Մաս 8
Վալերի Գրիգորյանի սպանության քաղաքական շարժառիթներն արդարացնելով՝ Լեւոն Մելիք-Շահնազարյանը հետագայում ասել է, որ եթե նա չսպանվեր, ապա «Շարժման ընթացքն իր նպատակից կշեղվեր»: Վալերի Գրիգորյանի սպանությունից տասը օր հետո Մոսկվայում կազմակերպվեց պետական հեղաշրջման փորձ:
Վահրամ Աթանեսյան
Վալերի Գրիգորյանի սպանությունից տարիներ անց նրա կինը լրագրողներին ասել է, որ այդ օրն առավոտյան ամուսնուն զանգել է մարզխորհրդի գործկոմի նախագահի պաշտոնակատար Լեոնարդ Պետրոսյանը եւ ասել, որ սպասում է Մոսկվայից Հենրիկ Պողոսյանի հետ հեռախոսազրույցի: Վալերի Գրիգորյանի կնոջը հայտնի չէր՝ ամուսինը Հենրիկ Պողոսյանի հետ հեռախոսազրույց ունեցե՞լ է, որովհետեւ նա այլեւս տուն չի վերադարձել:
Վալերի Գրիգորյանը ոչ միայն ցուցադրական, այլեւ դաժան սպանության է ենթարկվել: Նրա վրա արձակվել է տասնութ կրակոց: Կատարվածի առթիվ հարուցվել է քրեական գործ, բայց քննչական գործողությունները վերապահվել են Ադրբեջանի դատախազությանը: Գործն արագորեն կարճվել է՝ կրակողի ինքնությունը չբացահայտված լինելու հանգամանքով: Շուրջ տասը տարի անց ղարաբաղյան Շարժման մասնակիցներից Լեւոն Մելիք-Շահնազարյանը Վալերի Գրիգորյանի սպանությունը որակել է ոչ միայն «օրինաչափ, այլեւ անհրաժեշտ»: Նա մամուլին ասել է, որ այդ օրերին Լեոնարդ Պետրոսյանը փորձել է ընդհատակի հետ կապ հաստատել եւ պարզել՝ արդյո՞ք նրա անունը կա՞ «դավաճանների ցուցակում»: Մելիք-Շահնազարյանը փաստացի ասել է, որ Շարժման ընդհատակի համար 1991թ. հուլիսի 20-ին Բաքու մեկնած եւ Ադրբեջանի առաջնորդ Մութալիբովի հետ բանակցություններ վարած պատվիրակության բոլոր անդամները «դավաճան» էին, բայց Վալերի Գրիգորյանը դրանից բացի «ձեռնարկել է նաեւ այլ քայլեր»:
Ըստ տեղեկությունների, պատվիրակությունը Մութալիբովի հետ քննարկել է ԽՍՀՄ եւ Ադր.ԽՍՀ սահմանադրության հիման վրա Լեռնային Ղարաբաղում իշխանության տեղական մարմինների ընտրությունների «անցկացման ժամանակացույցը»: Կարելի է ենթադրել, որ այդ ընդհանուր մոտեցումը գործնականում իրականացնելու համար ծագել է Ստեփանակերտում ադրբեջանական Կազմկոմիտեի հետ շփումների անհրաժեշտություն, որ իրականացրել է Վալերի Գրիգորյանը: Ստեղծված իրավիճակի մասին շատ կտրուկ է արտահայտվել ԼՂ-ից Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր Գեորգի Պետրոսյանը, որ արդեն ՀՅԴ անդամ էր: Նա ասել է, որ Լեռնային Ղարաբաղում բարձրացվել է ոտնահարված իրավունքների քաղաքական հարց: Այդ առումով քննարկումներ ունենալ Ադրբեջանի հետ, նշանակում է ընդունել, որ Բաքուն «մեր ներքին գործերին միջամտելու իրավունք ունի»: Ղարաբաղյան Շարժման հայտնի գործիչներից Բորիս Առուշանյանը, որ մի շրջանում գլխավորել է իշխանության այլընտրանքային՝ «Տնօրենների խորհուրդ» կոչվող մարմինը, հիշել է, որ մտավորականության մի զգալի մասը կողմ էր Բաքվի հետ բանակցություններին, որպեսզի «եղածը փրկվի»,-բայց ինքը դեմ է եղել եւ չի ընդգրկվել Բաքու մեկնող պատվիրակության կազմում:
Վալերի Գրիգորյանի սպանության քաղաքական շարժառիթներն արդարացնելով՝ Լեւոն Մելիք-Շահնազարյանը հետագայում ասել է, որ եթե նա չսպանվեր, ապա «Շարժման ընթացքն իր նպատակից կշեղվեր»: Վալերի Գրիգորյանի սպանությունից տասը օր հետո Մոսկվայում կազմակերպվեց պետական հեղաշրջման փորձ: Օլեգ Եսայանը, որ զբաղեցնում էր մարզգործկոմի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը, տարիներ հետո պատմել է, որ այդ լուրն ստանալով՝ հրավիրվել է արտակարգ նիստ, որին մասնակցել են նաեւ «ընդհատակի գործիչները»: Մի քանի ժամ տեւած քննարկումների արդյունքում, ըստ Օլեգ Եսայանի, ընդունվել է կատարվածին պաշտոնապես չանդրադառնալու, երեք օր պաուզա պահելու որոշում, որին խստորեն հետեւել են բոլորը:
Օգոստոսի 21-ին, զինված հեղաշրջման փորձի երրորդ օրը Մոսկվան հայտարարել է խռովությունը կանխելու, կազմակերպիչներին ձերբակալելու եւ սահմանադրական իշխանությունը վերականգնելու մասին: Օգոստոսի 20-ին, աշխատանքային այցով գտնվելով Թեհրանում՝ Ադրբեջանի առաջնորդ Մութալիբովը լրագրողների հարցերին պատասխաններում ողջունել է Գորբաչովի դեմ զինված հեղաշրջումը, պնդել, որ Խորհրդային Միությունը հնարավոր է պահել միայն ուժեղ իշխանությամբ: Օգոստոսի 22-ին, Մոսկվայում խռովությունը կանխելու հաջորդ օրը Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի գործկոմը կիսաընդհատակյա գործունեությունից անցնում է հրապարակայինի: Մոսկվայում ժողովրդավարական ուժերի հաղթանակը ծանր հարված էր Ստեփանակերտում ադրբեջանական Կազմկոմիտեին:
(Շարունակելի)