Միջազգային

Թրամփը Սպառնալիք Եւ Հնարավորություն Միաժամանակ

Թրամփը միայն խորացնում է ավելի խորքային խնդիր։ Եվրոպան արդեն խորտակվում էր մինչև նրա հայտնվելը 2016 թվականին։ Դեմոկրատները քաղաքավարի էին խոսում եվրոպական մշակույթի մասին, բայց նախագահ Ջո Բայդենը պահպանեց Թրամփի սահմանած բազմաթիվ մաքսատուրքերը։ ԱՄՆ-ն ավելի ու ավելի է կողմնորոշվում դեպի Ասիա՝ Եվրոպայի փոխարեն։ «Սպասել և տեսնել»-ն այժմ ավելի շատ նման է «Գոդոյին սպասելուն»։

Bloomberg

Եվրոպայի համար ԱՄՆ-ի հաջորդ նախագահը կլինի ինչպես ցնցում, այնպես էլ փոփոխությունների խթան։

Թրամփի երկրորդ վարչակազմը տարածաշրջանի համար աղետ է թվում։ Բայց այն կարող է նաև՝ վերջապես, դուրս բերել մայրցամաքը թմրությունից։ Եթե Եվրամիությունը թալիսման ունենար, ապա դա կլիներ ջայլամը։ Գլուխը ավազի մեջ խրելն ու հուսալը, որ խնդիրները կվերանան՝ ԵՄ-ի նախընտրած ոճն է, այնքան, որ այս առևտրային բլոկը արձագանքեց Բրեքսիթին և երկրորդ խոշորագույն տնտեսության կորստին 2016 թվականին պարզապես՝ շարունակելով գործել ինչպես միշտ։ Մայրցամաքը, որն աշխարհին է պարգևել ամենավառ քաղաքական կարգախոսներից որոշները («Ազատություն, հավասարություն, եղբայրություն», «Մենք երբեք չենք հանձնվի»), այժմ հետևում է Եվրոպայի վերջին առաջնորդի՝ Անգելա Մերկելի ենթադրյալ մանտրային՝ «Սպասենք և տեսնենք»։
Եվրոպան երբեմն գործողությունների է դիմել՝ երբեմն լավատեսությունից դրդված (ինչպես 1990-ականներին միասնական շուկա ստեղծելիս՝ Ժակ Դելորի ղեկավարությամբ), բայց ավելի հաճախ՝ վախից։ Միության ստեղծումը 1950-ականներին (ուշացած) պատասխան էր պոպուլիզմին և պատերազմին. կառավարող շերտը ցանկանում էր ավելի սերտ կապեր ստեղծել Գերմանիայի և Ֆրանսիայի միջև։ ԵՄ-ում վերջին փոքր ռադիկալիզմի դոզան՝ պաշտպանության ծախսերի փոքր աճը, հայտնվեց միայն այն պատճառով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարձակվեց հարևան պետություններից մեկի վրա։ Թրամփի վերաինտեգրումը, սակայն, գոյաբանական սպառնալիք է ստեղծում Բրյուսելի բնականոն կյանքի համար։ Ի վերջո, Պուտինը պարզապես մարած գերտերության մարտական ավազակ է, մինչդեռ Թրամփը վերահսկում է աշխարհի խոշորագույն տնտեսությունը և Եվրոպայի հուսալի պաշտպանին։ Թրամփի կողմից ժամանակ առ ժամանակ հնչեցրած սպառնալիքները, որը երբևէ ասել էր, որ ԵՄ-ն «Ամերիկայի ամենամեծ թշնամիներից մեկն է», առաջացնում են անհանգստություն. Ուկրաինային աջակցությունից հրաժարումը, ՆԱՏՕ-ից դուրս գալը, 20%-անոց տուրքերի սահմանումը եվրոպական ներմուծման վրա (և նույնիսկ ավելի բարձր որոշ մեքենաների համար), գրեթե բոլոր բազմակողմ ֆորումներից դուրս գալը, հատկապես եթե դրանցում կան «գլոբալ» կամ «կանաչ» բառերը։

Անկասկած, ինչպես ջայլամներն են իրենց քթի տակ փսփսում բելգիական ավազի միջով, Թրամփին դուր է գալիս խոսել։ Ի վերջո, նա ՆԱՏՕ-ից դուրս չեկավ իր առաջին նախագահության ժամկետում։ Շատ բան կախված կլինի նրանից, թե նոր նախագահն ում կլսի իր մերձավորներից։ Նրա փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեկ վայրկյանում կմերժեր Կիևին, բայց ավելի հեռատես հանրապետականները չեն ցանկանա ցույց տալ, որ պատրաստ են տալ Պուտինին այն, ինչ նա ուզում է։ Իրականում Թրամփն ինքը հորդորել է Պուտինին չխորացնել հակամարտությունը Ուկրաինայում՝ հիշեցնելով նրան Վաշինգտոնի «զգալի ռազմական ներկայության մասին Եվրոպայում»։ Այնուամենայնիվ, եվրոպական ղեկավարների համար անմիտ կլինի կարծել, որ Թրամփ-47-ը նույնքան հեշտ կզիջի, որքան Թրամփ-45-ը։ Այս անգամ նրան, ամենայն հավանականությամբ, աջակցություն կցուցաբերեն Կոնգրեսի երկու պալատները, իսկ վարչակազմը կլցվի MAGA-ի աբսոլյուտիստներով[իդեալիստներ․խմբ]։
Թրամփի նվիրվածությունը տուրքերին («անգլերենում ամենագեղեցիկ բառը», ինչպես նա ասել է մեզանից մեկին) կարծես անկեղծ է։ Եվրոպացիների այն մի քանի խմբերը, որոնք Թրամփին դուր են գալիս՝ հունգարացի Վիկտոր Օրբանը, իտալացի Ջորջա Մելոնին և Բրեքսիթի կողմնակից Նայջել Ֆարաջը՝ դժվար թե նրան հորդորեն զսպվել։ Նույնիսկ եթե Թրամփը ցանկանա պայմանավորվածություն կնքել, նրա տրանձնակցիոն ոճը կտրուկ հակասում է եվրոպացիների համաձայնությանը և պրոցեդուրային կախվածությանը։ Բացի այդ, ավելի վճռական և ուժեղ Թրամփը բախվելու է ավելի թույլ Եվրոպայի հետ։ 2016-ին անհողդող Մերկելը ղեկավարում էր գերմանական քաղաքականությունը, իսկ Էմանուել Մակրոնը վերաիմաստավորում էր կենտրոնամետությունը Ֆրանսիայում։ Հիմա Մակրոնը՝ «զոմբի» նախագահի կարգավիճակում է, Մերկելը օրերն անցկացնում է Շեքսպիր կարդալով, իսկ նրա հաջորդ Օլաֆ Շոլցի կառավարությունը քանդվեց Թրամփի հաղթանակը հաստատելու օրը։
Հիմա եվրոպական քաղաքական հնչյունները հիմնականում գալիս են թրամփիստական թիմի մասերից՝ Օրբանից, Մելոնիից և Մարին Լը Պենից, որը կարող է դառնալ «Եվրոպական Թրամփը», եթե 2027-ին հաղթի Ֆրանսիայի նախագահական ընտրություններում։
Եթե ջայլամները ջանք թափեին հանել իրենց գլուխները ավազից, նրանք կհասկանային երկու բան։ Նախ, Թրամփը միայն խորացնում է ավելի խորքային խնդիր։ Եվրոպան արդեն խորտակվում էր մինչև նրա հայտնվելը 2016 թվականին։ Դեմոկրատները քաղաքավարի էին խոսում եվրոպական մշակույթի մասին, բայց նախագահ Ջո Բայդենը պահպանեց Թրամփի սահմանած բազմաթիվ մաքսատուրքերը։ ԱՄՆ-ն ավելի ու ավելի է կողմնորոշվում դեպի Ասիա՝ Եվրոպայի փոխարեն։ «Սպասել և տեսնել»-ն այժմ ավելի շատ նման է «Գոդոյին սպասելուն»։ Երկրորդ կետն այն է, որ Թրամփը կարող է դառնալ այն խթանիչը, որը Եվրոպային անհրաժեշտ է՝ իրավիճակը վերահսկելու համար։ Բանկային միությունը վաղուց է հասունացել, և այժմ այն կարելի է ներկայացնել որպես Ուոլ Սթրիթի հետ մրցելու միջոց։ «Կանաչ» արդյունաբերության ոլորտների արգելափակումից դուրս գալը կենսական է Չինաստանի և «թրամփիստական» Ամերիկայի հետ մրցակցելու համար, ինչպես նաև ընձեռում է մոլորակը փրկելու լրացուցիչ օգուտ։ Պաշտպանության ոլորտների ինտեգրումը (և Մեծ Բրիտանիայի ներգրավումը) միակ ճանապարհն է՝ ապահովելու անկախությունը Սպիտակ տան նոր բնակչից։ Եթե բաժանվեն, ջայլամները մեկը մյուսի հետևից կներվեն՝ նախ Թրամփի, հետո Չինաստանի և, ի վերջո, Լը Պենի կողմից։ Բայց ընդհանուր ռեֆորմների ծրագրով միավորվելով՝ նրանք միայն կուժեղանան, քանի որ դեռևս ներկայացնում են աշխարհի երկրորդ ամենամեծ տնտեսությունը և այն մշակութային սիրտը, որին մենք սիրում ենք անվանել «Արևմուտք»։
Չնայած իր մեծաբարբառությանը, նոր նախագահը կարիք ունի նրանց օգնության՝ Չինաստանի և Մերձավոր Արևելքի խնդիրների հետ պայքարելու համար, որտեղ Բրիտանիան, Ֆրանսիան և այլ նախկին գաղութային տերություններ դեռ պահպանում են կապեր և փորձառություն։ Քչերն են կասկածում, որ ԱՄՆ նոր նախագահը՝ իր ամենաանկայուն տրամադրություններում, մեծ հաճույքով կցանկանար կործանել ԵՄ-ն։ Եվրոպայի լավագույն վրեժը Թրամփից կլինի նրա ընտրությունը ընկալել որպես խթան սեփական խնդիրները լուծելու և համաշխարհային ասպարեզում դիրքերը ամրապնդելու համար։ Բայց դրա համար Եվրոպան պետք է նախ հանի գլուխը ավազից։

Աղբյուրը՝
https://www.bloomberg.com/news/articles/2024-11-13/trump-s-second-term-could-be-a-disaster-for-europe

Թարգմանեց՝
Արայիկ Մկրտումյանը

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *