Թեև Ռուսաստանն աջակցում է Լիբիայի արևելքում իշխանություններին և ունի գործողությունների ներուժ չորս լիբիական ավիաբազաներում՝ Ալ-Հադիմ, Ալ-Ջուֆրա, Գարդաբիա և Բրակ աշ-Շատի, բոլորն էլ չափազանց հեռու կլինեն Մոսկվայից նոր կամրջի կառուցման համար՝ հաշվի առնելով Եվրոպայի օդային տարածքի սահմանափակումները
Bloomberg
Բաշար Ասադի ռեժիմի արագ անկումը Սիրիայում վտանգի տակ է դնում այս երկրում գտնվող Ռուսաստանի կարևորագույն ավիաբազան, որն անհրաժեշտ է Մոսկվային՝ Աֆրիկայում իր ազդեցությունը տարածելու համար։
Ռուսաստանն օգտագործում է Հմեյմիմ ավիաբազան՝ անձնակազմ և ռազմական բեռներ ուղարկելու Մալի, Բուրկինա Ֆասո և Նիգեր՝ երկրներ, որտեղ վերջերս տեղի են ունեցել հեղաշրջումներ, և որոնք խզել են կապերը Արևմուտքի հետ՝ մոտենալով Մոսկվային։ Այս օդային «կամուրջը» թույլ է տվել Ռուսաստանին վերականգնել իր ազդեցության մի մասը, որը ժամանակին ուներ սառը պատերազմի տարիներին, հատկապես Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում և Սուդանում։
Հմեյմիմ ավիաբազան և Տարտուսի նավահանգստային ռազմաբազան, որը ծառայում է որպես ռուսական վառելիքի և բեռների վերալիցքավորման վայր, թույլ են տվել Ռուսաստանին էժան և արդյունավետ կերպով ընդլայնել իր ռազմական, քաղաքական և տնտեսական ազդեցությունը Աֆրիկայում։ Այժմ այս ցանցը, որը պահպանում է Ռուսաստանի գործողությունները մայրցամաքում՝ լրացնելով Արևմուտքի հեռացող զորքերի թողած վակուումը, կարող է պահանջել հիմնովին վերակազմակերպում։
«Առանց վստահելի օդային կամուրջի՝ Ռուսաստանի կարողությունը ուժի ցուցադրման Աֆրիկայում կփլուզվի… Ռուսաստանի ողջ ռազմավարությունը Միջերկրականում և Աֆրիկայում կախված է մազից»,- ասում է Անաս էլ-Գոմատին, Լիբիայում տեղակայված «Սադեկա» ինստիտուտի տնօրենը։
Թեև Ռուսաստանն աջակցում է Լիբիայի արևելքում իշխանություններին և ունի գործողությունների ներուժ չորս լիբիական ավիաբազաներում՝ Ալ-Հադիմ, Ալ-Ջուֆրա, Գարդաբիա և Բրակ աշ-Շատի, բոլորն էլ չափազանց հեռու կլինեն Մոսկվայից նոր կամրջի կառուցման համար՝ հաշվի առնելով Եվրոպայի օդային տարածքի սահմանափակումները, նշել է էլ-Գոմատին։ Սիրիական ավիաբազան Աֆրիկայում գործողությունների համար «էական կորուստ» կլինի, ասում է Մոսկվայի ռազմավարության և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի ղեկավար Ռուսլան Պուխովը։ «Բոլոր մատակարարումները կատարվում էին Հմեյմիմի միջոցով։ Սա հատկապես կարևոր է այնպիսի երկրի համար, ինչպիսին է Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, որը չունի նավահանգիստ»։
Աղբյուրը՝ Bloomberg
Թարգմանեց՝
Արայիկ Մկրտումյանը
Մոսկվայի ջանքերը Աֆրիկայում ազդեցության վերականգնման ուղղությամբ իրականում սկսվել են 2018 թվականին, երբ Կրեմլի հետ կապված «Վագներ» խմբի վարձկանները ուղարկվեցին Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն (ԿԱՀ), որը չունի ծովային ելք, նախագահին ապստամբների հարձակումներից պաշտպանելու համար։
2019 թվականին այս վարձկանները կարևոր դեր խաղացին Լիբիայի արևելքի առաջնորդ Խալիֆա Հաֆթարի՝ մայրաքաղաք Տրիպոլին գրավելու փորձի ընթացքում։
Այդ ժամանակից ի վեր, Ռուսաստանը զինված ուժեր է ուղարկում Մալի, Նիգեր և Բուրկինա Ֆասո՝ զենքի հետ միասին, ընդլայնելով իր ամենախոշոր ներկայությունը նախկին խորհրդային բլոկի սահմաններից դուրս։ Այս աջակցությունը վտանգի տակ է, սակայն այս երկրների կառավարությունների հետ կապված անձինք պնդում են, որ Ռուսաստանը կգտնի միջոց շարունակելու իր աջակցությունը։
Ռուսաստանն ունի «Պլան Բ», որը թույլ կտա պահել Աֆրիկայի մատակարարման ուղիները՝ լինի դա Լիբիան ավելի հուսալի տարանցիկ կետ դարձնելու միջոցով, թե ԿԱՀ մուտք գործելով Կամերունի կամ Կոնգո-Բրազզավիլի նավահանգիստներից, ասում է ԿԱՀ նախագահի խորհրդական Ֆիդել Գուանդժիկան։ «ԿԱՀ-ի համար հետևանքներ չեն լինի»,- հավելել է նա։ Գուանդժիկան նշել է, որ ԿԱՀ պատրաստ է աջակցել Կրեմլին՝ բեռներ և զինվորներ ուղարկելու Սահելի երկրների կառավարություններին, եթե դա անհրաժեշտ լինի։
Նիգերի ռազմական խունտայի կողմից 2023 թվականին նշանակված վարչապետ Ալի Լամին Զեյնի մամուլի բաժնի ղեկավար Իբրահիմ Համիդուն նույնպես աջակցել է այս տեսակետին։ «Ասադի անկումը չի փոխի մեր հարաբերությունները… Ռուսաստանը կարող է գտնել այլ ուղիներ, օրինակ՝ Թուրքիայի միջոցով, Նիգերին աջակցելու համար»,- ասել է նա։
Թեև ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան թույլատրել է որոշ ռուսական բեռնատար թռիչքների Լիբիա անցնել իր օդային տարածքով, ոչ մի հիմք չկա ենթադրելու, որ այն կփոխարինի Սիրիայի օդային կամուրջին։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ այս երկու երկրների հետաքրքրությունները Աֆրիկայում հաճախ չեն համընկնում։
Բուրկինա Ֆասոյի քաղաքական գործիչ Մոնիկ Ելի Կամը, որը պաշտպանում է ռազմական խունտային և դրա ամրապնդվող կապերը Ռուսաստանի հետ, նույնպես առաջարկել է Լիբիան որպես տարբերակ, որը կօգնի Մոսկվային «պահպանել իր ազդեցությունը մայրցամաքում»։ Ռուսաստանը նաև առանցքային դեր է խաղում Սուդանի 20-ամսյա քաղաքացիական պատերազմում՝ վերջերս աջակցելով ազգային բանակին՝ Օպերացիոն արագ արձագանքման ուժերի զինյալների դեմ պայքարում։ Այն շարունակում է պնդել Կարմիր ծովի ափին ռազմաբազա ստեղծելու ուղղությամբ՝ մի երազանք, որը տեսականորեն կընդլայնի Մոսկվայի լոգիստիկ ցանցը։
Այնուամենայնիվ, Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի «Սահել» ծրագրի ղեկավար Ուլֆ Լեսինգի կարծիքով, Ռուսաստանը դժվարությամբ կկարողանա պահպանել իր ընդլայնված ազդեցության ցանցը Աֆրիկայում։
«Ասադի անկումը զգալիորեն կբարդացնի Ռուսաստանի ռազմական գործողությունները Աֆրիկայում… Բոլոր թռիչքները, որոնք իրականացվում էին վարձկանների մատակարարման, զորքերի ռոտացիայի, նոր զինամթերքի և զենքի տեղափոխման համար, կատարվում էին Սիրիայի միջոցով։ Լիովին բեռնված տրանսպորտային ինքնաթիռով Ռուսաստանից Աֆրիկա թռիչքը չափազանց հեռու է»,- նշել է Լեսինգը։ «Ռուսաստանը ստիպված կլինի կրճատել իր ներկայությունը Աֆրիկայում, և դա շատ ավելի թանկ կլինի»,- ավելացրել է նա։