Միջազգային

Որտե՞ղ Կբախվեն Ռուսաստանը Եւ ՆԱՏՕ-ն

Ռուսաստանցի մի շարք փորձագետներ կարծում են, որ Թրամփը ,միայն առերեւույթ կթուլացնի Ռուսաստանի դեմ ճնշումները։

Վահրամ Աթանեսյան

Նոյեմբերի 13-ին Լեհաստանի Ռաձինկովո ավանում բացվում է ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության նոր կենտրոն, որ, ինչպես արեւմտյան աղբյուրներն են փոխանցում, ունակ կլինի ոչ միայն պաշտպանվել, այլեւ հարձակվել. Կենտրոնի զինանոցում կլինեն ամերիկյան ,,Տոմահավկ,, հրթիռներ: Դրանց հեռահարությունը 2400 կիլոմետր է, կարող են կրել թե սովորական, թե միջուկային մարտագլխիկներ:

Նախկինում Ռաձինկովոյի կենտրոնը հանդիսացել է ԱՄՆ ռազմական հենակայան: Դոնալդ Թրամփի նախագահության առաջին շրջանում այն փոխանցվել է ՆԱՏՕ-ին եւ ֆորմալ առումով ԱՄՆ-ը որեւէ պատասխանատվություն այնտեղ իրականացված տեխնիկական եւ տեխնոլոգիական համալրումների, արդիականացման համար չի կրում:

Ռուսաստանյան ,,Նեզավիսիմայա գազետա,,-ի մեկնաբանը, սակայն, արձանագրում է, որ Ռաձիկովոյի հակահրթիռային պաշտպանության բացումը տեղի է ունենում ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամպի ընտրությունից մեկ շաբաթ անց եւ համարում, որ դա քաղաքական խոր ենթատեքստ ունեցող քայլ է:

Այդ տեսակետն ամրապնդելու համար նա վկայակոչում է Լեհաստանի վարչապետ Տուսկի նախաձեռնությունը, որ պետք է ստեղծել Եվրոպայի հյուսիսային եւ արեւելյան երկրների դաշինք՝ դիմակայելու Ռուսաստանի շատ հավանական նախահարձակմանը: Փաստացի Լեհաստանի տարածքում բացվում է ռազմահենակայան, որտեղից ամերիկյան ,,Տոմահավկ,, հրթիռներով հնարավոր է խոցել Ռուսաստանի նույնիսկ անդրուրալյան տարածքի թիրախները:

Ռազմական փորձագետ Նետկաչեւը ,,Նեզավիսիմայա գազետային,, ասել է, որ անգամ Ուկրաինայում լիակատար ռազմական հաղթանակն Ռուսաստանին չի ապահովագրում ՆԱՏՕ-ի ռազմավարական նշանակության սպառնալիքներից: Նրա կարծիքով՝ չպետք է մեծ լավատեսությամբ նայել ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի ընտրությանը:
Նետկաչեւի գնահատմամբ՝ Թրամփը ,,ոչնչով չի խանգարի, որպեսզի ՆԱՏՕ-ն Եվրոպայում Ռուսաստանի դեմ սպառնալիքներ ստեղծի,,:

Կարելի է, այսպիսով, դիտարկել, որ Թրամփի ընտրությամբ պայմանավորված ոգեւորվածությունը Մոսկվայում տեղը զիջում է աշխարհաքաղաքական պրագմատիկ վերլուծություններին:

Ռուսաստանցի մի շարք փորձագետներ կարծում են, որ Թրամփը ,,միայն առերեւույթ կթուլացնի Ռուսաստանի դեմ ճնշումները,,: Ըստ կանխատեսումների, ամերիկյան վարչակազմի համար թիրախային է լինելու Ռուսաստանի տնտեսությունը: ԱՄՆ պետքարտուղարի ամենահավանական հավակնորդ Մարկ Ռուբիոն Ռուսաստանն անվանել է ,,միջուկային լիցքով բենզալցակայան,,:

Թրամփի վարչակազմը ձգտելու է նվազագույնի հասցնել նավթի համաշխարհային գները: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի եկամուտների մեծ մասը գոյանում է նավթի եւ գազի վաճառքից: Փորձագետները գտնում են, որ Թրամփն աշխատելու է Չինաստանի եւ Ռուսաստանի համագործակցությունը խոչընդոտելու ուղղությամբ:

ԱՄՆ նոր վարչակազմը միաժամանակ եվրոպական երկրներին հարկադրելու է մեծացնել սեփական ռազմական ծախսերը: Լեհաստանն, օրինակ, եկող տարի ռազմական ծախսերը կհասնի շուրջ հիսուն միլիարդ դոլարի, դա երկրների համախառն ներքին արդյունքի մոտ հինգ տոկոսն է: Նույն ուղեգիծն են որդեգրել նաեւ եվրոպական այլ երկրներ:
Ըստ էության, ռուս-ուկրաինական պատերազմի անգամ Ռուսաստանի համար ամենադրական ելքը եվրոպական անվտանգության խնդիրն ավելի է բարդացնում, եթե հաշտությունը կայանա ուկրաինական տարածքների հաշվին:

Սլովակիայի վարչապետ Ֆիցոն վերջերս ռուս-ուկրաինական հաշտությունը համեմատել է Մյունխենի 1938թ. համաձայնության հետ, երբ Անգլիան եւ Ֆրանսիան համաձայնեցին, որ Չեխոսլովակիայի Սուդեթի մարզն անցնի ֆաշիստական Գերմանիային: Մեկ տարի անց դրան հաջորդել է Արեւելյան Եվրոպայի մասնատման Մոլոտով-Ռիբենտրոպ գաղտնի պակտը, որից մեկ ամիս անց սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը:

Եթե սկզբունքային համաձայնություն ձեռք չբերվի, ապա Ուկրաինայի տարածքի ինչ-որ գծի վրա Ռուսաստանը եւ ՆԱՏՕ-ն կանգնելու են դեմ առ դեմ: Իսկ դա բախման ուղղակի սպառնալիք է:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *