Բոլորովին վերջերս լույս է տեսել Իրանի նախկին արտգործնախարար Ջավադ Զարիֆի հուշերի գիրքը, որտեղ նա հիշեցնում է, որ 44-օրյա պատերազմի օրերին Իրանի նախագահի հատուկ բանագնաց Աբաս Արագչին՝ որն ի դեպ ներկայումս դիտվում է որպես Իրանի նոր արտգործնախարարի ամենահավանական թեկնածու, այց կատարեց ռեգիոնալ մայրաքաղաքներ՝ Կոբկասի հակամարտությունները պետք է ռեգիոնալ դերակատարների շրջանակում քննարկելու եւ լուծելու իրանյան մոտեցմամբ:
Հակոբ Բադալյան
Իրանի մոտիվը, Հայաստանի անելիքը. Այն օգտակար կլինի նաեւ Իրանի համար
Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին իրանական լրատվամիջոցի տված հարցազրույցում ասել է, որ 3+3 ձեւաչափի արտգործանախարների նոր հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում Թուրքիայում: Դեսպանը հիշեցրել է, որ արտգործնախարարների մակարդակով առաջին հանդիպումը տեղի է ունեցել Թեհրանում՝ ամիսներ առաջ: 3+3 ձեւաչափի ընդհանրապես առաջին հանդիպումը եղել է Մոսկվայում՝ 2022 թվականի հունվարին, փոխարտգործնախարարների մակարդակով:
Այդ հանդիպումներին չի մասնակցում Թբիլիսին՝ Ռուսաստանի հետ ունեցած խնդիրների պատճառով, սակայն Թբիլիսիի չմասնակցությունը ըստ ամենայնի այսպես ասած ավելորդ ընդդիմադիր աղմուկ չառաջացնելու համար է, քանի որ իրական քաղաքականության ռեժիմում Վրաստանի ներկայիս քաղաքականության տրամաբանությունը բավականին համահունչ է հենց ռեգիոնալ դասավորություններին:
Հայաստանում 3+3 ձեւաչափի հանդեպ կան հակասական կարծիքներ: Կա հանրային, քաղաքական շերտ, որ այդ ձեւաչափը գնահատում է Հայաստանի համար ռուս-թուրքական թակարդ, եւ կան կարծիքներ ու գնահատականներ, որ այդ ձեւաչափն է, որ իրական քաղաքականության ռեժիմում կարող է լինել ռեգիոնալ հարցերը քննարկելու եւ լուծումներ գտնելու գործնական հարթակ: Գնահատականը, որ 3+3-ը ռուս-թուրքական ձեւաչափ է, թերեւս չափազանցություն է հաստատ:
Բոլորովին վերջերս լույս է տեսել Իրանի նախկին արտգործնախարար Ջավադ Զարիֆի հուշերի գիրքը, որտեղ նա հիշեցնում է, որ 44-օրյա պատերազմի օրերին Իրանի նախագահի հատուկ բանագնաց Աբաս Արագչին՝ որն ի դեպ ներկայումս դիտվում է Իրանի նոր արտգործնախարարի ամենահավանական թեկնածու, այց կատարեց ռեգիոնալ մայրաքաղաքներ՝ Կոբկասի հակամարտությունները պետք է ռեգիոնալ դերակատարների շրջանակում քննարկելու եւ լուծելու իրանյան մոտեցմամբ:
Այդ հանգամանքը ինքս հիշատակել եմ բազմիցս, առաջարկելով 3+3 ձեւաչափի գնահատականը կառուցել իրողությունների, այլ ոչ թե կարծրատիպերի հիման վրա: Իսկ իրողությունն այն է, որ այդ ձեւաչափը առավել պահանջված է Իրանի համար, որովհետեւ հենց դրա միջոցով է, որ Իրանը կարող է առավելագույնս գործոն լինել Կովկասի հարցերում՝ հաշվի առնելով ռուս-թուրքական պայմանավորվածությունների գոյություն ունեցող համակարգի «պատմաքաղաքական» հետագիծը, հետեւաբար նաեւ դրանից բխող պարբերական ռիսկերը:
Որպեսզի երկկողմ պայմանավորվածությունները դուրս չթողնեն Իրանին, Թեհրանի համար կարեւոր է դառնում բազմակողմ պայմանավորվածությունների ֆորմատի առկայությունը: Այլ հարց է իհարկե, որ Հայաստանն այս ձեւաչափում անշուշտ բավականին թույլ խաղացող է, թույլ օղակ է, ինչպես իհարկե ընդհանրապես այսօր ուժերի հարաբերակցության համատեքստում, եւ միաժամանակ հնարավոր էլ չէ, ճիշտ չէ ապավինել միայն Իրանի զորակցությանը, աջակցությանն ու գործակցությանը, որովհետեւ ի վերջո Թեհրանի եւ Երեւանի շահերի հորիզոնն ու դրանց չափման, գնահատման, ստրատեգիական եւ տակտիկական դասավորության գործոնները նույնական չեն:
Ըստ այդմ, Հայաստանի համար պակաս կարեւոր չէ նաեւ այլ մեխանիզմների միջոցով ստեղծել միջավայր, որտեղ Երեւանը սուբյեկտային առավել մեծ ներուժ կարող է ունենալ 3+3-ի շրջանակում: Ի դեպ, տակտիկական իմաստով այդ հանգամանքին բոլորովին դեմ չլինի նաեւ Իրանը, քանի որ սուբյեկտային ու ճկուն Հայաստանը օգտակար գործոն կլինի նաեւ Իրանի համար: Ըստ այդմ, 3+3 ձեւաչափի առնչությամբ Հայաստանի աշխատանքը եւ դիրքավորումը չպետք է լինի կամ-կամ տրամաբանությամբ, այսինքն՝ կամ այդ ձեւաչափը, կամ այլ ձեւաչափեր՝ այստեղ նկատի է առնվում հիմնականում արեւմտյան: Հայաստանը պետք է աշխատի բալանսների ուղղությամբ, սակայն դա չպետք է հակադրվի 3+3-ի հանգամանքին, այլ հակառակը՝ միտված լինի դրանում քաղաքական-դիվանագիտական աշխատանքում Հայաստանի ներուժի բարձրացմանը:
Հոդվածը՝ 1in.am կայքից։