Իրավիճակը մեղմելու համար մի քանի իսրայելցի գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ եւ զսպվածության կոչ արել: Նրանք հիշեցրել են, որ Ադրբեջանը շարունակում է մնալ Իսրայելի ռազմավարական դաշնակիցը, ապահովում է նավթի ներքին օգտագործման պաշարների ավելի քանի քառասուն տոկոսը:
Վահրամ Աթանեսյան
Ադրբեջանը չի կարող սննդամթերքի արտահանող լինել, քանի որ ինքը ներմուծող է։
Ադրբեջանի գյուղատնտեսությունը խոր ճգնաժամի մեջ է: Անցնող տարվա ինը ամիսների կտրվածքով պարենամթերքների ներկրումն աճել է մոտ մեկ երրորդով: Չնայած Իլհամ Ալիեւի հռչակած գյուղատնտեսության վերածննդի եւ զարգացման պետական ծրագրին, չի հաջողվել ապահովել հացահատիկի սեփական կարիքների համար անհրաժեշտ արտադրություն: Ամռան ամիսներին նույնիսկ արձանագրվել են Թուրքիայից մեծ ծավալով լոլիկի ներկրման դեպքեր:
Հատկապես ծանր է անասնապահության վիճակը: Անցնող տարում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կրճատվել ավելի քան 150, մանր եղջերավորներինը՝ շուրջ 500 հազարով: Մեծածախ առեւտրի կետերում տավարի միսը վաճառվում է կիլոգրամը 18–20, գառանը՝ 22–24 մանաթով: Ֆերմերները բողոքում են արոտավայրերի բացակայությունից, կերերի թանկությունից, մսամթերքի շուկայում մենաշնորհներից, որ անմիջական արտադրողին թույլ չեն տալիս իրացնել ապրանքը:
Գյուղատնտեսության ծանր վիճակի պատճառներից մեկը, թերեւս ամենահիմնականը, ցամաքային փակ սահմաններն են: Մանր տնտեսվարողները զրկված են հարեւան երկրների հետ առեւտրի հնարավորությունից, ուստի արտադրության ծավալները մեծացնելու ոչ մի շահագրգռվածություն չունեն, քանի որ գտնվում են մեծածախ առեւտրող զբաղվող ընկերությունների ճնշման տակ:
Եւ այս պայմաններում տեղեկություն է հայտնվել, որ Թուրքիայի կողմից Իսրայելի նկատմամբ առեւտրաշրջանառության արգելքի սահմանումից հետո Ադրբեջանը դարձել է հրեական պետության մի շարք սննդամթերքների, այդ թվում՝ մակարոնեղենի, որոշ տեսակի երշիկների, ապխտած մսի եւ թխվածքեղենի մատակարար:
Իսրայելական մամուլի տեղեկություններով՝ հատկապես տարածված է „արտադրված է Ադրբեջանում„ մակնշումով մակարոնեղենը, որ եռակի, քառակի էժան է, քան՝ իտալականը:
Ադրբեջանական „արտադրության„ սննդամթերքը, սակայն, վաճառվում է հիմնականում երկրորդական-երրորդական կարգի խանութներում, իսրայելական սուպերմարկետներն, ինչպես նախկինում, գերադասում են իտալական արտադրանքը:
Ադրբեջանական „արտադրության„ սննդամթերքն, ինչ խոսք, ոչ միայն Իսրայելում, այլեւ զարգացած այլ երկրներում լայն պահանջարկ չի կարող ունենալ, ոչ էլ սահմանափակ քանակի շրջանառությունը շահութաբեր է: Խնդիրն, ըստ էության, ավելի շատ քաղաքական հարթությունում է. կողմերը նման պայմանավորվածության են եկել, որպեսզի հանրային տպավորություն ստեղծվի, որ դժվար պահին մեկը մյուսի կողքին է:
Վերջերս Իսրայելում էթնիկ ադրբեջանցիներից եւ Ադրբեջանից հայրենադարձված հրեաներից կազմված երկու լրտեսական խումբ է բացահայտվել, որ, ըստ պաշտոնական վարկածի, աշխատել է իրանական հետախուզության օգտին: Այդ առթիվ Իսրայելում հանրային դժգոհության ալիք է բարձրացել, հնչել են Ադրբեջանից հայրենադարձվածներին արտաքսելու պահանջներ:
Իրավիճակը մեղմելու համար մի քանի իսրայելցի գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ եւ զսպվածության կոչ արել: Նրանք հիշեցրել են, որ Ադրբեջանը շարունակում է մնալ Իսրայելի ռազմավարական դաշնակիցը, ապահովում է նավթի ներքին օգտագործման պաշարների ավելի քանի քառասուն տոկոսը:
Իսրայելական առեւտրական ցանցերում Ադրբեջանում „արտադրված սննադամթերքի„ մասին տեղեկությունը նույն քարոզչության դրսեւորումներից է եւ վկայում է, որ հրեական հանրությունը շարունակում է Բաքվի նկատմամբ անվստահություն դրսեւորել: Իսրայելա-թուրքական հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա, իսկ Իսրայելում ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Թուրքիան եւ Ադրբեջանը „մեկ ազգ, երկու պետություն են„:
Ամենեւին էլ բացառված չէ, որ „արտադրված է Ադրբեջանում„ մակարոնեղենը, երշիկը, ապխտած միսը եւ թխվածքաբլիթներն իրականում թուրքական են, փոխվել է ընդամենը փաթեթավորումը, եւ Բաքուն պարզապես միջնորդի դեր է կատարում: Ինչպես Թուրքիան է ադրբեջանական նավթի Իսրայել արտահանման գործարքի միջնորդ:
Ինչ էլ որ իրականում լինի կամ կա, մի բան ակնհայտ է. Ադրբեջանը չի կարող արտահանել սննդամթերք, որ սեփական կարիքների համար ներմուծում է այլ երկրներից, քանի որ գյուղատնտեսությունը ողբալի վիճակում է, վերամշակող արդյունաբերությունը՝ նույնպես:
