Ռուսաստանցի մի շարք փորձագետներ կարծում են, որ Թրամփը ‚միայն առերեւույթ կթուլացնի Ռուսաստանի դեմ ճնշումները։
Վահրամ Աթանեսյան
Նոյեմբերի 13-ին Լեհաստանի Ռաձինկովո ավանում բացվում է ՆԱՏՕ‑ի հակահրթիռային պաշտպանության նոր կենտրոն, որ, ինչպես արեւմտյան աղբյուրներն են փոխանցում, ունակ կլինի ոչ միայն պաշտպանվել, այլեւ հարձակվել. Կենտրոնի զինանոցում կլինեն ամերիկյան „Տոմահավկ„ հրթիռներ: Դրանց հեռահարությունը 2400 կիլոմետր է, կարող են կրել թե սովորական, թե միջուկային մարտագլխիկներ:
Նախկինում Ռաձինկովոյի կենտրոնը հանդիսացել է ԱՄՆ ռազմական հենակայան: Դոնալդ Թրամփի նախագահության առաջին շրջանում այն փոխանցվել է ՆԱՏՕ-ին եւ ֆորմալ առումով ԱՄՆ‑ը որեւէ պատասխանատվություն այնտեղ իրականացված տեխնիկական եւ տեխնոլոգիական համալրումների, արդիականացման համար չի կրում:
Ռուսաստանյան „Նեզավիսիմայա գազետա„-ի մեկնաբանը, սակայն, արձանագրում է, որ Ռաձիկովոյի հակահրթիռային պաշտպանության բացումը տեղի է ունենում ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամպի ընտրությունից մեկ շաբաթ անց եւ համարում, որ դա քաղաքական խոր ենթատեքստ ունեցող քայլ է:
Այդ տեսակետն ամրապնդելու համար նա վկայակոչում է Լեհաստանի վարչապետ Տուսկի նախաձեռնությունը, որ պետք է ստեղծել Եվրոպայի հյուսիսային եւ արեւելյան երկրների դաշինք՝ դիմակայելու Ռուսաստանի շատ հավանական նախահարձակմանը: Փաստացի Լեհաստանի տարածքում բացվում է ռազմահենակայան, որտեղից ամերիկյան „Տոմահավկ„ հրթիռներով հնարավոր է խոցել Ռուսաստանի նույնիսկ անդրուրալյան տարածքի թիրախները:
Ռազմական փորձագետ Նետկաչեւը „Նեզավիսիմայա գազետային„ ասել է, որ անգամ Ուկրաինայում լիակատար ռազմական հաղթանակն Ռուսաստանին չի ապահովագրում ՆԱՏՕ‑ի ռազմավարական նշանակության սպառնալիքներից: Նրա կարծիքով՝ չպետք է մեծ լավատեսությամբ նայել ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի ընտրությանը:
Նետկաչեւի գնահատմամբ՝ Թրամփը „ոչնչով չի խանգարի, որպեսզի ՆԱՏՕ‑ն Եվրոպայում Ռուսաստանի դեմ սպառնալիքներ ստեղծի„:
Կարելի է, այսպիսով, դիտարկել, որ Թրամփի ընտրությամբ պայմանավորված ոգեւորվածությունը Մոսկվայում տեղը զիջում է աշխարհաքաղաքական պրագմատիկ վերլուծություններին:
Ռուսաստանցի մի շարք փորձագետներ կարծում են, որ Թրամփը „միայն առերեւույթ կթուլացնի Ռուսաստանի դեմ ճնշումները„: Ըստ կանխատեսումների, ամերիկյան վարչակազմի համար թիրախային է լինելու Ռուսաստանի տնտեսությունը: ԱՄՆ պետքարտուղարի ամենահավանական հավակնորդ Մարկ Ռուբիոն Ռուսաստանն անվանել է „միջուկային լիցքով բենզալցակայան„:
Թրամփի վարչակազմը ձգտելու է նվազագույնի հասցնել նավթի համաշխարհային գները: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի եկամուտների մեծ մասը գոյանում է նավթի եւ գազի վաճառքից: Փորձագետները գտնում են, որ Թրամփն աշխատելու է Չինաստանի եւ Ռուսաստանի համագործակցությունը խոչընդոտելու ուղղությամբ:
ԱՄՆ նոր վարչակազմը միաժամանակ եվրոպական երկրներին հարկադրելու է մեծացնել սեփական ռազմական ծախսերը: Լեհաստանն, օրինակ, եկող տարի ռազմական ծախսերը կհասնի շուրջ հիսուն միլիարդ դոլարի, դա երկրների համախառն ներքին արդյունքի մոտ հինգ տոկոսն է: Նույն ուղեգիծն են որդեգրել նաեւ եվրոպական այլ երկրներ:
Ըստ էության, ռուս-ուկրաինական պատերազմի անգամ Ռուսաստանի համար ամենադրական ելքը եվրոպական անվտանգության խնդիրն ավելի է բարդացնում, եթե հաշտությունը կայանա ուկրաինական տարածքների հաշվին:
Սլովակիայի վարչապետ Ֆիցոն վերջերս ռուս-ուկրաինական հաշտությունը համեմատել է Մյունխենի 1938թ. համաձայնության հետ, երբ Անգլիան եւ Ֆրանսիան համաձայնեցին, որ Չեխոսլովակիայի Սուդեթի մարզն անցնի ֆաշիստական Գերմանիային: Մեկ տարի անց դրան հաջորդել է Արեւելյան Եվրոպայի մասնատման Մոլոտով-Ռիբենտրոպ գաղտնի պակտը, որից մեկ ամիս անց սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը:
Եթե սկզբունքային համաձայնություն ձեռք չբերվի, ապա Ուկրաինայի տարածքի ինչ-որ գծի վրա Ռուսաստանը եւ ՆԱՏՕ‑ն կանգնելու են դեմ առ դեմ: Իսկ դա բախման ուղղակի սպառնալիք է:
