Արցախ

«Գաղտնիք Ղարաբաղի»

Մաս 3

Գրեթե դադարել էր Ստեփանակերտի եւ շրջանների միջեւ հաղորդակցությունը, բոլոր ճանապարհներին տեղադրվել էին հսկիչ անցակետեր, որտեղ խորհրդային բանակի սպաների թույլտվությամբ հայտնվել էին ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայիններ: Ամենածանր վիճակ էր Ստեփանակերտի օդանավակայանում, որտեղ ԼՂԻՄ եւ հարակից շրջանների զինվորական պարետի հրամանով տեղաբաշխվել էր Ադրբեջանի ՆԳՆ խումբը՝ նախկինում կաշառակերության համար դատված Ալեֆ Հաջիեւի հրամանատարությամբ:

Վահրամ Աթանեսյան

Լեռնային Ղարաբաղում եւ Շահումյանի շրջանում Խորհրդային Միության Զինված ուժերի Գլխավոր շտաբի, ՊԱԿ-ի եւ ՆԳ նախարարության կողմից մշակված «Կոլցո»/ «Օղակ» ռազմագործողության անցկացումը միջազգայնորեն հիմնավորելու նպատակով Ադրբեջանի իշխանությունները կայացրել էին լրացուցիչ որոշում, որը ֆորմալ առումով թույլ էր տալիս արտակարգ դրության գոտում անցկացնել այսպես կոչված «անձնագրային ռեժիմի ստուգում»:
Բաքվի քարոզչությունը, որ լայնորեն տարածում էին խորհրդային առաջատար թերթերը, հեռուստատեսությունը, ռադիոն եւ պետական ՏԱՍՍ եւ ԱՊՆ լրատվական գործակալությունները, կառուցված էր այն թեզի վրա, որ «Լեռնային Ղարաբաղի եւ Շահումյանի շրջանում հաստատվել են Հայաստանից գործուղված զինված խմբեր, որոնք ահաբեկչություններ են իրականացնում հարեւան ադրբեջանական գյուղերի խաղաղ բնակչության դեմ»: Իրականում ինքնավար մարզի ադրբեջանաբնակ համայնքներում տեղաբաշխվել էին Ադրբեջանի ՆԳՆ ենթակայության հատուկ նշանակության ստորաբաժանումներ, ստեղծվել էր ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոն, որի գլխավոր խնդիրը ԼՂ հայկական քաղաքներում, ավաններում եւ գյուղերում պատժիչ գործողությունների իրականացումն էր: Այդ պաշտոնում նշանակվել էր Ռովշան Ջավադովը, որ ամենօրյա կապ ուներ ԼՂԻՄ «կազմկոմիտեի» նախագահ Պոլյանիչկոյի եւ արտակարգ դրության շրջանի զինվորական պարետ Սաֆոնովի հետ:
1991թվականի մայիսին խորհրդային զորքերը երկու խոշոր պատժիչ ռազմագործողություն իրականացրին Շուշիի շրջանի Բերդաձոր, Մեծ Շեն, Եղցահող եւ Կանաչ թալա գյուղերում: Բնակչությունը ենթարկվեց ծաղրուծանակի, կողոպուտի եւ վայրենի բռնատեղահանության, ձերբակալվեցին եւ Բաքու տեղափոխվեցին տասնյակ տղամարդիկ: Մի քանի օր անց խորհրդային զորքերը եւ ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատները հարձակման անցան Հադրութի շրջանի հարավային եւ Հայաստանի հետ սահմանամերձ գյուղերում: Երեք օր տեւած բռնությունների հետեւանքով մի քանի տասնյակ տղամարդիկ ձերբակալվեցին, բնակչությունը բռնատեղահանվեց Գորիսի շրջան: Այդ ընթացքում զոհվեց մոտ մեկ տասնյակ խաղաղ բնակիչ, հիմնականում՝ կանայք եւ ծերեր: Հադրութի շրջանի տասնչորս գյուղ դատարկվեց տոհմիկ բնակչությունից, ենթարկվեց կողոպուտի, ապա հրկիզվեց: Ստեփանակերտում պարետային ռեժիմը խստացվեց, մտցվեց ռազմական գրաքննություն: Զինվորական պարետությունը գրավեց մարզային ռադիոյի եւ նորաստեղծ հեռուստատեսության շենքը:
«Խորհրդային Ղարաբաղ» թերթը լույս էր տեսնում ընդհատումներով, այն էլ պարետության գրաքննիչի կողմից արտոնվելուց հետո: Լրագրողների համար սահմանված էր ազատ տեղաշարժի խստագույն սահմանափակում: Մարզային թերթի, ռադիոյի եւ հեռուստատեսության աշխատակիցներին արգելված էր առանց զինվորական պարետի թույլտվության լինել մարզի բնակավայրերում, ձայնագրություններ եւ տեսալուսանկարահանումներ անել: Գրեթե դադարել էր Ստեփանակերտի եւ շրջանների միջեւ հաղորդակցությունը, բոլոր ճանապարհներին տեղադրվել էին հսկիչ անցակետեր, որտեղ խորհրդային բանակի սպաների թույլտվությամբ հայտնվել էին ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայիններ: Ամենածանր վիճակ էր Ստեփանակերտի օդանավակայանում, որտեղ ԼՂԻՄ եւ հարակից շրջանների զինվորական պարետի հրամանով տեղաբաշխվել էր Ադրբեջանի ՆԳՆ խումբը՝ նախկինում կաշառակերության համար դատված Ալեֆ Հաջիեւի հրամանատարությամբ: Նա ծնունդով Խոջալու գյուղից էր, ծառայել էր մարզային միլիցիայում որպես տեղամասային տեսուչ եւ Լեռնային Ղարաբաղում հայտնի մարդկանց գիտեր անձամբ: Հաջիեւը գլխավորում էր օդանավակայանի մարդորսությունը:
(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *