Իսկ հնարավո՞ր է, որ Բաքվին դուր չի եկել Երևան-Անկարա հանդիպման հանգամանքը: Այլ կերպ ասած, Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշի հանդեպ այդ «խանդի» պատճառով է, որ Բաքվի խորհրդարանի նախագահ Գաֆարովան հրաժարվել է հանդիպել Հայաստանի խորհրդարանի նախագահի հետ:
Հակոբ Բադալյան
Ինչո՞ւ է հրաժարվել Ադրբեջանը. խա՞նդ
Ադրբեջանի խորհրդարանի նախագահը հրաժարվել է Ժնևում հանդիպել Հայաստանի ԱԺ նախագահի հետ, ըստ տեղեկության՝ վերջին պահին, առայժմ չհրապարակված պատճառով: Ժնևի հանդիպումը լինելու էր այդ ձևաչափով հերթականը: Դրա մասին ազդարարվել էր մի քանի շաբաթ առաջ, սակայն հանդիպումը տեղի չի ունեցել: Այդ հանգամանքը գուցե չլիներ առանձնապես ուշադրության առարկա, եթե չլիներ այն ֆոնը, որ կա Ադրբեջանի բավականին նկատելի ագրեսիվացած պահվածքի և սրված հռետորաբանության առումով:
Արդյո՞ք դրա մի դրսևորում էլ այն է, որ Բաքուն հրաժարվել է խորհրդարանների նախագահների մակարդակով հերթական հանդիպումից: Իհարկե, դժվար է ասել, թե այդ հանդիպումներն ընդհանրապես ինչ իմաստ ու նպատակ էին հետապնդում, եթե այսպես ասած հայ-ադրբեջանական բանակցությունն ու գործընթացն իրականացվում էին «դիվանագիտական խողովակներով», ընդ որում՝ գործադիր իշխանության մակարդակով: Ակնառու է, իհարկե, որ խորհրդարանական ձևաչափը ոչ թե ընկել էր օդից, այլ նախաձեռնվել որևէ ուժային կենտրոնի գաղափարով, անուղղակի միջնորդությամբ, թեև հանդիպումներն իրականացվում էին այսպես կոչված Միջխորհրդարանական միջազգային կառույցի հովանու ներքո:
Դրա փոխարեն Ժնևում կայացել է Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանների նախագահների հանդիպում, որի ընթացքում պայմանավորվել են շարունակել շփումները, ինչպես հայտնել է Հայաստանի խորհրդարանի նախագահը։ Իսկ հնարավո՞ր է, որ Բաքվին դուր չի եկել Երևան-Անկարա հանդիպման հանգամանքը: Այլ կերպ ասած, Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշի հանդեպ այդ «խանդի» պատճառով է, որ Բաքվի խորհրդարանի նախագահ Գաֆարովան հրաժարվել է հանդիպել Հայաստանի խորհրդարանի նախագահի հետ:
Հնարավո՞ր է, որ Ադրբեջանը համարում է, որ Երևանի հետ հանդիպելով, Անկարան, ըստ էության, բարձրացնում է Հայաստանի քաղաքական կշիռը: Դա թերևս բացառել պետք չէ, քանի որ այստեղ շերտերը նուրբ են և էական: Ինչ խոսք, Հայաստանի հետ Թուրքիայի շփումները որևէ կերպ չեն կարող լինել այսպես ասած հավասար նժարներով, և այստեղ պատրանք ունենալ պետք չէ: Սակայն, լայն իմաստով, պետք չէ նաև անտեսել այն հանգամանքը, որ Ադրբեջանը փորձում է դիրքավորվել Կովկասում ինքնուրույն բարձրության վրա և այդ դիրքավորման բաղադրիչ է դիտարկում Հայաստանի հետ գործընթացը, որտեղ դրսևորվում է թելադրողի դերում:
Այդ ֆոնին, երբ Անկարան հանդիպումներ է ունենում Հայաստանի հետ, մի կողմից Բաքուն դա կարող է դիտարկել իր ճնշման քաղաքականության աջակցություն, մյուս կողմից, սակայն, Հայաստանի քաղաքական դերի որոշակի «ճանաչում», այն դեպքում, երբ Բաքուն փորձում է, որ միջազգային դերակատարները, այդ թվում՝ Թուրքիան, Հայաստանի տեղն ու դերը դիտարկեն իր ենթակայությամբ: