է «հոպլո» ժարգոնային-ծաղրական դիմելաձևը, ով խոսում է ոստիկանների փորերից, դա ուղիղ հարված է հենց շարժմանն ու եկեղեցուն։ Սուրբ հայրերի կողմից քարոզներում մի բան է լսվում, նրանցից ոմանց պահվածքում՝ մեկ այլ բան։ Եվ դա ընդհանրապես հեզության չի տրամադրում։ Եթե Արամ Սարգսյանը կամ իր կողմնակիցները որոշեն նույնպիսի ծաղրանքով խոսել, ապա մենք կունենանք օդից հասունացող մի կոնֆլիկտ ևս, երբ միմյանց նկատմամբ ատելությունն ու անհանդուրժողականությունն ավելի է մեծանում։
Մեծ ցանկությամբ և հույսով սպասում ենք, որ հայոց եկեղեցու բաձրագույն ներկայացուցիչը որևէ կերպ կարձագանքի տեղի ունեցածին, քանի որ և՛ Բագրատ արքեպիսկոպոսը, և՛ Արամ Սարգսյանը, ինչպես նաև շարժմանը կողմ և դեմ տասնյակ հազարավոր մարդիկ՝ հայեր են, քրիստոնյա հայեր և եկեղեցին, նախ և առաջ պիտի կարողանա նրանց միավորել, նրանց մեկ ճշմարիտ ուղու վրա դնել, այլ ոչ թե իմ ու քո անել, որոշել, թե ով է սատանան, ով՝ ոչ, որովհետև դա մի շատ ծանր բեռ է և Աստված չանի, եթե եկեղեցականները փորձեն ճամբարների բաժանել հասարակությանը։ Նրանք դրանով վերջին հարվածը հասցնեն և՛ իրենց, և՛ ազգային ընդհանրության այն մնացորդներին, որ դեռևս նշմարվում են։
Միաժամանակ այս շարժումը որոշակիորեն անլրջացրել է քաղաքական պայքարը, որովհետև Հայաստան-Ադրբեջան սահմանազատումը ոչ թե Հայաստանի ներքաղաքական ինչ որ կնճիռ է, այլ աշխարհաքաղաքական շատ մեծ վերափոխումների ռեգիոնալ մի մաս և որի դեմ հաստատ հնարավոր չէ պայքարել հայհոյանքներով, անեծքներով կամ մականուններով։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *