Հայաստան

Պուտին-Թրամփ «Քիմիան» Չի Ստացվում

Վլադիմիր Պուտինը պնդում է, որ այդ տարածքներում ուկրաինական զորքեր չպետք է լինեն:
Ստացվում է փակուղի: Ոչ Ուկրաինան, ոչ աշխարհի որեւէ երկիր Ռուսաստանի տարածքային նվաճումների օրինականությունը, այսինքն՝ ուկրաինական մարզերի օկուպացիան եւ անեքսիան երբեք չի ճանաչի:

Վահրամ Աթանեսյան

Հայաստանի ընդդիմության պատրանքները
ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրության շուրջ Հայաստանի ինստիտուցիոնալ ընդդիմության եւ նրա հետ աֆիլացված փորձագիտական շրջանակների ոգեւորությունը բավական բարձր եւ այնքան ակնհայտ էր, որ կարելի էր տպավորություն ունենալ, թե կանխորոշվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի կամ նրան իշխանությունից հեռացնելու հարցը:

Անցնող ժամանակը ցույց է տալիս, որ Պուտին-Թրամփ “քիմիայի” մասին հայաստանյան պատկերացումներն իրականությունից չափազանց հեռու են: Սպասումները, որ նախագահի պաշտոնում ընտրվելու հենց հաջորդ օրը Թրամփը Պուտինին հարմար պայմաններով կկանգնեցնի ռուս-ուկրաինական պատերազմը, ինչը թույլ կտա, որ Ռուսաստանն անցնի հետխորհրդային տարածքի “անառակ որդիներին կարգի հրավիրելու” հարցով, չեն արդարանում:
Միջազգային մամուլի քիչ թե շատ արժանահավատություն ներշնչող հրապարակումներից դատելով՝ ԱՄՆ ընտրված նախագահն Ուկրաինայի հարցում դեռեւս սկզբունքային որոշում չի կայացրել, իսկ նրա թիմի որոշ առանցքային դեմքերի հայտարարություններից կարելի է ենթադրել, որ քննարկվող հիմնական գաղափարն այն է, որ ներկայիս շփման գծով հաստատվի հրադադար, ստեղծվի բուֆերային գոտի, որտեղ պետք է տեղաբաշխվեն բաժանարար զորքեր:

Ուկրաինան պետք է հայտարարի, որ առաջիկա տասը-քսան տարիներին ՆԱՏՕ-ին անդամակցության հարց չի բարձրացնի, փոխարենը Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրները պարտավորված կլինեն Կիեւին ինքնապաշտպանության համար անհրաժեշտ սպառազինություններ մատակարարել:

Որոշ փորձագետներ այդ “ծրագիրը” նույնացնում են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան արեւելյան եւ արեւմտյան հատվածների բաժանելու հետ, որը, սակայն, երբեք միջազգայնորեն չի ճանաչվել եւ ի վերջո հանգեցրել է Բեռլինի պատի փլուզմանը, Գերմանիայի միավորմանը:

Ռուսաստանը Թրամփի “ծրագիրը” սկզբունքորեն մերժել է եւ պնդում է, որ տարածքային նվաճումները պետք է իրավական ճանաչում ստանան: Խոսքը Ղրիմի, ամբողջական Դոնբասի եւ ուկրաինական եւս երկու մարզերի մասին է, որ անցյալ տարի ստացել են Ռուսաստանի սահմանադրական տարածքի կարգավիճակ:

Վլադիմիր Պուտինը պնդում է, որ այդ տարածքներում ուկրաինական զորքեր չպետք է լինեն:
Ստացվում է փակուղի: Ոչ Ուկրաինան, ոչ աշխարհի որեւէ երկիր Ռուսաստանի տարածքային նվաճումների օրինականությունը, այսինքն՝ ուկրաինական մարզերի օկուպացիան եւ անեքսիան երբեք չի ճանաչի:
Թրամփի “ծրագիրը” Եվրոպայում պատերազմը կանգնեցնելու, իրավիճակը սառեցնելու, ոչ թե Պուտինի “հողահավաքը” ճանաչելու մասին է:

Ասել, թե Հայաստանի ինստիտուցիոնալ ընդդիմությունն աշխարհաքաղաքական իրավիճակը չի գնահատում, նշանակում է թերագնահատել նրան: Երկու տասնամյակ իշխած քաղաքական ուժերը չեն կարող պատրանքների տրվել: Մանավանդ որ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հաջողություններն ուղղակիորեն ազդում են հայ-ադրբեջանական բանակցություններում Բաքվի դիրքորոշման կոշտացմանը:

Այս իրողության համատեքստում ո՞րն է Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակից հայաստանյան ընդդիմության սպասումների մոտիվացիան: Միայն Նիկոլ Փաշինյանի հեռացմամբ, նրա ղեկավարած ուժի կազմալուծմամբ շահագրգռվածությու՞նը: Իսկ գաղափարա-քաղաքական, քաղաքակրթական ի՞նչ համակարգ է փոխարինելու “սորոսականությանը”։

ԻՆստիտուցիոնալ ընդդիմությունը մերժում է Հայաստանի եվրոպական ընտրությունը եւ մի նպատակ ունի՝ “վերականգնել ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ նախկին հարաբերությունները”։
Բայց չէ՞ որ Հայաստանի խնդիրները մի շատ զգալի մասով բարդացել են հենց Ռուսաստանի հետ ամենաջերմ հարաբերությունների շրջանում: Վկայություններ կարելի է թվարկել: Իսկ ամենաէականն այն է, որ Ուկրաինայում իր պայմաններով “խաղաղություն հաստատելուց” հետո Ռուսաստանը հետխորհրդային ոչ մի երկրի դաշնակից կամ գործընկեր չի ճանաչելու:

Թրամփ-Պուտին “քիմիան կաշխատի՞”: Ամենայն հավանականությամբ՝ ոչ: Միացյալ Նահանգները սեփական ,”մահվան դատավճիռ” չի ստորագրի:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *