Արցախ

«Գաղտնիք Ղարաբաղի»

Մաս 6

«Կոլցո» ռազմագործողության միջոցով հայկական երկու տասնյակից ավելի գյուղեր գրաված, մի քանի հազար մարդու բռանատեղահանած Ադրբեջանը ԼՂ ներկայացուցիչների հետ խաղաղ կարգավորման որեւէ տարբերակ քննարկելու իրական մտադրություն չուներ: Մութալիբովը պարզապես ենթարկվել է Գորբաչովի հրահանգին:

Վահրամ Աթանեսյան

ԼՂ մարզխորհրդի որոշմամբ Բաքու մեկնող պատվիրակությունն ի՞նչ լիազորություններ է ստացել՝ մինչ այժմ այս հարցին հստակ պատասխան չկա: Ընդունված որոշումը չի հրապարակվել, նիստի մասնակիցները հակասական վկայություններ են թողել: Հայտնի է, որ քննարկումներին մասնակցել են ոչ միայն մարզխորհրդի, այլեւ ԽՍՀՄ ժողովրդական եւ Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավորներ:

Ըստ որոշ տեղեկությունների, «առճակատումից՝ երկխոսություն» քաղաքական ուղեգծի առաջարկություն մարզխորհրդի գործկոմին ներկայացրել է մարզկոմի նախկին առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանը: Իրադարձություններին տեղյակ մի քանի անձինք համոզված են, որ Մոսկվայից Ստեփանակերտ ճանապարհին նա Երեւանում հանդիպել է Գերագույն խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ ստացել նաեւ նրա համաձայնությունը:

Լեռնային Ղարաբաղում այդ օրերին իրավիճակն իրոք ճգնաժամային էր: Ադրբեջանը դադարեցրել էր բոլոր տեսակի ապրանքների մատակարարումը, գյուղատնտեսական կոլեկտիվ եւ պետական տնտեսություններում աշխատանքները գրեթե դադարել էին վառելիքի բացակայության պատճառով: Մարզի տասնյակ բնակավայրեր զրկված էին էլեկտրականությունից՝ հարեւան ադրբեջանական շրջանների համապատասխան ծառայությունների սահմանած արգելքի պատճառով:

Իրադարձություններից ավելի քան տասը տարի անց, արդեն զբաղեցնելով ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, Օլեգ Եսայանը վկայել է, որ Մոսկվայից դրվել է երկու պահանջ՝ մասնակցել Ադրբեջանի նախագահի ընտրություններին եւ վերականգնել Ադրբեջանին սահմանադրական ենթակայությունը: Ըստ Եսայանի՝ առաջին պահանջը մերժվել է, երկրորդի շուրջ բանակցություններ սկսելու գաղափարն՝ ընդհանուր առմամբ համարվել հնարավոր: «Անձամբ ես կողմ էի Ադրբեջանի հետ բանակցություններին, բայց հրաժարվել եմ լինել պատվիրակության անդամ»,- ասել է Օլեգ Եսայանը:

Նրա վկայումներում ամենաուշագրավն այն է, որ Բաքու մեկնելու որոշմանը «տեղյակ են եղել Շարժման առաջնորդները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը»: Այլ աղբյուրներ ասել են, որ պատվիրակություն կազմելու եւ Բաքվում բանակցությունների գնալու հարցը «քննարկվել է ընդհատակյա առաջնորդների կողմից եւ արժանացել նրանց հավանությանը»:

Ովքե՞ր էին «ընդհատակյա առաջնորդները»՝ փաստական տեղեկություններ չկան: Քաղաքական առումով կարեւոր է, որ այդ քննարկումներն ընթացել են, երբ գրեթե երկու տարի առաջ կայացել էր Լեռնային Ղարաբաղի եւ ՀԽՍՀ միավորման որոշումը: Այն Լեռնային Ղարաբաղի միակ օրինական իշխանություն էր ճանաչում Ազգային խորհուրդը: Փաստացի, սակայն, ԼՂ համար կարեւոր նշանակության որոշումն ընդունել է մարզային խորհուրդը, որի լիազորությունները ԽՍՀՄ ԳԽ նախագահության հրամանագրով կասեցված էին 1989թ. հունվարի 12-ից:

Ի՞նչն է ստիպել, որ Ազգային խորհուրդն իր լիազորությունները զիջի մարզխորհրդի գործկոմին, որի անդամների զգալի մասն, ի դեպ, Ազգային խորհրդի եւ նրա նախագահության անդամ էր: Այդ կառույցում ներկայացված էին նաեւ մարզի բոլոր շրջանների, բացի Շուշիից, գործադիր իշխանության ներկայացուցիչները:
Կարելի է վստահաբար ասել, որ ԼՂ Ազգային խորհրդի հավաքական «պաշտոնանկությունը» պայմանավորված էր նրանով, որ Խորհրդային Միության կենտրոնական իշխանությունները նրա օրինականությունը չէին ճանաչում, համարում էին ոչ սահմանադրական մարմին: Ամենայն հավանականությամբ, նրա ներկայացուցիչների հետ որեւէ հարց քննարկելու ցանկություն չի ունեցել նաեւ Ադրբեջանի ղեկավարությունը:

Այսպես, թե այնպես՝ մարզային խորհուրդն ընդունել է Բաքու պատվիրակություն գործուղելու որոշում: Եւ, ըստ Օլեգ Եսայանի, պատվիրակությունն ունեցել է մի լիազորություն՝ քննարկել մարզխորհրդի եւ նրա գործադիր կոմիտեի լիազորությունների վերականգնման հարցը: Ստույգ է, որ պատվիրակությունը գլխավորել է մարզգործկոմի նախագահի պաշտոնակատար Լեոնարդ Պետրոսյանը:

Պատվիրակության Բաքու մեկնելու երթուղու մասին եւս պաշտոնապես հաստատված տեղեկություններ չկան: Ամենահավանական է թվում այն տարբերակը, որ ԼՂ ներկայացուցիչներին Ստեփանակերտից Կիրովաբադ/Գյանջա են ուղեկցել արտակարգ դրության շրջանի պարետատան բարձրաստիճան սպաներ: Կիրովաբադից նրանք Բաքու են մեկնել ԽՍՀՄ ՆԳՆ ենթակայության ուղղաթիռով:

Ի՞նչ հանդիպումներ եւ քննարկումներ են կայացել Բաքվում՝ նույնպես մանրամասնությամբ հայտնի չեն: ԼՂ պատվիրակությունը, հավանաբար, ընդունելության է եղել Ադրբեջանի ղեկավար Մութալիբովի մոտ: Ադրբեջանում այդ հանդիպումը պահվել է գաղտնի: Իրավիճակն այնպիսին էր, որ «Կոլցո» ռազմագործողության միջոցով հայկական երկու տասնյակից ավելի գյուղեր գրաված, մի քանի հազար մարդու բռանատեղահանած Ադրբեջանը ԼՂ ներկայացուցիչների հետ խաղաղ կարգավորման որեւէ տարբերակ քննարկելու իրական մտադրություն չուներ: Մութալիբովը պարզապես ենթարկվել է Գորբաչովի հրահանգին:

Անդրադառնալով Բաքու պատվիրակություն գործուղելու որոշման շարժառիթին, Օլեգ Եսայանը բացատրել է, որ «հարկավոր էր ինչ-որ ձեւով ժամանակ շահել»: Իրականում Բաքու-Ստեփանակերտ այդ «երկխոսության» շոշափելի արդյունքն այն էր, որ «Կոլցո» ռազմագործողությունը որոշակիորեն մեղմացել է: Քաղաքական որեւէ հետեւանք այդ բանակցությունները չեն ունեցել. ոչ Լեռնային Ղարաբաղն է մասնակցել Ադրբեջանի նախագահի ընտրություններին, ոչ Ադրբեջանն է պաշտոնապես ճանաչել մարզգործկոմի եւ մարզային խորհրդի լիազորությունները: Ստեփանակերտում, սակայն, այդ «երկխոսությունը» ներքաղաքական սուր ճգնաժամի առիթ դարձավ:

(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *