ՄԵՐ ՈՒՂԻՆ

Գերեվարված ՀՅԴ

Երեկվա ընկերները դառնում էին պարոններ, սոցիալիզմը որպես չափորոշիչ ընդունած մարդիկ հարստանում էին կապիտալիստական տեմպերով, իսկ հայրենիքին բաժին էր հասնում անցյալի փառքի գովերգումն ու երգ-պարը։ Դա Դաշնակցության օրինաչափ այլասերումն էր։

Մեր Ուղին


Դեռևս խորհրդային ժամանակներում Սփյուռքում գործող ՀՅԴ շարքերում եռում էր այն անկեղծ երազանքը, որ մի օր Հայաստանը կրկին ազատ կդառնա ու ՀՅԴ մաս կկազմի հայոց անկախ պետության։ Երազանքն իրականացավ, բայց ՀՅԴ-ը ոչ թե պետությանը միացավ, այլ՝ իշխանությանը։ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ունեցած բարդ հարաբերությունները ՀՅԴ համար ճակատագրական դեր խաղացին։ Դաշնակցականների բանտարկումը, կուսակցության գործունեության կասեցումը առաջին նախագահի կողմից, մի այնպիսի ատելություն ու վրեժխնդրություն առաջ բերին ՀՅԴ շարքերում, որ մինչև օրս դաշնակցականներն իրենց «սև ցուցակում» տեղ ունեն «լևոնականների» և անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանի համար։ Տեր-Պետրոսյանից հետո մի շարք օրենսդրական խախտումներով նախագահ դարձած Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակեց ՀՅԴ գործիչներին ու միաժամանակ գերի վերցրեց ողջ կուսակցությանը։ ՀՅԴ-ը Ռոբերտ Քոչարյանի համար դարձավ քաղաքական ու կիսառազմական կառույց, որով մշտապես կարելի էր վախեցնել բոլոր հակառակորդներին ու նրանց ձեռքով կատարել այնպիսի գործողություններ, որ անկարելի էր անձամբ նախագահի համար։ Ռ․ Քոչարյանի կողմից գերեվարված կուսակցության առաջնորդները, որ սկսեցին սեփական կուսակցական շարքերի համար «փոխարքայի ու նահանգապետի» դեր տանել, Ռ․ Քոչարյանի հրամաններն ու ցանկություններն իրականացնելու միտումով սկսեցին խեղաթյուրել ՀՅԴ ծրագիրն ու կանոնադրությունը։ Հայության, Հայաստանի ու Հայ Դատի, Արցախի պաշտպանությանն ուղղված ծրագիրը դարձավ քոչարյանական հրամանները կատարելու միջոց, իսկ կանոնագիրը վերածվեց մտրակի, որով սկսեցին ձաղկել բոլոր նրանց, ովքեր համամիտ չէին Դաշնակցության քոչարյանականացմանը։
Հաճախ երկրորդ նախագահի կառավարման տարիները անվանում են նաև ՀՅԴ-Քոչարյան համագործակցության տարիներ, բայց ոչ, դա համագործակցություն չէր, դա ծառայություն էր Քոչարյանին՝ հանուն անձնական շահերի, մի ողջ կուսակցության ազգային ստորացման գնով։ Դաշնակցականներն իրենց հեղափոխական բնույթով ու էությամբ զգում էին, որ կուսակցությունում ինչ որ բան է փոխվում, ինչ որ մեծ ու սարսափելի մի բան է փոխվում։ Երեկվա ընկերները դառնում էին պարոններ, սոցիալիզմը որպես չափորոշիչ ընդունած մարդիկ հարստանում էին կապիտալիստական տեմպերով, իսկ հայրենիքին բաժին էր հասնում անցյալի փառքի գովերգումն ու երգ-պարը։ Դա Դաշնակցության օրինաչափ այլասերումն էր, որը քիչ չի պատահում, երբ որևէ ազնիվ մղումներով քաղաքականության մեջ արևի տակ տեղ ունենալու համար պայքարող կուսակցությունը դանդաղ ու աննկատելի(համենայն դեպս շատերի համար) վերածվում էր միջինացված ու կոռումպացված մի երևույթի, որի լոզունգները հակասում էին սեփական գործողություններին։ Գրեթե նույն ճանապարհն անցան Ֆրանսիայի թերմիդորականները, երբ Ռոբեսպիեռի դեմ պայքարից հետո Դիրեկտորիան վերածվեց անաշխատ եկամուտներ բերող առատության եղջյուրի, իսկ թերմիդորականները մի կողմ դրեցին հանրապետական քողն ու ցույց տվեցին սեփական գայլային էությունը։
Դաշնակցության քաղաքական ռեալիզմի ոչնչացումներից մեկն էլ հայտնի թիվ 55-րդ շրջաբերականն էր, որով կուսակցության վերնախավը քննարկում էր, թե Քի Վեսթում առաջարկվող փոխանակման տարբերակը ինչ օգուտներ կամ վնասներ պիտի տա Հայաստանին և անձամբ կուսակցությանը։ Այդ շրջաբերականում քննարկվող հարցերն իրենց դրվածքով արդեն իսկ դուրս էին մղված քննադատական մոտեցումից և ավելի շատ զգույշ շոշափումներ էին։ Կուսակցությունը չէր ուզում կամ ցանկանում իր վրա վերցնել ցավոտ որոշումների պատասխանատվություն և մյուս կողմից էլ չէր կարող հակաճառել Քոչարյանին, քանի որ արդեն հասցրել էր վերջինիս կողմից վարվող քաղաքականության մի մասը դառնալ և նրան լեգիտիմացնող ուժերից մեկը։
Հետագա տարիներին խոշոր հաշվով մեծ բան չփոխվեց։ ՀՅԴ-ում կարծես մոռացան Քի Վեսթի մասին ու Արցախին վերաբերվող բոլոր քննարկումները ենթարկվեցին «ոչ մի թիզ հող թշնամուն» հայրենասիրական, ռոմանտիկ, իրականության մեջ չպաշտպանվող ու հռչակագրային մակարդակի վրա գտնվող կարգախոսով։ «Ոչ մի թիզը» կարող էր ազգային կարճաժամկետ հայեցակարգ դառնալ, բայց միայն այն դեպքում, եթե կարգախոսը պաշտպանվեր գործով, իսկ Քոչարյանի, այնուհետև Սարգսյանի պաշտոնավարման տարիներին քիչ դաշնակցականներ չհարստացան ՀՀ-ում և Արցախում։ «Ոչ մի թիզ»-ը մնաց շարքերին համոզելու հրաշալի մեթոդ։ Այն մասնավորապես հնչում էր այսպես․ «Մենք ոչ մի թիզ հող չենք տա թշնամուն, իսկ քանի որ ՀՀ նախագահը ևս հող հանձնող չէ, ապա կարելի է ներել նրա որոշ անփություններ, կարևորը Արցախը կպահենք»։ Բայց այդ թեզը քարուքանդ էր լինում առաջին հերթին այն ներքին տեռորից ու թալանից, որ կատարվում էր Հայաստանում։ Ոչ մի թիզականությունն ազնիվ չէր, քանի որ չուներ սոցիալական, քաղաքական, տնտեսական, արդարադատական բնույթ։ Այն միայն ռազմական ոլորտում էր շոշափվում, և իսկույն էլ առաջ էր գալիս ռուսական ամենազոր պաշտպանության միֆը։ Տասնյակ տարիներով ողջ Հանրապետությանը համոզել էին, որ ինչ էլ լինի, միևնույն է Ռուսաստանը թույլ չի տա, որ Արցախին որևէ բան պատահի։ Դե իսկ եթե անձամբ Ռուսական կայսրությունն է երաշխավորում որ հայկական հողերը երբեք Ադրբեջանինը չեն լինի, իսկ իշխանությունն էլ պատրաստ է քեզ մոտ թողնել առատության եղջյուրին, ապա հայրենասիրությունը դառնում է ոչնչով չպարտավորեցնող, այնքան էլ չհոգնեցնող, բայց փոխարենը լավ վարձատրվող աշխատանք։ Արցախում ևս մարդիկ վստահ էին ու հավատում էին դաշնակցական անկեղծ զինվորի կերպարին։
Եկավ 2020-ը և ջրեց 1991-ից մինչև 2020թ․ 44-օրյա պատերազմը գոյություն ունեցած պատկերացումները։ Քաղաքական բոլոր թեզերը հնացան, բոլոր տարբերակները կեղծ դուրս եկան, պայթեց ռուսական անվտանգության ուռած փուչիկը և հանրությունը սկսեց ինքն իրեն հարց տալ, թե ինչպե՞ս էր հնարավոր այդքան հանկարծակի աղետ տեղի ունենալ։ Երկրի իշխանությունները մշտապես ոչ մի թիզականներ էին, նրանց կոալիցիոն գործընկերն էլ Հայ Դատի ամենաջերմ ու համառ պաշտպանը։
Իհարկե հիմա դժվար է ընդունելը, որ մի քանի տասնամյակ ՀՀ ղեկավարությունը պարզապես «քյոխվայի» գործառույթներ է ունեցել, ղեկավարությունն ամբողջապես հանձնել է Ռուսաստանին, իսկ ինքը միայն հրամաններ կատարել ու հարստացել։ Հասարակ մարդիկ կարող էին դա չտեսնել ու չիմանալ, բայց ՀՅԴ-ը չէր կարող չիմանալ կամ չնկատել։ Եվ այն, որ ՀՅԴ-ը երկու նախագահների օրոք էլ իրեն վատ չէր զգում կոալիցիաներում, վկայում է, որ ՀՅԴ-ը կամ կորցրել էր իր քաղաքական ինքնությունն ու հանձվել այլասերմանը, կամ էլ ծերացել ու խլացել էր անհավանականության աստիճան։
Թերևս այն, որ 2020թ․ հետո ՀՅԴ-ը ուս-ուսի տված նախկին ռեժիմների հետ պայքարում է ներկայիս իշխանության դեմ, ցույց է տալիս, որ կուսակցական վերնախավը մեկ րոպե անգամ չի կասկածել, թե ի վերջո ինչ աղետով է ավարտվելու Արցախի հարցը։ Չէր կարող չնկատել, որովհետև հենց ինքն էլ կառավարիչներից մեկն էր։ Ու այս ֆոնին Նիկոլ Փաշինյանը փրկություն էր բոլորի համար։ Պարտված Նիկոլ Փաշինյանը այն կերպարն էր, որի ֆոնին կարելի էր մոռացության տալ տասնամյակների մեղքերը։ ՀՅԴ-ը հենց այդ ճանապարհն էլ ընտրեց, իսկ հիմա, երբ Արցախն այլևս չկա, հարկավոր է, որ Փաշինյանն էլ այլևս չլինի։ Պարտված Փաշինյանին դարձնելով դատված Փաշինյան, կարելի է սրբացված ու չոր դուրս գալ ամեն տեսակ ջրից, իսկ Արցախն էլ կհամալրի ազգային երգերի ու ուտեստների շարքը։
Ըստ լուրերի, ՀՅԴ 35-րդ արտահերթ ժողովը, որ պիտի տեղի ունենար այս տարվա աշնանը․ տեղափոխվել է 2025թ․ քանի որ աշնանը մեծ իրադարձություններ պիտի տեղի ունենան։ Այդ մեծ իրադարձությունը միայն մեկն է՝ իշխանափոխություն։ Քանի որ աջերը եվրոպառլամենտում և ԱՄՆ-ում հաջողությունների են հասնում, ապա ՀՅԴ համար իդեալական կլինի Թրամփի հաղթանակն ու Ուկրաինայի պարտությունը։ Դրանից հետո Ռուսաստանը հանգիստ կմասնատի նախ Անդրկովկասը և ՀՀ ընդդիմադիրները որպես մասնաբաժին կստանա ՀՀ իշխանությունը։ Մնացած ամեն ինչը կարելի է արդարացնել։ Քիչ չի պատահել։ Որովհետև այլ կերպ հնարավոր չէ հասկանալ, թե ինչո՞ւ ՀՅԴ-ը ոչ մի կերպ չի հրաժարվում Քոչարյանի հետ համագործակցությունից, ինչ էլ պատահի։
Իսկ ՀՅԴ ծրագի՞րը, կանոնադրությո՞ւնը․․․դրանք մնացին հեռու հեռվում, որպես գեղեցիկ, բայց ավարտված առասպել։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *