Միջազգային

Միջուկային Ռումբը Պուտինի «Սիրած Խաղալիքն Է»

Պուտինի համար նոր միջուկային դոկտրինը ևս մեկ փորձ է՝ աշխարհի ամենամեծ միջուկային զինանոցը վերածելու մի բանի, որն աշխարհին կրկին վախեցնելու ուժ կունենա և կտրամադրի գլոբալ ազդեցություն, որը նրա գազային ու ռազմական տնտեսությունը դեռ չի կարող ապահովել։

The New York Times

Ռուսաստանի համար միջուկային զենքը բանակցությունների գլխավոր խաղաքարտն է

Ուկրաինայում պատերազմի 1000-րդ օրը նախագահ Վլադիմիր Զելենսկին օգտվեց Վաշինգտոնի կողմից տրված թույլտվությունից՝ օգտագործելու հեռահար հրթիռներ Ռուսաստանի տարածքի խորքում հարվածելու համար։ Նախագահ Բայդենը մինչ այս հանգստյան օրերը հրաժարվում էր թույլ տալ նման հարձակումներ ամերիկյան զենքի միջոցով՝ վախենալով, որ դրանք կարող են երրորդ համաշխարհային պատերազմ հրահրել։ Նույն օրը Ռուսաստանը պաշտոնապես հայտարարեց նոր միջուկային դոկտրինի մասին։ Մոսկվան այս մասին ազդարարել էր երկու ամիս առաջ՝ առաջին անգամ հայտնելով, որ միջուկային զենք կօգտագործի ոչ միայն իր գոյությանը սպառնացող հարձակման դեմ, այլև ցանկացած հարձակման դեպքում, որը «կրիտիկական վտանգ» է ներկայացնում իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար։ Այս իրավիճակը բավականին նման է այն իրավիճակին, երբ ամերիկյան արտադրության բալիստիկ հրթիռները հարվածեցին ռուսական զենքի պահեստներին։
Ռուսաստանի միջուկային զենքի կիրառման ցուցումների մեջ ևս մեկ փոփոխություն էր ավելացվել. առաջին անգամ Մոսկվան հայտարարեց, որ իրավասու է միջուկային զենք կիրառել այն պետության դեմ, որը զինված է միայն սովորական սպառազինությամբ, եթե նրան աջակցում է միջուկային գերտերություն։ Թվում է՝ Վլադիմիր Պուտինը նկատի ուներ Ուկրաինան, որը աջակցություն է ստանում ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Ֆրանսիայից՝ երեք երկրներից, որոնք առաջինն են ձեռք բերել միջուկային զենք։
Այնուամենայնիվ, ուշագրավ է, որ Վաշինգտոնի արձագանքը երեքշաբթի օրը շատ անտարբեր էր։ Պաշտոնյաները նոր դոկտրինը գնահատեցին որպես միջուկային սպառնալիքների հետ կապված աննշան հարց։ Փոխարենը, քաղաքում թեժ քննարկումներ էին ընթանում այն մասին, թե ով կզբաղեցնի ֆինանսների նախարարի պաշտոնը և արդյո՞ք Մեթ Գետցը՝ նախկին կոնգրեսական, ով ներգրավված է սեռական և թմրանյութերի հետ կապված սկանդալներում, կանցնի դատախազի պաշտոնում հաստատման գործընթացը։
Ուկրաինայի հակամարտությունը շատ բան փոխեց. այն խլեց հարյուր հազարավոր կյանքեր, կործանեց միլիոնավոր մարդկանց ճակատագրեր, ցնցեց Եվրոպան և խորացրեց թշնամությունը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև։ Սակայն այն նաև վերստին դարձրեց միջուկային զենքի օգտագործումը որպես բանակցությունների հիմնական խաղաքարտ։ Այլևս այն միտքը, որ միջուկային զենք ունեցող ինը երկրներից մեկը (իսկ Իրանը մոտ է դառնալու տասներորդը) կարող է սեղմել կոճակը, ավելի շատ անտարբերություն է առաջացնում, քան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստերի անցկացում։

«Սա ազդանշանային գործողություն է՝ փորձ վախեցնելու Եվրոպայում գտնվող լսարանին և մասամբ նաև Միացյալ Նահանգներին, որպեսզի նրանք հրաժարվեն Ուկրաինային աջակցելուց», — ասում է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Մեթյու Բանը, ով տասնամյակներ շարունակ ուսումնասիրում է միջուկային վտանգները։

«Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման կարճաժամկետ հավանականությունը չի աճել։ Սակայն երկարաժամկետ հեռանկարում միջուկային պատերազմի հավանականությունն, իհարկե, փոքր-ինչ բարձրացել է, քանի որ ԱՄՆ-ի աջակցությունն ուղղակի հարվածներին Ռուսաստանի տարածքում խորացնում է Պուտինի ատելությունն ու վախը Արևմուտքի նկատմամբ և հավանաբար կծնի Ռուսաստանի հակազդեցություն, որը իր հերթին կուժեղացնի Արևմուտքի վախն ու ատելությունը Ռուսաստանի նկատմամբ», — նշում է Բանը։

Պուտինի համար նոր միջուկային դոկտրինը ևս մեկ փորձ է՝ աշխարհի ամենամեծ միջուկային զինանոցը վերածելու մի բանի, որն աշխարհին կրկին վախեցնելու ուժ կունենա և կտրամադրի գլոբալ ազդեցություն, որը նրա գազային ու ռազմական տնտեսությունը դեռ չի կարող ապահովել։

ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհուրդը հայտարարությամբ դատապարտել է նոր դոկտրինը, սակայն առանձնակի անհանգստություն չի հայտնել։ Հայտարարության մեջ նշվել է, որ Ռուսաստանի միջուկային դիրքորոշումը չի փոխվել, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ը իր մարտական պատրաստվածության մակարդակը փոխելու կարիք չունի։

«Անկախ այն սահմաններից, որոնք Պուտինը կարող է փորձել ստեղծել, որոշումը՝ կիրառել ոչ ստրատեգիական միջուկային զենք ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ և ցանկացած մասշտաբով, կունենա լուրջ հետևանքներ, ինչպես բազմիցս ընդգծել է նախագահ Բայդենը», — նշում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր և միջուկային հարցերի մասնագետ Վիպին Նարանգը, ով վերջերս վերադարձել է Պենտագոնում երկու տարվա աշխատանքից։Պենտագոնում նա մասնակցել է ԱՄՆ-ի «միջուկային զենքի կիրառման ուղեցույցի» մշակմանը, որը հիմնականում գաղտնի է և ավելի մեծ ուշադրություն է դարձնում Չինաստանի աճող զինանոցին և նրա համագործակցությանը Ռուսաստանի հետ։

«Պուտինը ստիպված կլինի հաշվի առնել ԱՄՆ-ի և աշխարհի պատասխան գործողությունները և կառավարել էսկալացիան… Նույնիսկ այս փոփոխություններով՝ ես դեռ վստահ եմ, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի սովորական և միջուկային ուժերը կարող են զսպել Ռուսաստանի միջուկային գործողությունները և վերականգնել զսպումը, եթե Պուտինը սխալ հաշվարկ կատարի», — ընդգծում է Նարանգը։ Նման սխալի հավանականությունը թվում է նվազագույն, քանի որ Պուտինը ամբողջ հակամարտության ընթացքում ցուցաբերել է զգուշավորություն՝ խուսափելով բացահայտ հարձակումներից ՆԱՏՕ-ի երկրների վրա, որոնց ներգրավվածությունը հակամարտությունում նա չէր ցանկանա։

Ինչպես նշում է Վիպին Նարանգը, «միջուկային շեմն իսկապես որոշվում է ոչ թե խոսքերով, այլ զսպման հավասարակշռությամբ և գործադրվող խաղադրույքներով, իսկ հռչակագրային դոկտրինի փոփոխությունները չեն փոխում զսպման միջև բալանսը ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև»։  

Աղբյուրը՝ NY Times

Թարգմանեց՝

Արայիկ Մկրտումյանը

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *