Հայաստան

Եվրաքվեն Զենք Է, Այն Չպետք Է Թողնել, Որ Ժանգոտվի

Ուզենք, թե ոչ, բայց Թուրքիան ու Իսրայելն այսօր ավելի ծանրակշիռ են դարձել։ Իրանի պաշտպանությանն ապավինելն անհույս և խիստ ռիսկային գործոն է։ Ռուսների մասին խոսելն ավելորդ է։ Հայաստանը, նույնիսկ եթե շատ ցանկանա, ոչ մի տեղից չի կարող օգնության սպասել, բացի ԵՄ-ից։ Իսկ դրա համար շտապել է պետք։ Պետք է ԵՄ հետ հստակ աշխատել, նրան ոչ թե ակնարկներ տալ, այլ բաց տեքստով աշխատել։ Ընդ որում աշխատել ոչ թե պարզապես խոսքով, այլ՝ սննդի անվտանգությունից ու սպասարկման ոլորտից մինչև ռազմավարական հարցեր՝ տեսանելի, չափելի, շոշափելի ու հաշվելի սկզբունքով։

Մեր Ուղին

ԿԸՀ-ը այսօր հաստատեց «Եվրաքվե» նախաձեռնության կողմից հավաքված 52 351 քվեների վավերականությունը։ Հիշեցնենք, որ «Եվրաքվեի»շրջանակներում այդքան քաղաքացի ստորագրել էր՝ կողմ արտահայտվելով Հայաստանի՝ ԵՄ ընթացքին։ Այժմ հարկավոր է տեսնել, թե ի՞նչ ճակատագիր կունենա այդ ամենը ԱԺ-ում, թեև պետք է կարծել, որ իշխանությունները դեռևս կշարունակեն իրենց զգույշ քաղաքականությունն ու կմերժեն օրինագիծը, որից հետո, ըստ տրամաբանության, պետք է նախաձեռնվի նոր ստորագրահավաք, այս անգամ արդեն 300 հազար ստորագրությամբ։
«Եվրաքվեի» մասին շատ ենք խոսել ու կարծում ենք, որ ևս մեկ անգամ հիշեցնելն ավելորդ չի լինի, հատկապես, որ աշխարհում, քանի գնում ավելի է ահագնանում ռազմաքաղաքական գործընթացները։ «ԵՎրաքվեն» պարզապես քաղաքական քմահաճույք կամ ճաշակի հարց չէ, դա Հայաստանի քաղաքակիրթ ապագայի ուղղությունն է։ Իշխանությունները, որքան էլ որ զգույշ և շրջահայաց են փորձում իրենց պահել, պիտի հասկանան, որ Հայաստանն այլևս ժամանակ չունի «բարի մարդու» կերպարով պտտվելու, բոլորի հետ լավ լինելու քաղաքականության համար։ Արցախից ողբերգությունից հետո Հայաստան իշխանությունները պիտի որ հասկացած լինեին ժամանակ մեռցնելու կործանարար հետևանքը, երբ փոխանակ գործընթացներին ներգրավելու՝ ժամանակ ես ձգձգում, այն էլ ոչ թե երկարաժամկետ կամ միջնաժամկետ հստակ պլան ունենալով, այլ զուտ սպասելով, որ «լավ օրեր» կսկսվեն։ Լավ օրեր, ցավոք, չեն սկսվի ու տրամաբանական չէ, որ սկսվեն։ Իշխանությունները պետք է շտապեն, շտապեն հրի արագությամբ, որովհետև տարածաշրջանում փոթորիկը մոլեգնում է ողջ հզորությամբ։
Արևելյան Եվրոպայի մի մեծ մասն այժմ աջ-ռուսամետների ձեռքում է, Վրաստանը ևս կուլ է գնում Ռուսաստանին։ Լիբանանը շարունակում է կես-պատերազմ, կես-խաղաղություն կյանքով ապրել, Պաղեստինում պատերազմը շարունակվում է։ Վերջին կաթիլը եղավ Սիրիայի արյունոտ դրաման, երբ թուրքական պրոքսիները մի քանի օրում գրավեցին ողջ Սիրիան, նախագահ Ասադը փախավ երկրից ու Իսրայելն ու Թուրքիան զբաղված են Սիրիայի սահմանամերձ տարածքները ծվատելով։ Իրանը, որի Հեզբոլլահն ու Համասը էապես թուլացել են, լքեց Սիրիան ու այժմ պատրաստվում է արդեն իր վրա պատրաստվող հարվածներին։ Ռուսաստանը ևս ձեռնպահ մնաց՝ Սիրիան թողնելլով բախտի քմահաճույքին, կամ որ ավելի կոշտ է ասել՝ իր վաղեմի դաշնակցին նորից հանձնեց թուրքերի ձեռքը։ Այնպես ինչպես Արցախի պարագայում եղավ։
Այս օրերին, երբ Ադրբեջանը կրկին սրել է իր ատամները և խոսում է «Արևմտյան Ադրբեջանի» մասին, երբ մեր սահմանակից Իրանը ծանր պարտվելով Սիրիայում՝ ավելի վատ վիճակում է հայտնվել, երբ ռուսներին թուրքերը պարզապես վռնդում են տարածաշրջանից(իսկ գուցե և սա հերթական ռուս-թուրքական օպերացիան է, այնպես ինչպես և 2015թ․) Հայաստանը հայտնվել է իրար հակառակ փչող փոթորիկների արանքում։
Ուզենք, թե ոչ, բայց Թուրքիան ու Իսրայելն այսօր ավելի ծանրակշիռ են դարձել։ Իրանի պաշտպանությանն ապավինելն անհույս և խիստ ռիսկային գործոն է։ Ռուսների մասին խոսելն ավելորդ է։ Հայաստանը, նույնիսկ եթե շատ ցանկանա, ոչ մի տեղից չի կարող օգնության սպասել, բացի ԵՄ-ից։ Իսկ դրա համար շտապել է պետք։ Պետք է ԵՄ հետ հստակ աշխատել, նրան ոչ թե ակնարկներ տալ, այլ բաց տեքստով աշխատել։ Ընդ որում աշխատել ոչ թե պարզապես խոսքով, այլ՝ սննդի անվտանգությունից ու սպասարկման ոլորտից մինչև ռազմավարական հարցեր՝ տեսանելի, չափելի, շոշափելի ու հաշվելի սկզբունքով։
Հայաստանը պետք է կանխի ռուսներին ու թուրքերին, եթե պետք է, նաև ԱՄՆ-ին ու Իրանին։ Հայաստանը պետք է ԵՄ քայլի այնպիսի արագությամբ, որ այլևս կանգնեցնել չլինի։
Որքան էլ, որ տարօրինակ հնչի, բայց Հայաստանն ու Թուրքիան միաժամանակ պետք է ԵՄ անդամներ դառնան։ Այնպես ինչպես Հունաստանն ու Թուրքիան են ՆԱՏՕ անդամ, թեև ատում են իրար։ ԵՄ-ը կպաշտպանի Հայաստանն այն ժամանակ, երբ Հայաստանը լինի ԵՄ-ի մի մասը և ԵՄ-ը կսանձի Թուրքիային միայն այն ժամանակ, երբ Թուրքիան լինի իր մի մասը։ Այնպես, ինչպես ՆԱՏՕ-ն սանձում է Թուրքիային, որ վերջինս չհարձակվի Հունաստանի վրա և զինում է հույներին։
Մենք սպասելու ժամանակ չունենք։ Հիմա շատ բարդ ու նուրբ փուլ է։ Նորից կրիայի դանդաղկոտությունը պարզապես կսպանի մեզ։ Թուրքիայի հետ պետք է աշխատել ոչ թե նրան սիրելու, այլ դեմն առնելու համար։ Մենք այսօր չունենք բավարար չափով ռազմատնտեսական ուժ, բայց ունենք քաղաքական շանս կանխելու Թուրքիային, Ռուսաստանին, Ադրբեջանին, Ռուսաստանին ու Իրանին։ Հարկավոր է մի կողմ դնել նեղմտությունն ու գործարկել քաղաքական նրբին ոճը։
«Եվրաքվեն» այսօր Ողջ Կովկասում ու Մերձավոր Արևելքում միակ եվրոպամետ երևույթն է։ Եվրոպան դա տեսնում է, մնում է, որ մենք էլ դա տեսնենք և հասկանանք։
Ուշանալ, նշանակում է Հայաստանը կրկին դնել թուրքական թրերի տակ, այս անգամ արդեն պաշտոնապես առանց Ռուսաստանի, որը գուցե ներգրավի հայ-թուրքական կոնֆլիկտին միայն որպես թուրքամետ դաշնակից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *