Հայաշխարհ

Ռուս-Վրացական «Մեղրամիսն» Ավարտվու՞մ Է

Բացառված չէ, որ եթե Ռուսաստանը «Վրացական երազանքի» հետ քննարկի «կոնֆեդերատիվ Վրաստան» նախագծը, ապա Սուխումին կփորձի «սուվերենության երաշխիքներ ստանալ» Թուրքիայից։

Վահրամ Աթանեսյան

Սերգեյ Շամբան նշանակվել է Աբխազիայի արտաքին գործերի նախարար։ Նա այդ պաշտոնն զբաղեցրել է 1997-2010 թվականներին։ Շամբան Աբխազիայի անկախության առաջին գաղափարախոսներից է։

Նա Աբխազիայի արտգործնախարար է նշանակվել, երբ Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ոչ պաշտոնական քարոզարշավն արդեն մեկնարկել է։ Փորձագիտական որոշ շրջանակների տպավորությամբ՝ Մոսկվան և «Վրացական երազանքի» առաջնորդ Իվանիշվիլին քննարկում են «կոնֆեդերատիվ Վրաստան» նախագիծը։

Այդ տեղեկությունները Սուխումիում չափազանց սուր արձագանք են թողնում։ Հայտնի է դարձել, որ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքը վերջնականապես մերժել է Աբխազիայի եկեղեցին ճանաչել որպես ՌՈՒԵ-ի թեմ։ Պատրիարքը հավատարիմ է եկեղեցական կարգին և Աբխազիան ճանաչում է Վրաց ուղղափառ եկեղեցու կանոնիկ տարածք։

Սերգեյ Շամբան անցյալ տարի հանդես է եկել Վրաստանի հետ դե-ֆակտո առևտրա-տնտեսական հարաբերություններ հաստատելու նախաձեռնությամբ։ Ըստ ռուսաստանյան աղբյուրների՝ Թբիլիսին «պնդել է տարածքային ամբողջականության վերահաստատման նախապայմանը, և համաձայնություն չի կայացել»։

«Նեզավիսիմայա գազետան» կարծում է, որ Ռուսաստանը Վրաստանի խորհրդարանական ընտրություններից հետո փորձելու է եռակողմ՝ ռուս-աբխազա-վրացական բանակցություններInitiate: Եւ Շամբան այդ առումով Ռուսաստանի համար ընդունելի բանակցող է։ Կարծես թե ակնարկվում է, որ Շամբան «բանակցունակ կգտնվի նաև Թբիլիսիի հետ շփումներում»։ Բայց դա միայն գաղափար է, այն էլ՝ կառուցված «Վրացական երազանքի» ռազմավարական կանխավարկածի վրա։

Իսկ եթե հաղթի ընդդիմությունը: Ռուսաստանյան լրատվամիջոցը դիտարկում է, որ Ադրբեջանի կողմից «Լեռնային Ղարաբաղի պետականության կործանումը նախադեպ է, որը կարող է գայթակղիչ լինել Վրաստանի ռևանշիստական ուժերի համար»։

Շամբան Աբխազիայի արտգործնախարար է նշանակվել Կուրսկի մարզում ուկրաինական զորախմբի ճեղքումից մեկ շաբաթ անց։ Նա հայտնի է արմատական-ազգայնական հայացքներով։ Ավելի վաղ ռուսաստանյան մամուլում անդրադարձ է եղել Աբխազիայի պատմական անցյալին, մասնավորապես 19-րդ դարի կեսերին Կովկասի լեռնականներին և աբխազներին Թուրքիա բռնատեղահանելու հիշողության կտրվածքով։

Թուրքիայում իսկապես գոյություն ունի աբխազա–աբազինական ներկայանալի համայնք։ Թեև չի հրապարակայնացվում, բայց Թուրքիա-Աբխազիա առևտրա-տնտեսական կապեր գոյություն ունեն։ Տևական ժամանակ օրակարգային էր բռնատեղահանվածների ժառանգների Աբխազիա հայրենադարձության թեման, բայց խնդիրը գործնական ընթացք չի ստացել։ Համենայն դեպս, Թուրքիայից Աբխազիա զանգվածային ներգաղթ չի իրականացվել։

Բացառված չէ, որ եթե Ռուսաստանը «Վրացական երազանքի» հետ քննարկի «կոնֆեդերատիվ Վրաստան» նախագծը, ապա Սուխումին կփորձի «սուվերենության երաշխիքներ ստանալ» Թուրքիայից։ Իսկ եթե Մոսկվան շարունակի պնդել, որ Թբիլիսին պետք է ճանաչի Սուխումիի անկախությունը, ապա խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքի» հաղթանակի հավանականությունը զգալիորեն կնվազի։ Ռուս-վրացական «մեղրամիսի ավարտը» հղի է Հարավային Կովկասում լուրջ անկայունության սպառնալիքով։

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *