Հայաստան

2023թ. Ստեփանակերտում Կրկնվել Է «Փետրվարյան Ապստամբությունը»

(Մաս Գ)

Կողմերը որեւէ փաստաթուղթ չեն ստորագրել, ադրբեջանական կողմը բանավոր խոստացել է, որ գազատարի եւ բարձր լարման էլեկտրահոսքագծի անխափան շահագործումը երաշխավորում են այն տարածքում, որ գտնվում է իրենց հսկողության ներքո:

Վահրամ Աթանեսյան

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի 2022թ. ապրիլի 14-ի հայտարարությունը, որ ընդունվել է երեսուներեք պատգամավորի «կողմ» քվեարկությամբ, փաստացի ազդարարել է, որ Ստեփանակերտի եւ Երեւանի միջեւ քաղաքական տարաձայնություններն այլեւս անհաղթահարելի են:
Իրավիճակը շտկելու կամ գոնե երկխոսությունը պահպանելու նպատակով Ստեփանակերտ է գործուղվել հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: Նա հանդիպումներ եւ քննարկումներ է ունեցել նախագահ Արայիկ Հարությունյանի եւ պետական նախարար

Արտակ Բեգլարյանի հետ:
Գործադիր իշխանության պատասխանատուները Հայաստանի վարչապետի հատուկ բանագնացին ասել են, որ չեն կարող հակադրվել Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերին, նրանք պնդում են, որ ԼՂ կարգավիճակի հարցում նշաձողի իջեցումը ժողովրդի կողմից չի ընդունվում: Նախագահ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպանին առաջարկել է, որ հանդիպի խորհրդարանական խմբակցությունների հետ, ներկայացնի իրավիճակը, կարգավորման հնարավոր տարբերակները:
Մարուքյանը հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ, վերջինս հրավիրել է խմբակցությունների ղեկավարների խորհրդակցություն: ՀՅԴ խմբակցությունն առաջարկել է, որ Հայաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանի հետ հանդիպումը տեսաձայնագրվի, որպեսզի «ժողովուրդն իմանա, թե Հայաստանը ԼՂ հարցի լուծման ինչ առաջարկություն է ներկայացնում»:

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանը, բնականաբար, չէր կարող ընդունել քննարկումները տեսանկարահանելու, ձայնագրելու եւ հրապարակելու առաջարկությունը: ԼՂ Ազգային ժողովի բոլոր խմբակցություններն այդպիսով եւս մեկ անգամ մերժել են Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը: Նրանք փաստացի ձախողել են Էդմոն Մարուքյանի առաքելությունը:

Ստեփանակերտի այդ դիրքորոշմանը հետեւել է Բաքվի շատ կոշտ արձագանքը. օգոստոսի 1-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սկսում է «Վրիժառություն» ռազմագործողություն: Եռօրյա մարտերի արդյունքում ադրբեջանական ստորաբաժանումները տիրացել են շփման գծի գրեթե բոլոր իշխող բարձունքներին, ընդհուպ մոտեցել Լաչինի միջանցքին եւ ներկայացրել Լաչին ավանը, Աղավնո եւ Սուս գյուղերը հանձնելու վերջնագիր:

Օգոստոսի 6-ին նշված բնակավայրերն անցել են ադրբեջանական բանակի հսկողությանը, ռուս խաղաղապահները հեռացել են՝ տեղաբաշխվելով նոր ճանապարհի երկայնքով: Այդ որոշումն ընդունվել է Անվտանգության խորհրդի նիստում, որին մասնակցել են խորհրդարանական բոլոր կուսակցությունների առաջնորդները՝ բացառությամբ Սամվել Բաբայանի, որ գտնվել է Երեւանում: Լաչինից եւ երկու գյուղերից հայ բնակչության տարհանման բանակցությունները վարել են Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը եւ տարածքային կառավարման նախարար Հայ Խանումյանը:

Ի պատասխան քաղաքական ուժերի, հանրության ներկայացուցիչների անհանգստությունների, թե Արայիկ Հարությունյանը, թե անմիջական բանակցող Վիտալի Բալասանյանը եւ Հայ Խանումյանը վստահեցրել են, այդ թվում՝ լրատվամիջոցներին տված հարցազրույցներով, որ Լաչինի միջանցքի իրավական ռեժիմի փոոխություն տեղի չի ունենում, լուծվում է նաեւ ենթակառուցվածքների անվտանգ շահագործման հարցը:

Իրականում, սակայն, կողմերը որեւէ փաստաթուղթ չեն ստորագրել, ադրբեջանական կողմը բանավոր խոստացել է, որ գազատարի եւ բարձր լարման էլեկտրահոսքագծի անխափան շահագործումը երաշխավորում են այն տարածքում, որ գտնվում է իրենց հսկողության ներքո: Օգոստոս-սեպտեմբերյան այդ իրադարձությունների քաղաքական արձագանքը Ռուբեն Վարդանյանի Ստեփանակերտ գործուղվելն էր:

Այդ առթիվ հատուկ հայտարարությամբ հանդես է եկել պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ հասկացնելով, որ հրաժարական կտա, որպեսզի այդ պաշտոնն անցնի Ռուբեն Վարդանյանին, իսկ ինքը կմնա որպես նրա խորհրդական: Չնայած դրան, Ռուբեն Վարդանյանի նշանակումը բավական ձգձգվել է՝ մինչեւ նոյեմբերի սկիզբ: Հաջորդ օրը, օգոստոսյան լարվածությունից հետո առաջին անգամ, ադրբեջանական բանակը կրակ է բացել Խրամորթի դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ: Դա լարվածության նոր փուլի մեկնարկն էր:

(Վերջ)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *