Լրագրությունը Հայաստանում դարձել է կողմնակի եկամտի նման մի «սև արհեստ», քաղաքական մտրակ, որ իրար գլխի են իջեցնում կուսակցությունները։ Լրագրողը Հայաստանում այն մարդն է, ով չի քննում, չի վերլուծում, նա պարզապես գրում է այն, ինչ իրենից պահանջում են ու վերլուծում է այնպես, ինչպես իր տերերին ձեռք է տալիս։
Մեր Ուղին
Ամեն մասնագիտություն ոչ միայն որոշակի հմտություն ու փորձ է պահանջում, այլև բարոյականություն։ Առանց ներքին բարոյականության՝ այդ մասնագիտությունը դատապարտված է։ Առանց բարոյականության մասնագիտությունը ոչ միայն բարիք չի ստեղծում, այլև կարող է կործանել դրա կրողին ու իր շրջապատը։
Լրագրողի մասնագիտությունն առավել քան որևէ այլ մասնագիտություն, պահանջում է բարոյականություն, ընդ որում շատ խիստ ու անբեկուն բարոյականություն։ Երբ ստում են այլ մասնագիտություններ, ինչ որ պահի դա կարող է շատ չվնասել նրանց գործի արդյունավետությանը, բայց երբ ստում է լրագրողը, նա այլասերում է ճշմարտությունը։ Այն պարզ պատճառով, որ լրագրողը աշխատում է տեղեկատվության հետ։ Նրա գործը լուրեր ստանալն ու փոխանցելն է։ Երբ կեղծիք է տարածվում, այդ կեղծիքը կարող է սարսափելի հետևանքներ ունենալ այն ստացողի համար։
Մեր ժամանակներում, երբ տեղեկատվությունը շատ է ու բազմաբնույթ, ազնիվ ու անաչառ լրագրողն էլ ավելի պահանջված է դառնում։ Շատերն են այժմ լրագրող աշխատում, բայց քչերն են, որ չեն մեղանչում ճշմարտության առջև։ Լրագրողն ըստ էության կատարում է պատմաբանի, հոգեբանի կամ հոգևորականի նման աշխատանք։ Նրանցից որն էլ սուտ է խոսում, նախ և առաջ հարվածում է ճշմարտությանը, հարվածում է բարոյականությանը, հարվածում է մարդկային վստահությանը։ Ստախոս լրագրողը հասարակության թիվ մեկ թշնամին է, խոտի մեջ թաքնված մի օձ, թաքնված մի դավադիր, որ սղոցում է մարդկային հավատն ու վստահությունը, փչացնում լրագրողի առաքելությունը, ձեռք է բարձրացնում ճշմարտության վրա։
Մեր ժամանակների Հայաստանում երկու բան է շատ՝ կուսակցությունն ու լրագրողը։ Այնպես, ինչպես որ սնկի նման աճում են կուսակցություններն ու չգիտես, թե ինչով են զբաղված, այնպես էլ հասարակությունը հեղեղված է «լրագրողներով», որոնց մեջ հաճախ հանդիպում ես այնպիսի դեմքերի, ովքեր ո՛չ նորմալ կրթություն ունեն, ո՛չ էլ տարրական բարոյականություն։ Լրագրությունը Հայաստանում դարձել է կողմնակի եկամտի նման մի «սև արհեստ», քաղաքական մտրակ, որ իրար գլխի են իջեցնում կուսակցությունները։ Լրագրողը Հայաստանում այն մարդն է, ով չի քննում, չի վերլուծում, նա պարզապես գրում է այն, ինչ իրենից պահանջում են ու վերլուծում է այնպես, ինչպես իր տերերին ձեռք է տալիս։
Անթիվ անհամար լրատվական կայքերը, թշնամությամբ ու թույնով լցված հեռուստաընկերությունները անդադար հուր են նետում միմյանց ուղղությամբ։ Եվ լրագրողն արդեն ոչ թե տեղեկատվություն փոխանցող է, այլ վարձկան գրիչ, որով քաղաքական ու հանցագործ դեմքերը սևացնում են մեկը մյուսին։ Ու այդ սևացումն ընթանում է սրիկայական մանիպուլյացիաներով, կեղծիքի ու ստի այնպիսի զարհուրելի քանակությամբ, որ ցանկացած հասարակության կարող է մահվան հասցնել։
Հարցը միայն այն չէ, որ լրագրող կոչվող վարձու գրչակները հայհոյում են միմյանց ու ստեր շարում իրար հասցեի, այլ այն, որ այդ ստի մեջ կորչում են լրագրողի առաքելությունն ու մարդկանց հավատը խոսքի նկատմամբ; Հայաստանում այնքան շատ է սուտ տարածվել, որ մարդկանց մեծ մասը լրագրող ասելով հասկանում է «պրովոկատոր» կամ «խաբեբա», երբեմն էլ՝ երկուսը միասին։ Մարդկանց մեղադրել պետք չէ։ Ոմանք հենց միայն պրովոկացիայով ու խաբելով են զբաղված։
Հայաստանում ազատության անբավարար կայանալու նշաններից մեկն էլ հենց ավերված լրագրողական համայնք ունենալն է։ Ընդ որում Հայաստանում լրագրողներին այդ օրը գցողները կանգնած են ՀՀ անկախացման ակունքներում, երբ 90-ականների առաջին կեսին Հայաստանում մի այնպիսի տեղեկատվական քաոս ու կարգազանցության ալիք բարձրացավ, որ ճիշտն ասելը դարձավ վտանգավոր։ Այնքան վտանգավոր, որ սուտը դարձավ գերադասելի։ Ճիշտն ասելու դեպքում ծեծվելու, հալածվելու, երբեմն էլ սպանվելու վախը շատերին դարձրեց խոնարհ ու հեզ կեղծարար։ Այդ իրավիճակում Հայաստանի ոչ մի իշխանություն չմտահոգվեց, որ հասունանում է համընդհանուր ստի գերդոզավորման աղետը։ Այդ սուտը իշխանությունները կիրառել և շարունակում են կիրառել բացառապես մի նպատակով՝ սևացնել հակառակորդին ու սրբացնել ինքն իրեն։ Այդպես պահել իշխանությունը։
Հայաստանի իշխանությունների(բոլորի ժամանակների) ստով կառավարելու ու խաբելու, լռելու ու լռեցնելու գործն այն հետևանքն ունեցավ, որ հասարակության մեջ խաբել-կեղծելուն զուգահեռ արվատավորվեց նաև այլընտրանքի բացակայությամբ վախեցնելը, երբ վարձկան լրագրողների ձեռամբ ու բերանով հասարակությանը կանգնեցնում էին մի այսպիսի իրավիճակի առաջ, երբ կա՛մ պետք է համաձայնվել, կամ արյունի առաջ կանգնել։ Հայաստանում մարդիկ սկսեցին վախենալ արդարադատությունից, որովհետև տեսնում էին, որ ամեն մարդու մասին կարելի է այնպիսի սուտ հնարել, որ նա հինգ րոպեում ազգի դավաճան դուրս գա։ Այնպիսի սուտ կարելի է հնարել, որ փալասը ազգային հերոս դառնա։ Ու հասարակությունը սկսեց լցվել ամեն րոպե ստեղծվող հերոսներով ու դավաճաններով, հրեշտակներով ու դևերով։ Գրեթե բոլորը, ովքեր քիչ թե շատ հանրային դեմք էին դառնում, պարտադիր վարձում էին իրենց տեղեկատվական վարձկաններին, որ սուտ ցանելով ոսկի հնձեն, վախ ցանելով՝ իշխանություն։ Դա էլ իր հերթին ուժեղացրեց արդարության նկատմամբ վստահության կորստի, ճշմարտության ուժասպառության զգացման։
Լրագրողները, ովքեր նույնիսկ ԱՄՆ-ի նման հսկայական պետության նախագահ Նիքսոնին կարողացան փաստերի ճնշման ներքո հրաժարական պարտադրել, Հայաստանում վերածվեցին կառավարվող տիկնիկների, ով ձայնում է միայն այն, ինչի դիմաց վճարում են։
Բնականաբար իջավ նաև լրագրողի ու նյութի որակը։ Երբ բոլորն են զբաղվում լրագրությամբ ու դա պատվիրված է, անաչառությունը նահանջում է։ Գրեթե չկային(հիմա էլ հազվադեպ են հանդիպում) լրատվականներ, թերթեր, որ քաղաքական պատվերով չեն/չէին զբաղված։ Պատվերի դեպքում, երբ հանձնարարված սուտը դառնում է վճարվող, ճշմարտությունը մնում է անվճար մի բեռ, որը ոչ ոք այլևս չի ցանկանում իր հետ քարշ տալ ու դեռ մի բան էլ գանակոծվել։ Երբ լրատվականները սկսեցին հիմնվել որպես զուտ քաղաքական կամ աննպատակ ժամանցային, ապա լրագրողներն էլ սկսեցին գրել այն, ինչ ուզում են կոնկրետ մարդիկ, ոչ թե այն ինչ իրականում կա։
Հայտնի բան է, որ «տեղեկացված ես, ուրեմն զինված ես»։ Բայց նաև, որ «տեղեկությունն ամենաթանկն արժե»։ Ուստի և նա, ով կարողանում է առաջինը մանիպուլացնել տեղեկությունը, նա էլ դառնում է օրակարգի թելադրողը, իսկ այդ դեպքում գրեթե չեն մնում մարդիկ, որոնց համար ճշմարտությունը դառնում է առաջնահերթ։ Ի վերջո ճշմարտությունը տեղ չունի քաղաքական թույնի մեջ թաղված երկրում։ Գուցե հենց այդ պատճառով էր, օրինակ երկրից փախուստի դիմել ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը։ Գուցե նա վստահ չէր, որ Հայաստանում ճշմարտությունը բավականաչափ պաշտպանված է, որ իրեն դատեն արդարացիորեն։ Վանո Սիրադեղյանն այն կերպարներից է ում մասին հսկայական քանակությամբ և՛ գովասանք կլսես, և՛ սարսափելի մեղադրանքներ։ Ու մեծ մասամբ հնարավոր չի լինում պարզել, թե որն է ճիշտ, որը՝ ոչ։
Լրագրողները ի վիճակի կլինեն անաչառ լուրեր մատոցել միայն այն ժամանակ, երբ նրանց պատվիրատուն կլինի հասարակությունը, ոչ թե մեկ անձ։ Լրագրողները ավելի վստահ կզգան իրենց, երբ հասարակության համար աշխատեն, ոչ թե մեկ մարդու։ Քանի դեռ չկա այդ ամենը, լրագրողները շարունակելու են չոր հացի համար հնարել ամենասև ստերն ու նյութ «սաղացնել»։ Այդ անորակ ու էժանագին լուրերի հասարակությանը նաև հեշտ է խաբել ու մոլորեցնել; Կարելի է վստահ ձեռքով գրված որևէ աղբ նետել ու բոլորի ուշադրությունը կենտրոնացնել դրա վրա։ Չկա տեղեկատվական հիգիենա։ Լրագրողներից ոմանք միանգամից կարող են տարածել ցանկացած հիմարություն ու դրանով վարակել ողջ հասարակությանը։ Օրինակ Ադրբեջանում կարող են հենց այնպես հայտարարել, որ Պողոսն իրենց բարեկամն է։ Հայ լրագրողն առանց մի վայրկյան իսկ երկմտելու, արդեն մեղադրական շեշտով տարածում է լուր առ այն, որ Պողոսը ադրբեջանցու բարեկամ է և հասարակությունը պատրաստ է հոշոտել Պողոսին, առանց որևէ ապացույցի։ Բայց չէ որ նման կերպ մենք խաղալիք ենք դառնում թշնամու ձեռքում, իսկ լրագրողը որ նաև դրա դեմ պիտի պայքարեր, հաճույքով մի քանի խոսք էլ իր կողմից է ավելացնում։
Այն ժամանակ, երբ հասարակությունը կարողանա և ցանկանա հավաստի ճշմարտության համար վճարել, այդ ժամանակ լրագրողը, ով նույնպես ապրելու պահանջ ունի, ավելի վստահ կլինի ու կգրի ճշմարտությունը՝ առանց ուղղորդվելու մեկ մարդու կողմից։ իսկ հիմա, եթե որևէ լրատվական հանկարծ սկսի խոսել անաչառ, ապա նրա ֆինանսավորողն ընդամենը մեկ շարժումով նրան կզրկի նույնիսկ չոր հացից, իսկ քաղցած ու մերկ ճշմարտությունը ոչ ոքի պետք չէ։ Եթե մարդիկ պատրաստ են վճարել հացի, կոշիկի ու մեքենայի համար և ավելի շատ վճարել ավելի համեղ հացի, ավելի ամուր կոշիկի ու ավելի որակյալ մեքենայի համար, ինչո՞ւ պատրաստ չեն վճարել տեեկատվության համար։ Տեղեկատվությունն ավելի թանկ արժե, քան որևէ այլ բան։ Բայց Հայաստանում ամեն ինչ դեռևս շատ հում վիճակում է։ Հայաստանում լրագրությունը ոչ թե պիտի կայանա, այլ նոր-նոր պիսի սկսի ձևավորվել։
Իսկ թե ինչեր են ստիպողաբար կամ վճարովի «բաց թողել» ու թաքցրել հայ լրագրողները Արցախի, կոռուպցիայի, ներքին հրեշավոր հանցանքների մասին, մնում է միայն ենթադրել։ Հավատալու համար հարկավոր է նախ վստահել, իսկ վստահությունը սկսվում է հավաստի լուրից։