Թեեւ «տարածքների փոխանակման» մասին իշխանության «միջանցքներում» եւ քաղաքական շրջանակներում գրեթե բոլորն էին խոսում, բայց մի բան է «շշուկը», բոլորովին այլ՝ երբ այդ մասին գրում է հանրապետական պաշտոնաթերթը, ընդ որում՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հեղինակությամբ:
Վահրամ Աթանեսյան
Ցավալիորեն թե Քոչարյանը խաբվեց, թե՝ ՀՅԴ‑ն կամ, գուցե, միմյանց խաբեցի՞ն։ Մեղրիի եւ Լեռնային Ղարաբաղի փոխանակման «թեմային» Երեւանում եւ Ստեփանակերտում հարյուրավոր մարդիկ գոնե ընդհանուր գծերով տեղյակ են եղել, եւ շատերը ողջունել են այդ ծրագիրը»: Նրանց հիմնավորումը մեկն էր. «Շարժումն սկսվել է «միացում» կարգախոսով, ուրեմն այդպես էլ պետք է լինի»: Քիուեսթի բանակցություններին ընդառաջ Երեւանում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի եւ Արցախի ԿԿ‑ի համատեղ նիստ է գումարվել, հետո Բյուրոն «Շրջաբերական» է տարածել շարքերին:
Այդ օրերին «Ազատ Արցախ» թերթում հոդված հրապարակեցի, որ դա լուծում չէ, Իրանի հետ սահմանից զրկվելով կամ դրա նկատմամբ ինքնիշխանությունը Բաքվի հետ կիսելով՝ Հայաստանը հայտնվում է արդեն գլոբալ-աշխարհաքաղաքական շրջափակման մեջ: Հաջորդ օրն Ազգային ժողովի նախագահ Օլեգ Եսայանը հրավիրեց իր մոտ եւ ասաց, որ «Դաշնակցություն» խմբակցությունը պահանջ է դրել, որ թողնեմ հանրապետական թերթում աշխատանքս, թեեւ օրենքը պատգամավորիս թույլ էր տալիս զբաղվել գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական վճարովի գործունեությամբ: Ստեփանակերտի ՀՅԴ-ականները, սակայն, գտնում էին, որ հանրապետական թերթում աշխատանքը «պետական պաշտոն է, քանի որ հիմնադիրը ԼՂՀ խորհրդարանը եւ կառավարությունն են, իսկ ժուռնալիստիկան ստեղծագործական մասնագիտություն չէ»: Հասկանալի էր, որ «Դաշնակցություն» խմբակցությունը հրահանգավորված է:
Թեեւ «տարածքների փոխանակման» մասին իշխանության «միջանցքներում» եւ քաղաքական շրջանակներում գրեթե բոլորն էին խոսում, բայց մի բան է «շշուկը», բոլորովին այլ՝ երբ այդ մասին գրում է հանրապետական պաշտոնաթերթը, ընդ որում՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հեղինակությամբ: Ըստ երեւույթին, դեր էր խաղացել նաեւ Սահմանադրական դատարանի նստավայրում «Գերագույն խորհուրդ» ՀԿ կազմակերպած քննարկմանը ելույթս, որտեղ ասել էի, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման՝ խաղաղ-բանակցային կարգավորման ցանկացած տարբերակ, որ կերաշխավորի հայ բնակչության անվտանգությունը եւ ազատ ինքնակառավարումը, ընդունելի է, բացի մեկ դեպքից. Դա չպետք է տեղի ունենա Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից նույնիսկ մեկ քառակուսի կիլոմետրի օտարման գնով: Ստիպված էի կատարել «յեղափոխական» գործընկերներիս պահանջը: Աշխատանքից ազատման դիմումս այդպես էլ ձեւակերպել էի. «Ելնելով ԼՂՀ ներքաղաքական կյանքում հակասություններ չստեղծելու անհրաժեշտությունից, խնդրում եմ ինձ ազատել հանրապետական «Ազատ Արցախ» թերթի քաղաքական մեկնաբանի պարտականություններից»:
Այդ փուլի ստեփանակերտյան «փակ քննարկումներում» հարցը համարվում էր վերջնականապես լուծված: Քաղաքական շրջանակներին եւ գործադիր իշխանության ներկայացուցիչներին հուզում էին առարկայական խնդիրներ: Ամենատարածված հարցադրումն այն էր, թե Հայաստանի կազմում Լեռնային Ղարաբաղն ընդգրկվելու է որպես «շարքային մա՞րզ», ունենալու է, դիցուք, Եղեգնաձորին հավասար վարչա-տարածքային միավորի կարգավիճա՞կ, թե՞ որոշակի ինքնավարություն է ստանալու: Բերվում էր Ադրբեջանի կազմում Նախիջեւանի օրինակը, որ ունիտար պետության կազմում է, բայց ունի ինքնավար հանրապետության կարգավիճակ: Գերակայում էր, այսպիսով, ոչ թե հարցի լուծման հավանական-անհավանականության, օգտակարության-անօգտակարության, այլ տեղական էլիտայի համար նպատակահարմարության- ոչ նպատակահարմարության խնդիր:
Մի փուլում նույնիսկ բավական վստահելի տեղեկություն ստացվեց, որ ԼՂՀ քաղաքական ղեկավարությունը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջարկել է վերջնական համաձայնության հասնելուց հետո նախկին ԼՂԻՄ‑ի տարածքը Կարկառ գետի հունով բաժանել եւ կազմավորել երկու մարզ: Այս եւ այլ մանրմասներ հայտնի էին: «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումը, երեւի, բացահայտեց «տարածքային փոխանակումների» ծրագրին ՀՅԴ ոչ այնքան ջանադիր, բայց եւ իշխանություններին ոչ պակաս ձեռնտու աջակցության շարժառիթը:
Ըստ երեւույթին, Ռոբերտ Քոչարյանը վստահեցրել էր, որ վերջնական կարգավորման բաղադրիչներից մեկն էլ Թուրքիայի կողմից ցեղասպանության գոնե մասնավոր ճանաչումը կլինի: Եթե ԼՂ Հայաստանին միացումը դիտվում էր որպես հետտերպետրոսյանական իշխանության տրիումֆ, ապա Թուրքիայի կողմից ցեղասպանության «ճանաչումը» ՀՅԴ «հաղթակամարը» կլիներ: Ցավալիորեն թե Քոչարյանը խաբվեց, թե՝ ՀՅԴ‑ն: Կամ, գուցե, միմյանց խաբեցի՞ն։
