Հայաստան

Խայտառակ Եւ Ամոթալի Որոշում

Ամենուր եւ անդադար Հայաստանի ժողովրդավարության զարգացումից եւ հաջողություններից խոսող իշխող քաղաքական ուժը եւ վարչապետ Փաշինյանը, այս որոշմամբ, փաստորեն հասկացնում են, որ հնարավոր մասնակցային եւ արդար ժողովրդավարությունը իրենց համար այնքան էլ ցանկալի բան չէ, կամ ցանկալի է այնքանով, որքանով չի վնասում միահեծան իշխանության պահպանմանը:

Լևոն Բարսեղյան

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը այսօր որոշեց ԱԺ ընտրական համակարգից «կայուն մեծամասնության ապահովման» մեխանիզմը թողնել այդպիսին 2026-ի խորհրդարանական ընտրությունների համար, այսինքն՝ չփոխել մինչեւ հաջորդ ընտրություննեը:

Ասել, որ ներքաղաքական կյանքում սա այս իշխանության հերթական խայտառակ որոշումն է, նշանակում է ոչինչ չասել:

  1. Այս մեխանիզմը, որ աշխարհում 1-2 երկրում է փորձարկվել, մեր ընտրական համակարգ մտցրել էին Սերժիկ Սարգսյանի հավատարիմ ծառաները, որպեսզի ապահովեին ՀՀԿ ցմահ թագավորությունը: ՀՀ նոր իշխանությունը, որ 2018-ին եւ 2021-ին այդ մեխանիզմից օգտվելու կարիքը չի ունեցել, որովհետեւ ստացել է բացարձակ մեծամասնություն (71 եւ 54 տոկոս), դատելով ներքաղաքական դրությունից եւ հատկապես Երեւանի ավագանու 2023 թ սեպտեմբերի ընտրություններում իր տարած քվեներից (33 տոկոս, 2018-ի 81 տոկոսի փոխարեն), հասկանալով, որ չի բացառվում, որ հերթական ԱԺ ընտրություններում բացարձակ մեծամասնություն չստանա, բայց ստանա հարաբերական մեծամասնություն եւ դատապարտված լինի, կոալիցիա կազմել այս կամ այն կուսակցությունների հետ, որոշեց օգտվել Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրման այդ մախանիզմից, որի իմաստը հարաբերական մեծամասնություն ստացած քաղաքական ուժին լրացուցիչ մանդատներ ստանալու հնարավոր տալն ու կայուն՝ բացարձակ մեծամասնություն սարքելն էր: Այս համակարգով, օրինակ, 35 տոկոս ստացած քաղաքական ուժը, խորրդարանում ներկայացված է լինելու 54 տոկոսով, իսկ 7 տոկոս ստացած քաղաքական ուժը դրա հետեւանքով խորհրդանում կարող է ներկայացված լինել մանդատների 3-4-5 տոկոսով: Սա ներկայացուցչական ժողովրդավարության դիտավորյալ աղճատում եւ հաշմում է:
  2. Չնայած 2024 թ. հուլիսի 1-ին Նիկոլ Փաշինյանը պատասխանելով համաժողովի ժամանակ հնչած հարցին, ասել էր, թե կողմ է, որ կայուն մեծամասնության համակարգը վերացվի, իր ստեղծած խորհրդի անդամների մեծ մասը, այդ թվում նախարար Գ. Մինասյանը եւ ՀՀ ԱԺ պետական, իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վ.Վարդանյանը հետեւողականորեն դիմադրել են այդ համակարգի վերացմանը, անլուրջ արդարացումներ բերելով դրա համար: «Արդյոք մենք ուզում ենք հրաժարվել կայուն քաղաքական մեծամասնության կարգավորում։ Այո, ուզում ենք։ Բայց արդյոք մենք ուզում ենք դա անել հիմա՝ առանց կոմպլեքս սահմանադրությունը դիագնոստիկա անելու։ Ոչ, չենք ուզում եւ ի սկզբանե չենք էլ ուզել։ Սա է իմ դիրքորոշումը» ասել է նախարար Մինասյանը: Ն.Փաշինյանը հաստատապես տեղյակ է այդ դիրքորոշմանը, այդ պաշտոնյաները չէին կարող գործել առանց իր համաձայնության: Այդ դեպքում ստացվում է, որ Փաշինյանը հրապարակավ մի դիրքորոշում է հայտնում, իսկ իր թիմակիցները հակառակն են անում: Իսկ եթե Փաշինյանի կամքին հակառակ են վարվել Մինասյանը եւ Վարդանյանը, ՔՊ համապատասխան արձագանքը պետք է հնչի, ինչը չի հնչել դեռ:
  3. Խորհրդի «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը պաշտպանել է իշխանական մեծամասնության դիրքորոշումը, պահպանելով ԱԺ ձեւավորման կայուն մեծամասնության խայտառակ սկոբունքը: Նա, երեւի չի հասկացել, որ այս սկզբունքի շնորհիվ, եթե իրենց քաղաքական ուժը ԱԺ ընտրություններում ժողովրդից 15 տոկոս ստանա, ԱԺ-ում ներկայացված կլինի 5-7 տոկոսով: Այսինքն՝ ներկայացուցիչը գործել է ՔՊ հետ համահունչ ընդդեմ օրենսդիր մարմնում բազմակուսակցական եւ համամասնական ներկայացվածության շահի:
  4. Ամենուր եւ անդադար Հայաստանի ժողովրդավարության զարգացումից եւ հաջողություններից խոսող իշխող քաղաքական ուժը եւ վարչապետ Փաշինյանը, այս որոշմամբ, փաստորեն հասկացնում են, որ հնարավոր մասնակցային եւ արդար ժողովրդավարությունը իրենց համար այնքան էլ ցանկալի բան չէ, կամ ցանկալի է այնքանով, որքանով չի վնասում միահեծան իշխանության պահպանմանը: Այս անկյունաքարային վճռով «Քաղաքացիական պայմանագիրը» անուղղակիորեն հայտարարեց, որ իր համար միանգամայն ընդունելի է ՀՀԿ ներմուծած այդ կարգավորումը, որ արվել էր 2016 թվականին:
  5. Կայուն մեծամասնության ապահովման սկզբունքը համայնքների ավագանու ընտրություններում, որ նույնպես գործում էր 2016-2018 թթ. այս իշխանությունը վերացրել էր, եւ անցած տարիների ավագանու համամասնական ընտրությունները անցկացվել են առանց այդ ապականիչ գործիքի. համայնքների ավագանու կազմերում սահմանված շեմից առավել հավաքած քաղաքական ուժերը ներկայացված են իրենց ստացած քվեների համամասնությամբ: ԱԺ ընտրության համակարգում այդ սկզբունքի վերացման դեմ այս կատաղի պայքարը հուշում է, որ ՔՊ-ն կարող է մի օր էլ վերականգնել համայնքային ընտրություններում կայուն մեծամասնության ապահովման սկզբունքը՝ երկիրը ետ գլորելով 2016 թվական:
  6. 2026 թվականի ԱԺ ընտրություններից ընդառաջ այդ փոփոխությունը իրականացնելու՝ կայուն մեծամասնության ապահովման սկզբունքի վերացման առաջարկին կողմ էին քվեարկել խորհրդի հետեւյալ անդամները. «Իրազեկ քաղաքացիական միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյան, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունց եւ փաստաբան Տիգրան Եգորյան։
  7. ՔՊ-ն առաջիկայում կփորձի զանազան ձեւական եւ կեղծավոր արդարացումներ ու հիմնավորումներ պատմել այն բանի, թե ինչու է որոշել պահպանել կայուն մեծամասնության ապահովման ամոթալի սկզբունքը, կպատմի, որ երկրին կայունություն է պետք, կարող են ցնցումներ լինել, եթե կայուն մեծամասնության սկզբունքը չգործի, մոռանալով, որ 2018-ին կայուն մեծամասնոսւթյունը չխանգարեց իշխանափոխությանը, սակայն դրանով ավելի կխորացնի կասկածները, թե իշխանության պահպանումը ժողովրդական արդար ներկայացվածության խափանման գնով դառել է իր կարեւոր նպատակներից մեկը:

Լուսանկարը հանրային հեռարձակողի կայքից է:

Գրառումը՝ Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից։

https://www.facebook.com/share/p/3S8mtKpwnp39RJt4/?
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *