Հայաստան

ՀՅԴ Ընդդեմ ՀՀ

Այսքանից հետո ՀՅԴ-ը առաջարկում է անկախությունը մի կողմ դնե՞լ և հուսալ, որ ամեն ինչ լավ կլինի՞։ Հետաքրքիր է, թե ի՞նչ են մտածում ՀՅԴ-ում հենց հիմա, իրենց շրջաբերականից երկու տարի անց, երբ ռուսական զորքերի լռության պայմաններում ադրբեջանցիները օկուպացրին ԼՂԻՄ-ի ողջ տարածքը և 100 հազարից ավել մարդու բռնի կերպով տեղահանեցին իրենց հայրենիքից, իսկ Պուտինը մեկ անգամ չէ, որ կրկնել է, թե Արցախը Ադրբեջանի մաս է կազմում։

Մեր Ուղին

Օրեր առաջ հրապարակվեց ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովի թիվ 004 շրջաբերականը՝ թվագրվող 2022թ․ ապրիլի 7-ով։ Այդ շրջաբերականը, որ հասցեագրված է շարքերին՝ անիմջապես ծանոթանալու, ունի նաև գաղտնիության կարգավորում, ըստ որի, շրջաբերականը և դրանում եղած կարգավորումը որևէ կերպ չի կարող դուրս գալ շարքերից։ Իսկ թե ինչպես և ում ձեռամբ է այն դուրս եկել, հավանաբար ավելի ուշ կիմացվի, բայց դա արդեն կարևոր չէ։ Ավելի կարևոր է այն, թե ինչ էր գրված այդ շրջաբերականում, որ այդքան աղմուկ հանեց։ Դրան անդրադարձան տարբեր հասարակական գործիչներ, ԱԺ պատգամավոր և այլն։
Շրջաբերականը, որ հիմնականում ՀՅԴ ներքին ու արտաքին քաղաքականության մասին է, ունի մի քանի կետ, որոնք մտահոգություն են առաջացնում։ Շրջաբերականի 15 և 16-րդ կետերում խոսվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի մասին։ 15-րդ կետում նշված է, որ «անհրաժեշտ է կենտրոնացնել ազգային ողջ ներուժը, որպեսզի Արցախը չդառնա այն գինը, որի հաշվին Ադրբեջանը կարող է ինտեգրվել Ռուսաստանի նախաձեռնելիք հավանական նոր միությանը։ Այդ նպատակով անհրաժեշտ է Արցախում, Հայաստանում և Սփյուռքում սկսել նոր պայքար։ Նկատի ունենալ, նաև, որ Ռուսաստանը կարող է ՝ Արցախն իր ենթակայությանը ուղղակիորեն ենթարկելու սցենար մշակել և գործադրել այն»։
16-րդ կետում ուղղակիորեն նշվում է, որ․ «աշխատանք տանել, որպեսզի հավանական միության ձևավորման դեպքում Արցախի ու Հայաստանի ճակատագրերը լուծվեն որպես մեկ ամբողջություն»։

Ըստ էության՝ 15 և 16-րդ կետերով շրջաբերականում խոսվում է Ռուսաստանի կողմից Արցախն ու Հայաստանը միութենական պետության մեջ մտցնելու հավանականության մասին և, հիմնվելով 16-րդ հոդվածի ձևակերպման վրա, ՀՅԴ-ում դեմ չեն անկախությունից հրաժարվելուն և Ռուսաստանի կազմ մտնելուն՝ այն հույսով, որ Արցախը և Հայաստանի Հանրապետությունը կմտնեն Ռուսաստանի կազմ որպես մեկ ամբողջություն։
Սա կարելի է երկու կերպ մեկնաբանել։ Առաջինը, որ ՀՅԴ-ը, հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը, համոզված է, որ պետք է գնալ անչափելի ծանր փոխզիջման և, եթե պետք է, հրաժարվել նույնիսկ անկախությունից՝ փրկելու Արցախի ու Հայաստանի ապագան և երկրորդ, որ ՀՅԴ-ը պարզապես ռուսական գործակալի կարգավիճակում է։
Նախ դիտարկենք առաջին տարբերակը՝ անվանենք այն ցավոտ փոխզիջում։ Եթե ՀՅԴ կարծիքով մենք կանգնած ենք այնպիսի իրավիճակի առաջ, որ մեզ գրեթե ֆիզիկական ոչնչացում է սպասվում ու դրանից փրկվելու միակ տարբերակը Ռուսաստանի կազմ մտնելն է, էլ ինչո՞ւ են նրանք մեղադրում Նիկոլ Փաշինյանին, երբ վերջինս կրկնում է, որ փրկել է 30 հազար զինվորի կյանք՝ նոյեմբերի 9-ի համաձայնագրով, երբ ասում է, որ զիջելով յոթ շրջաններն ու Շուշին՝ փրկել է Ստեփանակերտը։ ՀՅԴ-ը առաջարկում է ընդհանրապես զիջել պետականությունը։ Ի՞նչ տարբերություն ՀՅԴ և իշխանության միջև, եթե երկուսն էլ պատրաստ են գնալ զիջումների, ընդ որում անչափ ծանր զիջումների։ Դրանից բացի շատ դժվար է այսօր հավատալ, որ Ռուսաստանը հայ ժողովրդին լավ աչքով կնայի, եթե վերջինս դառնա իր հպատակը։ Ով, ով, բայց ՀՅԴ-ը պիտի շատ լավ տեղյակ լինի, թե ինչ է նշանակում Ռուսաստանի կազմի մեջ մտնելը։ 1920թ․ ՀՅԴ-ը պայքարում էր հենց նույն Ռուսաստանի դեմ՝ պաշտպանելով ՀՀ անկախությունը, իսկ հիմա ՀՅԴ-ը առաջարկում է հրաժարվել անկախությունից, որովհետև հավանականություն կա, որ Ռուսաստանը կփորձի այս կամ այն կերպ պահել իրեն։ ՀՅԴ-ում մոռացե՞լ են, թե ինչ եղավ այն բանից հետո, երբ Ռուսաստանը կործանեց Առաջին Հանրապետությունը։ Մոռացե՞լ են, թե ինչպես 1921թ․ կնքվեց ռուս-թուրքական պայմանագիրը՝ նախ Մոսկվայում, ապա վերահաստատվեց Կարսում։ Մոռացե՞լ են, որ ռուսներն ու թուրքերը իրար մեջ բաժանեցին Հայաստանի տարածքը, Նախիջևանն ու Արցախն էլ նվիրեցին Ադրբեջանին, իսկ դրանից առաջ էլ բոլշևիկյան զորքերը ադրբեջանցիների հետ կռվում էին Նժդեհի դեմ՝ Սյունիքը գրավելու համար։
Պետք է հիշեցնել այս ամենը։ Դրանից բացի մոռացե՞լ են, որ խորհրդայնացման առաջին օրերից երկրում քաղաքական ահաբեկչություն սկսվեց ու Խորհրդային կարգերի գոյություն ունեցած ողջ ընթացքում հայ ժողովրդի շահերը արգելված էին, առաջին տասնամյակներում հազարավոր մարդկանց աքսորեցին ու գնդակահարեցին ազգայնականության ու դաշնակցականության մեղադրանքով։ Մոռացե՞լ են, որ հենց ՀՅԴ-ն էր երկրորդ համաշխարհայինի ժամանակ ջանքեր գործադրում Հայաստանի անկախությունը վերականգնելու համար։ Մոռացե՞լ են ԽՍՀՄ փլուզման ամիսներին խորհրդային զորքերի «Օղակ» գործողությունը։ Մոռացե՞լ են, որ Սումգայիթում ջարդերից հետո Գորբաչովը ցինիկաբաար հայտարարեց, որ զորքերը ընդամենը երեք ժամ են ուշացել, մինչդեռ երեք օր քաղաքում իսկական սպանդ էր ընթանում։ Ու դրանից հետո էլ ՀՅԴ-ում մոռացե՞լ են, թե ինչքան զենք է վաճառել Ռուսաստանը Ադրբեջանին, մոռացե՞լ են, որ իրենց ընդհանուր ժողովից ընդամենը երկու ամիս առաջ Ռուսաստանն ու Ադրբեջանը կնքեցին դաշնակցային փոխօգնության պայմանագիր, մոռացե՞լ են, որ ամիսներով ՀՀ-ը խնդրում էր ՀԱՊԿ-ին, որ օգնություն ուղարկի, երբ ադրբեջանցիները տարբեր ուղղություններով հարձակվել էին ՀՀ տարածքի վրա, իսկ Մոսկովյան ՀԱՊԿ-ում հայտարարում էին, որ նախ դեռ պետք է պարզել, թե դա Հայաստանի տարա՞ծք է, թե ոչ։ Հիշեցնելու շատ բան կա։ Բայց հարկ չկա հատ հատ հիշել, ասվածն էլ բավական է։ Այսքանից հետո ՀՅԴ-ը առաջարկում է անկախությունը մի կողմ դնե՞լ և հուսալ, որ ամեն ինչ լավ կլինի՞։ Հետաքրքիր է, թե ի՞նչ են մտածում ՀՅԴ-ում հենց հիմա, իրենց շրջաբերականից երկու տարի անց, երբ ռուսական զորքերի լռության պայմաններում ադրբեջանցիները օկուպացրին ԼՂԻՄ-ի ողջ տարածքը և 100 հազարից ավել մարդու բռնի կերպով տեղահանեցին իրենց հայրենիքից, իսկ Պուտինը մեկ անգամ չէ, որ կրկնել է, թե Արցախը Ադրբեջանի մաս է կազմում։
Այս ամենից հետո ՀՅԴ շարքերում ինչ որ մտահոգություն չկա՞։ Չկա վախ, որ կուսակցական վերնախավը գաղափարական առումով վերածնվել է որպես հակապետական ինչ որ մարմին։ ՀՅԴ շարքերում իրո՞ք կարծում են, որ ռուսականացվելը հայ ժողովրդի փրկությունն է։ Լավ կլիներ, եթե ՀՅԴ մարմինները՝ կոմիտեությունները հանդես գային հստակ խոսքով և պարզ ասեին, թե դիտարկո՞ւմ են անկախությունից հրաժարվելու տարբերակ, թե ոչ։
Էլ ավելի զարմանալի է, որ նման տողեր ՀՅԴ-ում են գրվում, ոչ թե ինչ որ լիբերալ կուսակցությունում։ Իրեն Հայ Դատի պաշտպան հռչակած կուսակցությունը զբաղված է գրեթե հակապետական քարոզներով։ Միանալ Ռուսաստանի՞ն։ Ինչի՞ համար, որ վերջինս մեզ էլ ավելի շատ խեղդի և վերաձևի Հայաստանն այնպես ինչպես ուզո՞ւմ է։ Ինչպես 1921թ․ արեց։ Էլ ինչո՞վ է ՀՅԴ-ը տարբերվում Վեստ Սարգսից, ով ամեն ինչ արեց, որ Հայոց թագավորությունը դառնա բյուզանդական վասալ, համոզված լինելով, որ մեզ համար այդպես ավելի անվտանգ է։ Հրաժարվել անկախությունի՞ց։
ՀՅԴ այդ շրջաբերականը հակասում է ՀՅԴ ողջ գործունեությանը սկզբունքորեն՝ և՛ ազգային, և՛ քաղաքական, և՛ գաղափարախոսական առումներով։ ՀՅԴ կանոնադրությունն անգամ արգելում է նման բան մտածելը, ուր մնաց շարքերին նման բովանդակությամբ նամակ ուղարկելը։ Սոցիալիստական հասարակարգով և ազգային քաղաքական գաղափարախոսությամբ հանդես եկող կուսակցությունն այսօր առաջարկում է մտնել ավտորիտար մի կայսրության մեջ, որտեղից մենք մի կերպ ենք դուրս եկել նախորդ դարավերջին։
Սա շատ անհասկանալի և վտանգավոր շրջաբերական է։ Այնտեղ ուղղակիորեն չի ասվում եկեք հրաժարվենք անկախությունից, այնտեղ քննարկվում է դրա հավանականությունը։ Այսինքն տեսական մակարդակում ՀՅԴ-ում համաձայն են քննարկել ապագայի մի տարբերակ, որտեղ Հայաստան անկախությունից հրաժարվում է։ Սա կամ լավ մղումներով արված հիմար քայլ է, կամ արկածախնդրություն, որը կարող է թանկ արժենալ Հայաստանին։ Որովհետև անկախությունը գերագույն արժեք է, անկախությունը միակ հնարավորությունն է, միակ գործիքը, միակ իրավիճակը, որ թույլ է տալիս պետության սեփական ցանկություններն առաջ տանելու։ Անկախություն չունես, ուրեմն չունես պետություն, չունես սեփական ազատություն ու այն գործադրելու կամք։
Այս ամենից բացի ևս մեկ հարց է առաջանում։ Ո՞րն է ՀՅԴ առաքելությունն ընդհանրապես։ Գուցե նոր կանոնադրություն և ծրագիր մշակվի։ Որովհետև մի կողմից հայտարարել Անկախ Միացյալ Հայաստան, մյուս կողմից քննարկել այդ անկախությունից հրաժարվելու հավանականությունը, մի տեսակ գաղափարական աբսուրդ է։ Մարդը չի կարող միաժամանակ և՛ անկախական լինել, և՛ քննարկել այդ անկախությունը։ Կուսակցությունը, որը պայքարում է Ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման, հողերի վերադարձի համար, Վիլսոնյան վճռի իրականացման համար, խոսում է անկախության հրաժարումի տեսական հավանականության մասին։ Ենթադրենք, թե Թուրքիան ճանաչեց Ցեղասպանությունը և Վիլսոնի վճռով որոշված հողերը վերադարձրեց։ Վերադարձնելու է ո՞ւմ։ Ռուսաստանի՞ն։ Դա՞ է ՀՅԴ պատկերացրած Հայ Դատի հաղթանակը։ Դա՞ է ՀՅԴ պատկերացրած միացյալ և անկախ Հայաստանը։
Սա մի գաղափարական և կիրառական խառնաշփոթ է, որ ՀՅԴ-ում պիտի պարզաբանումներ ստանա, այլապես տպավորություն է ստեղծվում, որ ՀՅԴ-ում ոչ միայն ուղղություն է փոխվել, այլև Հայաստանի մասին սկզբունքային պատկերացումներ։
Եվ այդ ենթադրությունը օդից չէ վերցված։ Շրջաբերականի 31-րդ էջում կա 17-րդ կետը, որը բաղկացած է բազմակետերից, ոչ մի բառ գրված չէ։ Ունի այս տեսքը․ «․․․․․․»։ Անտեղյակ մարդուն դա կարող է վրիպակ թվալ, կան անհասկանալի շփոթմունք, բայց գործից տեղյակ մարդիկ գիտեն, որ այդ կետերը ՀՅԴ ԸԺ-ների շրջաբերականներին վերաբերող ավանդական ոճն է և այդ կետերը կարող են նշանակել ԽԻՍՏ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ, ՑՈՒՑԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ կամ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ նշանակություն։ Այսինքն այս շրջաբերականը պիտի լինի գերգաղտնի, չհրապարակվի ոչ մի դեպքում, կատարվի անխոս ու հապշտապ և ունենա հեղաշրջիչ նշանակություն։
Ուշագրավ է, որ այս շրջաբերականից մեկ տարի հետո՝ 2023թ․ սեպտեմբերի 9-ին Արցախում տեղի ունեցավ հապշտապ հեղաշրջում, որի արդյունքում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց, նախագահ ընտրվեց Սամվել Շահրամանյանը։ Այդ գործողություններին ակտիվ դերակատարում ունեցավ նաև ՀՅԴ-ը, որի անդամ Դավիթ Իշխանյանը նշանակվեց Ազգային Ժողովի նախագահ։ Այդ առիթով Բաքուն մի քանի անգամ զգուշացրեց, որ եթե Արցախում որևէ ընտրություններ լինի, ապա դա համարելու են սեպարատիստական շարժում։ Ընտրությունները տեղի ունեցան։ Դրանից օրեր հետո տեղի ունեցավ Բաքվի հարձակումը և արցախցիների բռնագաղթը։
Ինչի՞ համար արվեց այդ ընտրությունը։ Ո՞րն էր մերկ ձեռքերով կացնին խփելու տրամաբանությունը։ Ինչի՞ հանգեցրեց այդ արկածախնդրությունը։ Ի՞նչ էր ցանկանում անել դրանով ՀՅԴ-ը։ Արդյունքները բավարարեցի՞ն։ Չէ՞ որ ամեն ինչից բացի հենց ինքը Դավիթ Իշխանյանն էլ այժմ գերի է Բաքվի բռնապետի ձեռքում։
Արդյո՞ք դա չի նշանակում, որ այս շրջաբերականով նոր ու ավելի վտանգավոր արկածախնդրություն է առաջարկվում, միայն թե այս անգամ նշակետը լինելու է ՀՀ անկախությունը։
ՀՅԴ-ը ասելիք չունի՞։

Շրջաբերականի աղբյուրը՝ civic.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *