Հյուսիսային Կորեան ցանկանում է ստանալ Ռուսաստանի աջակցությունը՝ ժամանակակից տեխնոլոգիաներ ձեռք բերելու համար՝ բալիստիկ հրթիռներ, սուզանավեր և կործանիչներ զարգացնելու նպատակով։
Bloomberg
Կիմ Ջոն Ունգը հույսը դնում է Ռուսաստանի տնտեսական աջակցությանը։ Սակայն դա կարող է հակառակ ազդեցություն ունենալ։ Եթե Դոնալդ Թրամփին հաջողվի ավարտել Ուկրաինայի հակամարտությունը, իրավիճակը կարող է փոխվել։ Այս մասին նշվում է Հարավային Կորեայի կառավարության հետ կապված վերլուծական կենտրոնի հետազոտության մեջ։
Այս տարի Մոսկվան դարձել է Կիմի ռեժիմի հիմնական աջակիցը, և երկու երկրները ակտիվացրել են իրենց տնտեսական և ռազմական փոխանակումները։ Վաշինգտոնի և Սեուլի պաշտոնյաների խոսքով՝ ռազմամթերքի մատակարարումներից հետո վերջին շաբաթներին Փհենյանը զորքեր է ուղարկել՝ Մոսկվային աջակցելու համար։ Փոխարենը Ռուսաստանը տրամադրում է գումար և օգնում Հյուսիսային Կորեային զարգացնել իր ռազմական կարողությունները։ Պուտինի հետ դաշինքի ամրապնդումը Կիմին հնարավորություն է տվել ավելի քիչ դիմել Պեկինին դիվանագիտական աջակցության համար։ Սակայն Փհենյանը դեռևս մեծապես կախված է Չինաստանից իր տնտեսական կարիքների բավարարման հարցում, նշվում է Կորեայի Զարգացման Ինստիտուտի ավագ գիտաշխատող Լի Ջոնգկյուի ղեկավարությամբ իրականացված հետազոտությունում։
«Ներկայիս իրավիճակը արդյունք է Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի շահերի համընկման։ Ռուսաստանին անհրաժեշտ են սովորական զենքեր և զորքեր, իսկ Հյուսիսային Կորեային՝ սնունդ, էներգիա և արժույթ», – նշել է Լին KDI-ի (Korea Development Institute) ամսական հրապարակման մեջ՝ ավելացնելով, որ այս հարաբերությունները կուժեղանան, «քանի դեռ պատերազմը շարունակվում է»։ «Եթե պատերազմը ավարտվի ցանկացած ձևով, ինչպես խոստացել է Թրամփը, երկու կողմերի փոխադարձ կարիքները կարող են փոխվել», – եզրափակել է հեղինակը։
▪️Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեայի ռազմական արդյունաբերությունը դեռ կարող է օգտվել Ռուսաստանի հետ համագործակցությունից, սակայն այդ ոլորտը սահմանափակ ազդեցություն ունի ընդհանուր տնտեսության վրա և նույնիսկ կարող է խոչընդոտել մյուս ոլորտների աճին։ «Հյուսիսային Կորեայի տնտեսության՝ ամբողջությամբ Ռուսաստանին ուղղված մոտեցումը, կարծես, ունի բարձր այլընտրանքային ծախսեր ոչ միայն քանակական, այլև որակական առումով», – ասել է նա։ Հյուսիսային Կորեայի իրական մտադրությունները Ռուսաստանի նկատմամբ կարող են ավելի շատ լինել ռազմական, քան տնտեսական։
Կուկմին համալսարանի պրոֆեսոր Լի Սան Ջունի խոսքով՝ Հյուսիսային Կորեան ցանկանում է ստանալ Ռուսաստանի աջակցությունը՝ ժամանակակից տեխնոլոգիաներ ձեռք բերելու համար՝ բալիստիկ հրթիռներ, սուզանավեր և կործանիչներ զարգացնելու նպատակով։
Սա նշանակում է, որ եթե Թրամփի ջանքերը՝ հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ, ձգձգվեն, Կիմը բավականաչափ ժամանակ կշահի Հյուսիսային Կորեայի զենքերի արդյունաբերությունը արդիականացնելու համար, իսկ նրա զորքերը զգալի ռազմական փորձառություն ձեռք կբերեն Ուկրաինայում։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը կարող է ավելացնել Հյուսիսային Կորեայի աշխատողների թիվը՝ աշխատուժի պակասը մեղմելու համար, նշում են հետազոտության հեղինակները։
Աղբյուրը՝ Bloomberg
Թարգմանեց՝
Արայիկ Մկրտումյանը