Հայաստան

Պուտինի Սուրհանդակ Ալիևը

Ալիեւը Տաշքենդ է ուղևորվել նույն օրը, երբ Ղազախստանի նախագահ Տոկաեւը պետական այցով գտնվում է Տաջիկստանում, որտեղ նրան ցուցաբերվել է արտակարգ ջերմ ընդունելություն: Ըստ տեղեկությունների, կողմերը պետք է ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր ստորագրեն:

Վահրամ Աթանեսյան

Ալիեւը՝ Պուտինի հատուկ բանագնաց

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տիկնոջ ուղեկցությամբ պետական այցով մեկնել է Ուզբեկստան: Տաշքենդի օդանավակայանում նրան դիմավորել է Ուզբեկստանի վարչապետ Արիպովը: Նախագահական զույգն այնուհետեւ այցելել է Հեյդար Ալիեւի անվան հրապարակ և ծաղիկներ խոնարհել նրա հարթաքանդակին: Այլ մանրամասնություններ դեռևս հայտնի չեն:

Ուշագրավ է, որ Ալիեւը Տաշքենդ է մեկնել Բաքու Ռուսաստանի նախագահ Պուտինի պետական այցից երեք օր անց, իսկ ընդամենը մեկ շաբաթ առաջ նա Աստանայում էր, որտեղ Կենտրոնական Ասիայի երկրների առաջնորդները Խորհրդատվական խորհրդի վեցերորդ նիստն են անցկացրել և ընդունել տարածաշրջանի ներքին ինտեգրացիայի հռչակագիր:

Այդ նախաձեռնության հեղինակը Ղազախստանի նախագահ Տոկաեւն է: Ալիեւը Կենտրոնական Ասիայի երկրների առաջնորդների պաշտոնական հանդիպմանը չի հրավիրվել, միջոցառմանը նա միացել է, երբ Հռչակագիրը արդեն ստորագրված էր: Նա առաջարկել է, որ ինտեգրացիային մաս կազմի նաև Ադրբեջանը:

Ալիեւը Տաշքենդ է ուղևորվել նույն օրը, երբ Ղազախստանի նախագահ Տոկաեւը պետական այցով գտնվում է Տաջիկստանում, որտեղ նրան ցուցաբերվել է արտակարգ ջերմ ընդունելություն: Ըստ տեղեկությունների, կողմերը պետք է ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր ստորագրեն:

Կենտրոնական Ասիայի երկրների բացառապես տարածաշրջանային ինտեգրացիան, որի առանցքում Տոկաեւի առաջարկած մեկ միասնական և անբաժանելի անվտանգային տարածք ձևավորելու գաղափարն է, ակնհայտորեն կասկածի տակ է դնում ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի ապագան:

Կենտրոնական Ասիան 5+1 ձևաչափով համագործակցության նախածրագրեր ունի Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ճապոնիայի հետ: Անցյալ տարի Ղազախստան է այցելել Ֆրանսիայի նախագահը, իսկ այս տարի՝ Հարավային Կորեայի նախագահը:

Այդուհանդերձ, այդ ֆոնին ընդգծվում է փաստը, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Քեմերոնի Տաշքենդ այցը ձախողվել է, նախագահ Միրզիեեւը հրաժարվել է ընդունել նրան՝ պատճառաբանելով, որ գտնվում է «կարճատև արձակուրդում»: Ըստ երևույթին, Կենտրոնական Ասիայի ներտարածաշրջանային ինտեգրացիայի հարցում Տաշքենդ ունի վերապահումներ:

Հավանական է թվում, որ այդ թեման Պուտին-Ալիեւ բանակցություններում շոշափվել է, և Ադրբեջանի նախագահը Տաշքենդ է շտապել՝ շոշափելու Միրզիեեւի տրամադրությունը: Իհարկե, նա Աստանայի Հռչակագիրն ստորագրել է, բայց դա դեռևս «օդում կախված» գաղափար է:

Իսկ Ադրբեջանը կարող է Ուզբեկստանին գործնական առաջարկություններ անել, մանավանդ որ կողմերն ունեն ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր: Տոկաեւը հանդես է գալիս որպես Կենտրոնական Ասիայի «պասիոնար»: Իրականում տարածաշրջանի ամենամեծ երկիրն Ուզբեկստանն է. Ցարական Ռուսաստանի ռազմա-քաղաքական քարտեզում տարածաշրջանը կոչվել է Թուրքեստան, որի կենտրոնը ընկալվել է Սամարղանդը:

Բացառված չէ, որ Աստանայի և Տաշքենդի միջև պատմա-քաղաքական առաջնորդության վեճ կա, և Ալիեւը փորձում է Կենտրոնական Ասիայի հնարավոր ամբողջացմանը խոչընդոտներ հարուցել: Առանձին երկրների հետ Ռուսաստանը կարող է մանևրի տեղ, ձև և հնարավորություն գտնել: Պատահական չէ, թերևս, որ Բելառուսի նախագահը նաև Ղազախստանի հասցեին է բուռն հայտարարություն արել:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *