Հայաստան

«Փետրվարյան Ապստամբությունը» Պետք Է Կրկնվե՞ր

ՀՅԴ-ն եւ նրա կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ն չգիտեի՞ն, որ Գարեգին Նժդեհը նույնպես բոլշեւիկյան իշխանության դեմ է պատերազմ մղել, չէի՞ն տեսնում, որ պուտինյան Ռուսաստանը գնալով ավելի ու ավելի է հակվում խորհրդային անցյալի իրողությունների վերականգնման ուղեգծին: Այդ տարիների ռուսական առաջատար լրատվամիջոցները գրեթե ամեն օր գրում էին, որ իր «ներկայիս սահմանների համար Հայաստանը պարտական է բոլշեւիկյան իշխանությանը»:

Վահրամ Աթանեսյան

Հայաստանի ինստիտուցիոնալ ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է իշխանության գալուց Ռուսաստանի հետ «ռազմավարական համագործակցությունից հրաժարվելու, անվտանգային համակարգը խարխլելու, արկածախնդիր հայտարարություններով Ադրբեջանին դավագրգռելու, պատերազմ հրահրելու եւ արդյունքում Արցախը կորցնելու» մեջ:
Փաշինյանն իշխանության է եկել 2018 թվականին: Մինչ այդ Մոսկվան Հայաստանին քննադատել է Երեւանում «ֆաշիստական կոլաբորցիոնիստ» Գարեգին Նժդեհի արձանը կանգնեցնելու եւ «ազգայնականությունը պետական մակարդակով հովանավորելու» համար: Այդ տարիներին իշխող ՀՀԿ-ն թույլ հակադարձում էր, որ Նժդեհը հայ ժողովրդի ազատագրական պայքարի խորհրդանիշն է, նրա պատմական հիշողության մեջ մնացել է որպես Սյունիքի ազատարար, հակաթուրքական պատերազմի հերոս:
Նույն շրջանում Հայաստանի հանրային-քաղաքական կյանքում սկսվեց 1921թ. «փետրվարյան ապստամբության» պանծացումը: Խոսքը Երեւանում բոլշեւիկյան իշխանությունը տապալելու, Փրկության կոմիտե ստեղծելու եւ Հայաստանում Ռուսաստանի բանակի դեմ պատերազմի մասին է:
Ռազմա-աշխարհաքաղաքական ի՞նչ հաշվարկով էին առաջնորդվել «ապստամբության» կազմակերպիչները՝ կարող են ասել իրազեկ պատմաբանները: Հետահայացք գնահատմամբ դա, իրոք, «դաշնակցական արկածախնդրություն» էր, ինչպես խորհրդային շրջանում էին այդ իրադարձությունները գնահատում: Մի քանի ամիս առաջ քեմալական Թուրքիայի հետ պատերազմում պարտված, երկրի տարածքի կեսից ավելին կորցրած Հայաստանը, որ արտաքին աջակցության նույնիսկ տեսական հեռանկար չուներ, չէր կարող հաղթել բոլշեւիկյան Ռուսաստանին եւ վերահաստատել իր անկախությունը: Ավելին, եթե Մուստաֆա Քեմալը միանար բոլշեւիկներին, ապա Երեւանը կգրավեր եւ հայկական պետությունը կոչնչանար:
«Փետրվարյան ապստամբությունը» սկսվել է մի իրավիճակում, երբ Մոսկվայում պետք է սկսվեին ռուս-թուրքական բանակցություններ: Հնարավորություն կար, որ դրանց մասնակցի նաեւ Հայաստանը: Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղը, ամբողջական Զանգեզուրը եւ Նախիջեւանը ճանաչում է խորհրդայնացած Հայաստանի մաս: «Ապստամբությունը» պատճառ հանդիսացավ, որ Հայաստանի պատվիրակությունը բանակցություններին չմասնակցի, հարցերը լուծվեցին ռուս-թուրքական համաձայնությամբ: Իսկ «փետրվարյան ապստամբության» պանծացումը, որ նախաձեռնել էր ՀՅԴ-ն եւ հասել պետական մակարդակով այդ իրադարձության «ոգեկոչմանը»,- քաղաքական, քաղաքակրթական առումով Ռուսաստանի շահերին դե՞մ չէր: Չէ՞ որ Ռուսաստանն իրեն ճանաչել է ԽՍՀՄ, ուրեմն նաեւ՝ բոլշեւիկյան իշխանության, իրավահաջորդ: Քաղաքական առումով «փետրվարյան ապստամբության» պանծացումը մի բան էր նշանակում՝ Հայաստանը չի մոռացել, որ ժամանակին ըմբոստացել է բոլշեւիկյան Ռուսաստանի դեմ, տապալել նրա հաստատած իշխանությունը, կռվել նրա օկուպացիոն բանակի դեմ ու թեեւ պարտվել է, բայց համարում է, որ դա իր պատմության փառավոր էջերից մեկն է: Իսկ ինչ որ փառավոր է, հերոսական, պանծացման արժանի՝ նաեւ ընդօրինակելի է, ուղեցույց է:
ՀՅԴ-ն եւ նրա կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ն չգիտեի՞ն, որ Գարեգին Նժդեհը նույնպես բոլշեւիկյան իշխանության դեմ է պատերազմ մղել, չէի՞ն տեսնում, որ պուտինյան Ռուսաստանը գնալով ավելի ու ավելի է հակվում խորհրդային անցյալի իրողությունների վերականգնման ուղեգծին: Այդ տարիների ռուսական առաջատար լրատվամիջոցները գրեթե ամեն օր գրում էին, որ իր «ներկայիս սահմանների համար Հայաստանը պարտական է բոլշեւիկյան իշխանությանը»: Դա պարզ ուղերձ էր, որ իրավահաջորդ Ռուսաստանը «կարող է վերանայել այդ սահմանները»: Նիկոլ Փաշինյանը 2018թվականին կարո՞ղ էր այդ «խոցը բացել»: Կարող էր, ինքն է խոստովանել եւ շարունակում է խոստովանել: Չի գնացել վճռական քայլի: Ճակատագրական վրիպում է թույլ տվել: Բայց եթե այսօր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախկին անդամն ասում է, որ պատերազմի եւ պարտության միակ մեղավորը եւ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանը չէ, պետք է նրա դեմ հակաքարոզչություն սկսել: Մենք պարտադրված ենք իրողություններին նայել բաց աչքերով, իրականությունը գնահատել սթափ: Եւ փորձել հասկանալ, թե «սրբազան շարժումն» ինչու՞ էր անպատճառ իշխանափոխություն քարոզում: «Փետրվարյան ապստամբությունը» պետք է կրկնվե՞ր:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *