ՄԵՐ ՈՒՂԻՆ

Թուրք-Հրեական Դաշինքն Ընդդեմ Իրանի ու Հայաստանի

Վիկիլիքսյան աղբյուրներից տեղեկանում ենք, որ Ադրբեջանը Իսրայելից ստացել է հատկապես այնպիսի զինատեսակներ, որոնք նրան չեն վաճառել ՆԱՏՕ, ԵՄ անդամ երկրներն ու Ռուսաստանը։ Իսրայելը լրացրել է ադրբեջանական զինապահեստի ժամանակակից մասը։ Եթե 2016թ․ Քառօրյա պատերազմի ժամանակ իսրայելցի օպերատորներ էին վարում հայկական դիրքերի վրա հարձակվող իսրայելյան արտադրության աթս-ները, ապա 44-օրյայի ժամանակ իսրայելյան աջակցությունը Ադրբեջանին արտահայտվեց և գրեթե ամենօրյա զենքի մատակարարումով, և՛ դիվանագիտորեն։

Արայիկ Մկրտումյան

Մինչ տարածաշրջանում շարունակվում է անկայունությունը, իսկ հավանական պատերազմը՝ թե՛ Հայաստան-Ադրբեջան, թե՛ Իրան-Իսրայել կտրվածքով սկսման ռեալ վտանգներ է պարունակում, փորձենք դիտարկել Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները և հասկանալ, թե այդ ինչպե՞ս է, որ Ադրբեջանը հայտվել է Իսրայելի բարեկամների, իսկ Հայաստանը՝ ոչ-բարեկամների շարքում։ Ի վերջո ադրբեջանա-իսրայելյան հարաբերությունները երկկողմանի խիստ շահավետ են՝ ռազմատնտեսական առումով և մենք դա ուղղակիորեն զգացել են մեր մաշկի վրա։
Ադրբեջանի ու Իսրայելի մեջ դիվանագիտական հարաբերությունները սկսվել են 1992թ․-ից՝ ԽՍՀՄ փլուզվելուց հետո։ Ադրբեջանա-իսրայելյան հարաբերությունները հենց սկզբից նշանավորվել են բավական կարևոր առևտրատնտեսական պայմանագրերով, հետագայում նաև հասնելով ռազմական համագործակցության։
Այսպես՝
Երկու տասնամյակ առաջ՝ 1994 թվականի սեպտեմբերի 20-ին, Բաքվի Գյուլիստան պալատում կնքվեց կարևորագույն համաձայնագիր Ադրբեջանի կառավարության և մի քանի միջազգային կոնսորցիումների միջև, որը հետագայում ստացավ «Դարի պայմանագիր» անվանումը։ Այս պայմանագիրը դարձավ նշանակալի իրադարձություն Ադրբեջանի և Արևմուտքի հարաբերությունների համար՝ խորը ազդեցություն թողնելով նաև Արցախի խնդրի և Արևմուտքի կողմից Բաքվի հանդեպ վարած քաղաքականության վրա։
«Դարի պայմանագրի» արդյունքում, 8 տարբեր երկրների 12 նավթային ընկերություններ ստանձնեցին Կասպից ծովի ադրբեջանական հատվածի՝ Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթահանքերի շահագործումը։ Ստորագրող կազմակերպություններից էին ամերիկյան Amoco, Unocal, Pennzoil, Exxon, բրիտանական BP, Ramco, ինչպես նաև նորվեգական Statoil, ռուսական LUKoil, թուրքական TPAO և այլք։ Այս համաձայնագիրը ճանապարհ հարթեց 26 նոր պայմանագրերի կնքման համար՝ ներգրավելով 41 ընկերություններ՝ 19 երկրներից։
1995 թվականին մեկնարկեց Չիրագ-1 հարթակի արդիականացման աշխատանքները, իսկ 1997 թվականին սկսվեց Չիրագի նավթահանքերի շահագործումը։ 1999 թվականին, ադրբեջանական նավթով բեռնված առաջին տանկերները ռուսական Նովոռոսիյսկ նավահանգստից մեկնեցին միջազգային շուկա։ «Դարի պայմանագիր»-ը ստացավ նոր շունչ 2006 թվականի հուլիսի 13-ին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան էներգետիկ միջանցքի գործարկումից հետո։ Համաձայն պայմանագրի, ընդհանուր եկամուտների 80 տոկոսը պատկանում է Ադրբեջանին, իսկ մնացած 20 տոկոսը՝ գործընկեր ընկերություններին։
20-ամյակի կապակցությամբ, պայմանագրի հիման վրա սկսվեց Անդրանատոլական գազատարի նոր լայնամասշտաբ նախագծի իրականացումը։ Տարիների ընթացքում պայմանագրի մասնակիցների կազմը փոփոխվել է՝ McDermott-ը և AIOC-ը դուրս են եկել, նրանց փոխարինել են նոր ընկերություններ, այդ թվում՝ ճապոնական Itochu-ն։ BP-ն և Amoco-ն միավորվել են, իսկ Exxon-ը և Mobil-ը նույնպես ձևավորել են նոր կոնսորցիում։ Հնդկական ONGC Videsh Ltd-ն նույնպես մտել է նախագծի մասնակիցների շարքը՝ գնելով Hess Corporation-ի բաժնեմասը։
2014թ․ դրությամբ նախագծի հիմնական մասնակիցներն են՝ BP (35.78%), Chevron (11.27%), Inpex (10.96%), Itochu (4.3%), ExxonMobil (8.0006%), ONGC Videsh Ltd (2.72%), SOCAR (11.65%), Statoil (8.56%) և թուրքական TPAO (6.75%)։

2017 թ. ապրիլին երկու երկրների միջև չեղարկվել է ապրանքների կրկնակի հարկումը, երկու տարի հետո՝ 2019-ի հուլիսին կողմերը ստորագրեցին համագործակցության հուշագիր: 2019թ․ երկու երկրների միջև ապրանքափոխանակության ծավալները 200 միլիոն դոլարից հասել էին 5 մլրդ դոլարի: 2021 թ. հուլիսի 29-ին, երբ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Ջաբարովն այցելում էր Իսրայել, Թել Ավիվում բացվեց Ադրբեջանի առեւտրային ներկայացուցչությունը: Դրանով Ադրբեջանի հարաբերությունները Իսրայելի հետ մտան նոր փուլ: 2023 թվի մարտի 29-ին Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման առթիվ Թել Ավիվում հայտարարեց, որ 2022-ին երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալն ավելացել է 87 %-ով, իսկ Ադրբեջանում գործող իսրայելական ընկերությունների թիվը հասել՝ 140-ի: Գալով Իսրայելում ներդրում կատարված ադրբեջանցիներին, որոնց մեջ իր տիկնոջ՝ Մեհրիբանի հետ առաջնակարգ տեղ է գրավում Իլհամ Ալիեւը: 2017-ին «Hareetz»-ը գրել էր, որ վերջիններիս ներդրումն Ադրբեջանում կազմում է 600 մլն դոլար: Ներկայումս Իսրայելն Ադրբեջանի առաջնակարգ առեւտրատնտեսական գործընկերների առաջին տասնյակում է:
Ընդ որում նավթային այս պայմանագրից, որ հեռավոր 90-ականներին կնքվեց, չէր կարող անմասն մնալ նաև Ռուսաստանը։ Չճշտված, բայց տրամաբանությանը մոտ կարծիքները նշում են, որ այդ պայմանագրի կնքմանը մեծապես աջակցեց Ռուսաստանի հրեական էլիտան, որով և՛ փրկեցին Ադրբեջանին հետագա բարդություններից, քանի որ ռազմական առումով պարտող, քայքայվող տնտեսությամբ Ադրբեջանն անխուսափելիորեն ճգնաժամի առաջ էր կանգնելու, և՛ միաժամանակ Ադրբեջանական նավթի ուղղորդումով Իսրայել՝ կարողացան ռազմական կոնֆլիկտը վերահսկելու մեխանիզմները վերցնել իրենց ձեռքը։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո քաղաքական վակուումում հայտնվեցին խորհրդային բոլոր երկրները, ուստի զարմանալի պետք է լիներ, թե ի՞նչ արագությամբ Ադրբեջանը կարողացավ իրականացնել տնտեսական նման հսկայական պայմանագրի կնքում, որի քննարկումը միայն կարող էին տարիներ տևել։
Տնտեսական այս հարաբերությունները իր ժամանակին լրացվել են նաև ռազմական համագործակցությամբ։ Թեև երկու երկրները պաշտոնապես որևէ ռազմաքաղաքական նույն բլոկի անդամներ չեն հանդիսանում, բայց Ադրբեջանը ոչ միայն Իսրայելից ստացել է միլիարդավոր դոլարների հասնող ժամանակակից զենք ու տեխնիկա, այլև Իսրայելի առաջին դեմքերը երբեք առիթը բաց չեն թողել հայտարարելու, որ սատարում են Ադրբեջանին։ Բնականաբար այդ սատարումը եղել է Հայաստանի դեմ։
Վիկիլիքսյան աղբյուրներից տեղեկանում ենք, որ Ադրբեջանը Իսրայելից ստացել է հատկապես այնպիսի զինատեսակներ, որոնք նրան չեն վաճառել ՆԱՏՕ, ԵՄ անդամ երկրներն ու Ռուսաստանը։ Իսրայելը լրացրել է ադրբեջանական զինապահեստի ժամանակակից մասը։ Եթե 2016թ․ Քառօրյա պատերազմի ժամանակ իսրայելցի օպերատորներ էին վարում հայկական դիրքերի վրա հարձակվող իսրայելյան արտադրության աթս-ները, ապա 44-օրյայի ժամանակ իսրայելյան աջակցությունը Ադրբեջանին արտահայտվեց և գրեթե ամենօրյա զենքի մատակարարումով, և՛ դիվանագիտորեն։
Ադրբեջան-Իսրայել աննախադեպ սերտացումը նաև հնարավոր եղավ ոչ միայն տնտեսական փոխադարձ շահերի, այլև առաջին հերթին քաղաքական պատճառներով։ Իրան-Իսրայել մշտապես լարված ու գրեթե թշնամական հարաբերությունների դեպքում Ադրբեջանը հրաշալի ռազմաբազա կարող էր դառնալ Իսրայելի համար։ Տնտեսական իր օգուտների դիմաց Ադրբեջանը Իսրայելին վճարեց նաև իր տարածքի ու քաղաքականության տրամադրումով Իրանի դեմ։ Նույնիսկ 44-օրյա պատերազմի մասին վարկածներ կան առ այն, որ 2020-ին Պուտինի, Թրամփի և մյուս համաշխարհային լիդերների լուռ համաձայնությամբ ու թողտվությամբ սանձազերծված պատերազմը ոչ միայն հայերի դեմ էր ուղղված, այլև Իրանի։ Ըստ այդ տրամաբանության՝ 44-օրյա պատերազմը պիտի հանգեցներ Իրանը պատերազմի մեջ ներքաշելուն կամ այդ աղմուկի ներքո իրանական միջուկային ծրագիրը ոչնչացնելուն։ Մինչև հիմա էլ բազմաթիվ թեզեր են շրջանառվում այն մասին, որ Իսրայելը Իրանին կարող է հարվածել Ադրբեջանից՝ օգտագործելով այնտեղ ոչ պաշտոնապես գտնվող իսրայելական ռազմական հենակետերը։ Պատահական չէ, որ իրանական «միջուկային ռումբի հայր» համարվող գիտնական Մոհսեն Ֆահրիզադեն սպանվեց հենց 2020թ․ 44-օրյա պատերազմի ավարտից օրեր անց՝ տարածաշրջանային քաղաքական քաոսի պայմաններում։ Իրանը Իսրայելին էր մեղադրում այդ սպանության համար։ Դրանից հետո Բազմաթիվ դեպքեր արձանագրվեցին, երբ իսրայելյան հարվածները, թեև տարբեր պատճառաբանություններով, բայց ուղղվում էին Իրանի դեմ։ 2023թ․ դեկտեմբերին Սիրիայում ավիահարվածից սպանվեց հեղափոխության պահապանների կորպուսի ավագ խորհրդական Սայեդ Ռազի Մուսավին։ Դրանից առաջ 2020 թվականի հունվարի 3-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերը հրթիռային հարված են հասցրել Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է Ղասեմ Սոլեյմանին և Իրաքի շիա իսլամական զինված խմբավորումների մի շարք առաջնորդներ։ Պենտագոնի հաղորդմամբ՝ հարձակման հրամանն արձակել է անձամբ ԱՄՆ նախագահ Թրամփը ։ Ղասեմ Սոլեյմանիի վրա հրթիռային հարված հասցրել են դեկտեմբերի 31-ին Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանությունում ցուցարարների ներխուժումից հետո։ Այդ հարաբերությունները սրեցին Իրան-ԱՄՆ հարաբերությունները, ինչը լիովին Իսրայելի շահերից էր բխում։ Այժմ էլ Իսրայելն ամեն ինչ անում է ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմի մեջ ներքաշելու համար։ Առայժմ Իրանը զերծ է մնում պատերազմի մեջ ներքաշվելուց։ ԱՄՆ-ը ևս չի խրախուսում ինչ որ առումով անվերահսկելի դարձած Իսրայելին, ում անվերապահ աջակցում է Բաքուն։
Իրանի հետ թշնամանքը Իսրայելին ու Ադրբեջանին մոտեցրեց իրար և դա վերածվեց ոչ պաշտոնական քաղաքական դաշինքի՝ սերտաճելով բազմաթիվ տնտեսական պայմանագրերի հետ։
Կայուն քայլերով ոտքի կանգնող Ադրբեջանը, որ ուներ Թուրքիայի, Իսրայելի անվերապահ աջակցությունը, կարևոր լոգիստիկ շրջան դարձավ Միջին Ասիայից Եվրոպա գնացող բազմաթիվ քաղաքատնտեսական նախագծերի համար։

Ադրբեջանն այն բացառիկ երկիրն է, որ մահմեդական լինելով հանդերձ աջակցում է Իսրայելի սիոնիստական ռեժիմին։ Նույնիսկ պաղեստինա-իսրայելյան կոնֆլիկտում, որտեղ կողմերից մեկը հենց ադրբեջանցինրի հավատիկ մահմեդականներ են, Բաքուն պաշտպանում է Նեթանյահուին։ Եվ ամենից հաճախ՝ այդ թուրք-հրեական դաշինքն իր սուր ծայրերով ուղղված է ոչ միայն Իրանի, այլև Հայաստանի դեմ։ Վիկի լիկսի տվյալներով Իրսայելը և Ադրբեջանը Իրանին համարում են Հայաստանի դաշնակից երկիր, մինչդեռ Հայաստանն այդպես էլ չկարողացա իր 30-ամյա գործունեության ընթացքում Իրանին իրոք դարձնել դաշնակից կամ չեզոքացնել իսրայելա-ադրբեջանական հանցավոր կապը։
Զարմանալի ու ցավալի է այն, որ մինչ օրս հոլոքստից խոսող Իսրայելը, որ առիթը բաց չի թողնում հիշեցնելու երկրորդ համաշխարհայինում հրեաների ջարդերի մասին, ոչ միայն չի ճանաչել Հայոց ցեղասսպանությունը, այլև զենքի մատակարարմամբ ու դիվանագիտական աջակցմամբ դառնում է ցեղասպան Ադրբեջանի ուղղակի հովանավորն ու հանցակիցը։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *