Հայաստան

Բաքվում Հակահայկական Նոր Ալիք

Նման ելույթներ են ունենում իրենց իրավապաշտպան ներկայացնող անձինք, տարբեր թերթերի խմբագիրներ, նույնիսկ խմբագիրներից մեկն ասում էր՝ «ափսոս, մեզ մոտ մահապատիժ չկա, թե չէ իրենք մահապատժի են արժանի»:

Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանում հայատյացության նոր ալիք է բարձրանում այդ շինծու դատավարությունների միջոցով . Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը

– Տիկի՛ն Հայրապետյան, Ադրբեջանում արդեն երկրորդ դատական նիստն է կայանում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասնակցությամբ: Տեղի ունեցող դատավարություններն ինչպե՞ս եք գնահատում, Ադրբեջանում ի՞նչ մեկնաբանություններ ու կարծիքներ են հնչում:

– Նախ նշեմ, որ երեկ տեղի ունեցավ երկրորդ «դատավարությունը», շինծու գործընթացը, ու, ինչպես տեղյակ եք, Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում, մնացած տասնհինգի գործը, որի մեջ են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներն ու տարբեր այլ հայրենակիցներ, առանձին է:

Մինչև այս շինծու գործընթացի մեկնարկը, հենց իշխող ուժի պատգամավորների մակարդակով բավականին ընդգծված գնահատականներ, ատելության խոսք էին տարածվում: Հստակ նշվում էր, որ այդ մարդիկ արդեն մեղավոր են, այսինքն՝ արդեն դատավճիռներ էին կայացվում ադրբեջանական տեղեկատվական տիրույթում՝ տարբեր ներկայացուցիչների մակարդակով: Ընդհանուր առմամբ ես նկատում եմ, որ «դատական» գործընթացն ուղեկցվում է հայերի դեմ ուղղված ատելության խոսքով, օրինակ՝ ադդրբեջանական մամուլում հաճախ կարող ես հանդիպել «հայկական ծագման», «հայկական ազգության» արտահայտություններ, դրանց հետ կապված շեշտադրումներ:

Մինչև այդ գործընթացի մեկնարկը ես տեսա, որ մամուլում նշվում էր, որ այդ մարդիկ պետք է ցմահ ազատազրկման դատապարտվեն, ընդ որում՝ նման ելույթներ են ունենում իրենց իրավապաշտպան ներկայացնող անձինք, տարբեր թերթերի խմբագիրներ, նույնիսկ խմբագիրներից մեկն ասում էր՝ «ափսոս, մեզ մոտ մահապատիժ չկա, թե չէ իրենք մահապատժի են արժանի»: Այսինքն՝ հայատյացության նոր ալիք է բարձրանում այդ շինծու դատավարությունների միջոցով, ու նրանք այնպես են խոսում, կարծես դատավճիռներն արդեն կայացվել են:

Իրենց ամբողջ մամուլը այս գործընթացի մեկնարկից անմիջապես հետո դա կոչեց «Նյուրնբերգյան դատավարություն», իրենց Հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ էր պատրաստել, համեմատություններ էր անցկացնում ֆաշիստական Գերմանիայի հետ, ու, ամենակարևոր հանգամանքը, որ իրենց իշխանությանը ներկայացնող թերթերը շատ հստակ ձևակերպումներով գրում են, որ սա ուղղված է Հայաստանի դեմ, նպատակն է Հայաստանը որպես ագրեսոր ու օկուպանտ երկիր կարգելը, բնականաբար, դրանից բխող հետևանքներով: Նույնիսկ մեկ-երկու հրապարակում եմ հանդիպել, որոնցում մոտավոր թվեր են նշում, թե հետագայում ի՛նչ փոխհատուցումներ պետք է Հայաստանից պահանջեն: Ազգամիջյան ատելության հրահրման, ընդհանուր առմամբ հայատյացության և այլնի հետ կապված ակնհայտ ծրագիր է հետապնդվում:

Մեկ ուշագրավ բան էլ եմ նկատել, որ թեև այս գործընթացները տեղի են ունենում ցերեկային ժամերին, բայց իրենք երկու «դատավարությունների» պարագայում էլ տեղեկատվությունը միշտ ուշ երեկոյան են տալիս: Իմ դիտարկմամբ՝ սա հատուկ է արվում, որովհետև երեկոյան ժամերին մարդիկ ավելի ակտիվ են համացանցում: Սա հոգեբանական պատերազմի ձև է: Ամբողջությամբ շինծու գործընթաց է, որը ընթանում է փակ դռների հետևում, վստահ եմ, որ ոչ մի միջազգային լրագրողի թույլ չեն տալիս այնտեղ ներկա լինել, նրանք ուղղակի ռեպորտաժներ են տարածում, այլընտրանքային որևէ աղբյուր չկա:

– Ադրբեջանում ընթացող այդ դռնփակ դատավարությունների վերաբերյալ իրենց դժգոհությունն են արտահայտել միջազգային որոշ կազմակերպություններ, օտարերկրյա պաշտոնատար անձինք, Ադրբեջանի ղեկավարությունն ինչպե՞ս է վերաբերվում այդ ամենին:

– Միանշանակ պետք է աղմուկ բարձրացնել, ու հենց դա է կարևոր գործիքը, որովհետև իրավական առումով բավականին բարդ է, այնտեղ ամբողջությամբ շինծու դատավարություններ են ընթանում, բաներ են ներկայացնում, որ ընդհանրապես կապ չունեն այդ մարդկանց հետ, և դժվար է այդ բռնապետական համակարգի պայմաններում մտածել, թե հնարավոր է այդ ձևով արդար «դատավարության» հասնեն:

Գործընթացը հենց քաղաքական, դիվանագիտական ու միջազգային աղմուկի միջոցով է հնարավոր այլ հունով տանել, ու դրա հետ կապված պետք է կարևոր շեշտադրումներ անել, պետք է շարունակ միջազգային կառույցները գնահատականներ հնչեցնեն: Բոլորը մտածում են, թե Ադրբեջանի կամ Ալիևի համար միևնույն է, բայց դա այդպես չէ, ես հավաստիացնում եմ ձեզ, նա բավականին ծանր է տանում այդ միջազգային քննադատությունները, ու դա իր համար կարևոր է: Վերջին շրջանում Ալիևը սկսել է թիրախավորել տարբեր ուղղություններով՝ կլինի ԵՄ, ԱՄՆ, եվրոպական տարբեր կառույցներ, ու դա ինչ-որ չափով հնչած քննադատությունների արդյունք է:

– Հայաստանում պետական մակարդակով արվու՞մ են քայլեր այդ ուղղությամբ, տիկի՛ն Հայրապետյան:

– Կարող է ինչ-որ միջազգային-իրավական գործընթացներով արվում են, որոնք չեն երևում, բայց քաղաքական տեսանկյունից ակնհայտ է, որ իշխանություններն առանձնապես ջանք չեն գործադրում այդ հարցում ինչ-որ արդյունքի հասնելու համար, ավելին՝ ժամանակին Նիկոլ Փաշինյանը հենց Ռուբեն Վարդանյանի հետ կապված արեց արտահայտություններ, որոնք բացառապես Ադրբեջանի ձեռքին գործիք դարձան նույն Ռուբեն Վարդանյանի դեմ: Շատ հաճախ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությունները ավելի շատ վնասում են այդ մարդկանց, քան օգուտ տալիս:

– Եթե մեր կողմից քաղաքական այդ քայլերը չեն արվում, ապա որքա՞ն բարձր կլինի արդյունավետությունը, եթե անգամ միջազգային տարբեր կառույցներ, առանձին անհատներ աղմուկ բարձրացնեն այդ մասով:

– Բնականաբար արդյունավետությունը շատ ավելի ընկնում է, որովհետև եթե պետությունն է հետամուտ լինում իր քաղաքացիների շահերի պաշտպանությանը կամ հստակ գնահատականներ է տալիս այն գործընթացին, որն ուղղված է բուն պետության դեմ, այլ բան է, որ տարբեր միջազգային կառույցներ կամ անհատներ են դրանով զբաղվում: Այսօր փաստացի ունենք բացառապես անհատական մոտիվացիայով աշխատող տարբեր ուղղություններ, որովհետև պետությունն այսօր իր ֆունկցիաները չի կատարում, ճիշտ հակառակը՝ Նիկոլ Փաշինյանի ֆունկցիաներն ուղղվում են պետության դեմ՝ ուղիղ կամ միջնորդավորված:

– Ձեր գնահատմամբ՝ այս դատավարությունները դեռ երկա՞ր կշարունակվեն:

– Դժվարանում եմ ասել, միայն կարող եմ ասել, որ հաջորդը նշանակվել է փետրվարի 6-ին: Քանի որ սա հոգեբանական պատերազմի միջոց է, պետք է խնդրեմ մեր համերկրացիներին ավելի զգուշավոր վերաբերվել տեղեկատվությանը, միշտ հիշել, որ այդ մարդիկ պատանդի կարգավիճակով են ու ճնշումների տակ են: Պետք է հնարավորինս սառնասիրտ լինել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *