Նրա նկատմամբ կոռուպցիայի եւ կաշառակերության մեղադրանքով քրեական գործ Ստամբուլի դատախազությունը հարուցել է Թուրքիայի նախագահ Էրդողանի դիմումի հիման վրա: Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ դատարանից չի խուսափի, կներկայանա եւ կապացուցի, որ իր դեմ առաջադրված մեղադրանքները «զրպարտություն եւ հերյուրանքներ են»:
Վահրամ Աթանեսյան
Օգոստոսի 30-ին Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը ներկա է գտնվել ռազմական ուսումնարանի շրջանավարտներին լեյտենանտի կոչում շնորհելու հանդիսավոր արարողությունը, որ սահմանված կարգով պետք է ավարտվեր նորաթուխ սպաների երդմնակալությամբ: Հանդիսավոր միջոցառման ավարտին տեղի է ունեցել անսպասելին. լեյտենանտի կոչում ստացած հարյուրավոր սպաներ մերկացրել են սրերը եւ միաձայն հայտարարել. «Մենք Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի զինվորներն ենք»:
Թուրքիայի պաշտպանության նախարարության կողմից Էրդողանի իշխանության տարիներին հաստատված՝ նորաթուխ սպաների զինվորական երդման տեքստից այդ նախադասությունը հանված է: Միջադեպ կապակցությամբ պաշտպանության նախարարությունը կասեցրել երիտասարդ սպաներին զորամասերում պաշտոնի նշանակելու գործընթացը, ձեռնամուխ եղել ծառայողական հետաքննության: Արդյունքում «կազմակերպիչները բացահայտվել են». պաշտպանության նախարարությունը որոշել է նրանց զրկել սպայական կոչումից եւ հեռացնել զինված ուժերից, իսկ մյուսները «փորձաշրջան անցնելուց հետո կարող են ծառայության անցնել»:
Հասկանալի է, թե խոսքն ինչի մասին է. երիտասարդ սպաները ենթարկվելու են բարոյա-հոգեբանական եւ քաղաքական «մշակման»: Թե քանի հոգի է աստիճանազրկվել եւ զինված ուժերից հեռացվել՝ թուրքական աղբյուրները մանրամասնություններ չեն հայտնում: Նոյեմբերի 19-ին, սակայն, Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության խմբակցությունը նիստ է անցկացրել, որին ներկա է գտնվել ԺՀԿ առաջնորդ Օզելը: Ելույթ ունենալով կուսակից պատգամավորների առջեւ, նա խստորեն քննադատել է Էրդողանի կառավարության կողմից երիտասարդ սպաների նկատմամբ ճնշումները եւ հետապնդումները: Օզելը, դիմելով Թուրքիայի նախագահին ասել է. «Ռեջեփ Թայիփ Էրդողան, վերջ տուր սպաների հեետապնդումներին, նրանք ճիշտ երդում են ընդունել»:
Ընդդիմադիր կուսակցության առաջնորդը վստահաբար հայտարարել է, որ «շուտով Թուրքիայում ժողովրդավարություն եւ արդարություն կհաստատվի»: Նա ավելացրել է, որ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը կգա իշխանության եւ ծառայության կհրավիրի Էրդողանի կողմից զինված ուժերից հեռացված բոլոր սպաներին: Ընդդիմադիր կուսակցության առաջնորդի այս հայտարարությունն ուշագրավ է մեկ այլ տեղեկատվության համատեքստում: Հայտնի է դարձել, նոյեմբերի 22-ին Ստամբուլի շրջանային դատարանում մեկնարկում է Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախկին առաջնորդ, նախագահական ընտրություններում Էրդողանի մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուի դատավարությունը: Նրա նկատմամբ կոռուպցիայի եւ կաշառակերության մեղադրանքով քրեական գործ Ստամբուլի դատախազությունը հարուցել է Թուրքիայի նախագահ Էրդողանի դիմումի հիման վրա: Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ դատարանից չի խուսափի, կներկայանա եւ կապացուցի, որ իր դեմ առաջադրված մեղադրանքները «զրպարտություն եւ հերյուրանքներ են»: Ի պաշտպանություն ԺՊՀ նախկին առաջնորդի հայտարարությամբ հանդես են եկել Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը եւ կուսակցության գործող ղեկավար Օզելը: Նրանք հայտարարել են, որ կմասնակցեն դատական նիստին եւ ապացույցներ կներկայացնեն, թե ով է Թուրքիայում իրական կոռումպացվածը եւ կաշառակերը:
Թուրքական աղբյուրները ենթադրում են, որ Քըլըչդարօղլուն «գուցե բանտարկության չդատապարտվի, բայց դատարանը կարող է արգելել, որ նա զբաղվի քաղաքական գործունեությամբ»: Թուրքիայում ներքաղաքական իրավիճակը գնալով ավելի է լարվում: Էրդողանը եւ նրա «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, ինչպես նաեւ ծայրահեղ ազգայնականները Մուստաֆա Քեմալի հիմնադրած Ժողովրդա-հանրապետական կուսակցության մեղադրում են քրդական շարժման առաջնորդների հետ համագործակցության եւ քուրդ «ահաբեկիչներին» օժանդակելու մեջ: Իրավիճակի հետագա սրացումը կարող է հանգեցնել ներքին բախումների: