Իսկ ինչու՞ չէր գիտակցում: Բացատրությունը, կարծես, մեկն է. որովհետեւ նա, ով գիտեր, որ Հայաստանը մատնվում է կամ արդեն իսկ մատնված է աղետի, ժողովրդին այդ մասին ոչինչ չէր ասում:
Վահրամ Աթանեսյան
-Հայաստանի ներկայիս ընդդիմությունը պետք է միայն հայ ժողովրդին: Հայաստանի կործանումը կանխելու հարցում հայ ժողովուրդը չունի դաշնակիցներ՝ գուցե նախեւառաջ այն պատճառով, որ լիովին չի գիտակցում իր կործանումը,- գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ մինչ այդ հիշեցնելով Սերժ Սարգսյանի խոստովանությունը. “Ես պարտվել եմ ավելի հզոր ուժերի,,:
ՀՀԿ փոխնագահի մեջբերված միտքը հիշեցնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի ձեւակերպումը, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանը դաշնակիցներ չունի: 1998-2018 թվականներին Երեւանը խնդրին մոտեցել է այն ելակետից, որ, պատճառը ՀՀՇ «պարտվողականությունն է»: Եւ փորձել է դաշնակիցներ գտնել: Սերժ Սարգսյանը նաեւ ասել է, որ վարչապետի պաշտոնն ստանձնել է, որպեսզի կանխի աղետը: Այսինքն, ԼՂ հարցում դաշնակիցներ գտնելու քսանամյա քաղաքականությունը հասցրել է նրան, որ 2018թ.-ին Հայաստանն արդեն աղետի եզրին էր:
Հետեւում է, որ ուժային բոլոր կենտրոնները շահագրգռված էին, որ Հայաստանը մատնվի աղետի: Վեց տարի հետո ՀՀԿ փոխնախագահն ասում է, որ Հայաստանը կործանումից փրկելու հարցում հայ ժողովուրդը չունի դաշնակիցներ՝ գուցե նախեւառաջ այն պատճառով, որ լիովին չի գիտակցում իր կործանումը: Ստացվում է, որ վեց տարի առաջ հայ ժողովուրդը Հայաստանի աղետը կանխելու հարցում դաշնակիցներ չուներ, որովհետեւ, գուցե, նախեւառաջ լիովին չէր գիտակցում, որ մատնվում է աղետի:
Իսկ ինչու՞ չէր գիտակցում: Բացատրությունը, կարծես, մեկն է. որովհետեւ նա, ով գիտեր, որ Հայաստանը մատնվում է կամ արդեն իսկ մատնված է աղետի, ժողովրդին այդ մասին ոչինչ չէր ասում: Ավելին, պետական-իշխանական քարոզչությունը «քիրվայության քարոզ» որակեց 2017-ի խորհրդարանական ընտրություններին Հայ ազգային կոնգրեսի կարգախոսը, որ խաղաղության, հաշտության եւ բարիդրացիության կոչ էր եւ հիմնավորվում էր կոնցեպտուալ վերլուծություններով:
Իսկ հայ ժողովուրդն ինչու՞ այսօր «լիովին չի գիտակցում կործանումը»: Որովհետեւ ինստիտուցիոնալ ընդդիմությունը, որ նախկին իշխանությունն է, չի բացահայտում, թե ինչու՞ «հզոր ուժերը» Սերժ Սարգսյանին հաղթեցին եւ ինչու՞ Հայաստանի ինստիտուցիոնալ ընդդիմությունը միայն հայ ժողովրդին է պետք, իսկ արտաքին բոլոր դերակատարները Հայաստանի «կործանման շահառու են»: Արմեն Աշոտյանի դիտարկումները փաստացի ապալեգիտիմացնում են «Նիկոլն ասաց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ ու պատերազմ հրահրեց» եւ «Նիկոլն է հանձնել Արցախը եւ կազմակերպել հայ բնակչության բռնատեղահանությունը» խոսույթը:
Արմեն Աշոտյանը գտնում է, որ Արեւմուտքը Փաշինյանին կպատժի, եթե խաբված զգա, իսկ Ռուսաստանը՝ երբ Փաշինյանը նրա ազգային անվտանգությանը կներկայացնի իրական սպառնալիք: Այս դիտարկումն, իհարկե, հակասության մեջ է Հայաստանի «կործանման» նրա տեսլականի հետ, բայց քաղաքական իմաստով բացառում է այս փուլում արտաքին ուժերի հովանավորությամբ իշխանափոխության հնարավորությունը: Ստացվում է, որ ներքին ռեսուրսներ էլ չկան, որովհետեւ «ժողովուրդը լիովին չի գիտակցում կործանումը»,-այսինքն ընդվզման չի գնում:
Ի՞նչ նպատակ է նա հետապնդում: Արձանագրում է ինստիտուցիոնալ ընդդիմության անգործունակությունը եւ ներկուսակցական բանավեճ բացու՞մ, հրապարակայնացնում է «սրբազան շարժման» քաղաքական ֆիասկո՞ն, թե առաջարկում է, որ Հայաստանը «կործանումից փրկելու» գերնպատակի շուրջ լայն կոնսոլիդացիա՞ ձեւավորվի, մի այնպիսի շարժում, որի հանդեպ արտաքին դերակատարներն անտարբեր չե՞ն գտնվի: Ամեն դեպքում նա համարձակ քայլ է արել, եւ նրա դիտարկումները, եթե դրանք բխում են ՀՀԿ-ի քաղաքական դիրքավորումից, անկասկած ավելի խորը եւ համակողմանի վերլուծության են արժանի: