Մաս 3‑րդ
Ըստ էության դա նշանակում էր, որ Ստեփանակերտը չի ճանաչում քառասունչորսօրյա պատերազմը դադարեցնելու մասին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ձեռք բերված համաձայնությունը եւ գտնում է, որ պետք է վերադարձվեն ոչ միայն Հադրութի շրջանը եւ Շուշին, այլեւ այն բոլոր շրջանները, որ 1994թ. մայիսի 12‑ի դրությամբ գտնվել են հայկական զինուժի վերահսկողության ներքո:
Վահրամ Աթանեսյան
Ֆրանսիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Պեկրեսի Ստեփանակերտ այցից կարճ ժամանակ անց քաղաքական շրջանակներից «տեղեկատվական արտահոսք տարածվեց»,- իրականում դա ՀՅԴ տեղական կառույցի նախաձեռնությունն էր եւ ուղղորդվում էր նրա կողմից,- որ Դաշնակցության Բյուրոն «Արայիկ Հարությունյանից պահանջել է Ազգային ժողովի նախագահի պաշտոնից հեռացնել Արթուր Թովմասյանին եւ խորհրդարանի խոսնակ ընտրել Դավիթ Իշխանյանին»:
«Հիմնավորումն» այն էր, որ Թովմասյանը նույն պաշտոնն զբաղեցրել է նաեւ 1995–97 թվականներին, երբ Ստեփանակերտում «բոլոր պաշտոնյաներին նշանակում էր ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը, շարունակում է մնալ նրա ազդեցության տակ, իսկ Բաբայանը Նիկոլ Փաշինյանի կամակատարն է»: Կուլիսներում պնդում էին, որ Արթուր Թովմասյանը «չարաշահում է պաշտոնեական դիրքը, խոչընդտում խորհրդարանի ազգային-հայրենասիրական գաղափարներ կրող խմբակցությունների օրենսդրական նախաձեռնությունների իրացմանը»:
Թովմասյանի ընդդիմախոսները մասնավորապես ասում էին, որ ՀՅԴ, «Արդարություն» եւ «Ժողովրդավարություն» խմբակցությունները «փորձել են քննարկման ներկայացնել Ադրբեջանի կողմից գրավված տարածքների իրավական կարգավիճակը սահմանող օրենքի նախագիծ, բայց ԱԺ նախագահը դեմ է արտահայտվել»: Ներքին տարաձայնությունները բացահայտեց Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը, երբ ֆեյսբուքյան գրառում կատարեց եւ հրապարակայնացրեց, որ հեռախոսազրույց է ունեցել Արթուր Թովմասյանի հետ, եւ նա խոստացել է, որ «Բռնազավթված տարածքների մասին» օրինագիծն անպայման կընդգրկվի ԱԺ նստաշրջանի օրակարգում:
«Հույս ունեմ, որ այդ օրենքը կընդունվի փետրվարին՝ արցախյան շարժման հերթական տարեդարձին ընդառաջ»,- Ֆեյսբուքում գրել էր Թեւան Պողոսյանը, ինչից պարզ հասկացվում էր, որ Արթուր Թովմասյանը փոխել է դիրքորոշումը: Իսկ դա նշանակում էր, որ «Բռնազավթված տարածքների մասին» օրենք ընդունելուն համաձայնություն է տվել խորհրդարանի թվաքականակով ամենամեծ՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը, որ համարվում էր նախագահ Արայիկ Հարությունյանի քաղաքական հենարանը:
Այդ օրենքի ընդունման ամենաեռանդուն քարոզիչներ էին պետական նախարար Արտակ Բեգլարյանը եւ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: Ի վերջո ԱԺ աշխատակազմը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որ խորհրդարանական բոլոր խմբակցությունները միասնաբար հեղինակել են «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծ, որ ստացել է պրոֆիլային հանձնաժողովների դրական եզրակացությունը եւ ընդգրկվել Ազգային ժողովի նստաշրջանի օրակարգում: Ինչպես «հույս էր հայտնել» Թեւան Պողոսյանը, հիշյալ նախագիծը երկու ընթերցմամբ քննարկվեց եւ վերջնական քվեարկության դրվեց 2022թվականի փետրվարի 18-ին՝ ղարաբաղյան Շարժման մեկնարկի տարեդարձից երկու օր առաջ:
Օրենքն Ազգային ժողովում ընդունվեց միաձայն, նիստին ներկա էին բոլոր 33 պատգամավորները: Այն սահմանում է, որ Արցախի իրավազորության ներքո գտնված եւ քառասունչորսօրյա պատերազմում Ադրբեջանի կողմից գրավված եւ նոյեմբերի 9‑ի եռակողմ հայտարարությամբ նրան վերադարձված անխտիր բոլոր տարածքները ժամանակավորապես բռնազավթված են եւ ենթակա են վերադարձի: Որպես իրավական հիմք վկայակոչվել է «Վարչատարածքային բաժանման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը:
Ըստ էության դա նշանակում էր, որ Ստեփանակերտը չի ճանաչում քառասունչորսօրյա պատերազմը դադարեցնելու մասին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ձեռք բերված համաձայնությունը եւ գտնում է, որ պետք է վերադարձվեն ոչ միայն Հադրութի շրջանը եւ Շուշին, այլեւ այն բոլոր շրջանները, որ 1994թ. մայիսի 12‑ի դրությամբ գտնվել են հայկական զինուժի վերահսկողության ներքո:
Ստեփանակերտում իշխանափոխություն իրականացնելու, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանին Ազգային ժողովի նախագահի պաշտոնում նշանակելու առաջին փորձն, այսպիսով, ավարտվեց ԼՂ կարգավորման հարցի շուրջ ներքաղաքական համերաշխությամբ, որ տեղեկատվա-քարոզչական մակարդակում ձեւակերպվեց որպես «համախոհ կառավարման հաստատում»: Փաստացի Արայիկ Հարությունյանը զրկվեց ինքնուրույն արտաքին քաղաքականություն իրականացնելու սահմանադրական լիազորությունից, իսկ եթե ավելի հասկանալի ասվի, ապա գործնականում ձեւավորվեց երկիշխանություն:
«Բռնազավթված տարածքների մասին» օրենքի ընդունումը համաձայնեցվա՞ծ էր ԼՂ-ում ռուսական զորախմբի հրամանատարության հետ, թե՞ քաղաքական ինքնագործունեություն էր՝ տեսակետները տարբեր են, իրարամերժ: Մի բան ակնհայտ է. այդ որոշումը շրջադարձային էր եւ կանխորոշեց Բաքու-Ստեփանակերտ սուր դիմակայությունը, որ դրսեւորվեց հաջորդ ամիսներին՝ ի վերջո հանգելով Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի ռուս-ադրբեջանական շրջափակմանը։
