Եթե ամռան առաջին ամիսներին ակտիվ էր Վաշինգտոնը, ապա այժմ նկատվում է Ռուսաստանի աշխուժություն: Մեզ իհարկե հասու չէ, թե այդ ակտիվությունները բովանդակային ինչ տարբերություններ կամ ընդհանրություններ ունեն, սակայն դիրքային պայքարի նկատելի ինտենսիվացումը Ադրբեջանը դիտարկում է ուժի գործոնը խաղարկելու հնարավորություն՝ եթե ոչ կիրառման, ապա կիրառման սպառնալիքի տեսքով:
Հակոբ Բադալյան
Պայքարի ինտենսիվացումն ակտիվացնում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
Նախօրեին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը օրվա ընթացքում երկու անգամ հայտնեց, թե հայկական զինուժն իբր կրակել է Նախիջեւանի իրենց դիրքերի ուղղոությամբ: Հայաստանի ՊՆ-ն հերքեց երկու տեղեկությունն էլ, հայտարարելով, որ Ադրբեջանի տարածած հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը եւ հայկական զինուժը չի խախտել հրադադարը:
Առիթ ենք ունեցել արձանագրելու, որ Ադրբեջանի համար իհարկե այդ հերքումներն ըստ էության չունեն նշանակություն, քանի որ Բաքուն հայկական կրակոցների մասին ապատեղեկատվությունը տարածում է իր քաղաքական հաշվարկների շրջանակում: Ըստ այդմ, այդ տեղեկությունները իհարկե կշարունակվեն՝ տարբեր պարբերականությամբ:
Միջազգային իրավիճակը մոտենում է աշնանային մի շրջափուլի, որտեղ սպասվում են թե ռեգիոնալ, թե համաշխարհային բնույթի մի շարք էական իրադարձություններ, որոնց հանգուցալուծումն այս կամ այն աստիճանի վճռորոշ ազդեցություն է ունենալու իրադարձությունների հետագա զարգացման վրա:
Դա նշանակում է, որ մոտենում ենք համաշխարհային ուժային կենտրոնների դիմակայության սրացման մի նոր փուլի: Մենք դա տեսնում ենք նաեւ Կովկասում: Բանը ոչ միայն Վրաստանի խորհրդարանի ընտրությանն ընդառաջ ուժային կենտրոնների դիրքավորումն է, այլ նաեւ Հայաստան-Ադրբեջան գործընթացում մոդերատորության համար պայքարի ակտիվացումը:
Եթե ամռան առաջին ամիսներին ակտիվ էր Վաշինգտոնը, ապա այժմ նկատվում է Ռուսաստանի աշխուժություն: Մեզ իհարկե հասու չէ, թե այդ ակտիվությունները բովանդակային ինչ տարբերություններ կամ ընդհանրություններ ունեն, սակայն դիրքային պայքարի նկատելի ինտենսիվացումը Ադրբեջանը դիտարկում է ուժի գործոնը խաղարկելու հնարավորություն՝ եթե ոչ կիրառման, ապա կիրառման սպառնալիքի տեսքով: Սրանով է պայմանավորված, որ տեւական ժամանակ դադարից հետո, Ադրբեջանը վերստին ակտիվացնում է հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ իր ապատեղեկատվությունը:
Հոդվածը՝ 1in.am կայքից։