Զելենսկին ակնթարթորեն լարվեց և կտրուկ պատասխանեց. «Մենք այս հարցը քննարկել ենք փակ ձևաչափով, բայց եթե ձեզ դա չի բավարարում, կկրկնեմ․ Տատարովն ու Մալյուկը (Ուկրաինայի ԱԱԾ ղեկավարը) 2022-ին Չեչնիայում սպանություններ էին իրականացնում, մինչ դուք այնտեղ չէիք»։
Le Monde
Ֆրանսիական Le Monde-ը գրում է, որ Դոնալդ Թրամփի դիվանագիտական հարվածը անակնկալի բերեց Ուկրաինայի նախագահին, որը վերջին շաբաթներին ենթարկվում էր քննադատության իր երկրում մի շարք սխալների համար և «այրվել» էր հոգնածությունից՝ երեք տարվա ռազմական հակամարտությունից հետո։
Ոտքից գլուխ սև հագուստով՝ Վլադիմիր Զելենսկին ժամանեց և հեռացավ Մյունխենում անցկացված Անվտանգության կոնֆերանսից, որը տեղի ունեցավ փետրվարի 14-16-ին։ Եթե նախկինում նրա խորհրդանիշն էր զինվորական հագուստի գույնի խակի շապիկը, ապա հիմա նրա նոր «դիմադրության համազգեստը» դարձել է մուգ պոլոն և համապատասխան խիստ հայացքը՝ խորհրդանշելով այն, որ 2022 թվականի փետրվարի 24-ից, երբ Ռուսաստանը «ներխուժեց» Ուկրաինա, նախագահը որոշեց մնալ Կիևում։
Սակայն փետրվարի 14-ին ուկրաինական լրատվամիջոցներն ու գեոպոլիտիկայի փորձագետները ուշադրություն դարձրին «Մյունխեն II»-ի մեկ այլ խորհրդանիշի վրա։ «Երբ երկրի ճակատագիրը որոշվում է առանց նրա մասնակցության և համաձայնության, — ամփոփեց միջազգային հարաբերությունների փորձագետ Ֆրանսուա Էսբուրը, — դա կոչվում է 1938 թվականի Մյունխենի կոնֆերանս»։
Այդ տարի ստորագրվել էր համաձայնագիր, որը թույլ տվեց նացիստական Գերմանիային անեքսիայի ենթարկել Չեխոսլովակիայի՝ գերմանաբնակ տարածքները՝ դառնալով Երկրորդ համաշխարհային պատերազմի նախաբան։
«Դա, մեղմ ասած, տհաճ է», — նշեց Զելենսկին նախօրեին՝ մեկնաբանելով դիվանագիտական սկանդալը, որը ծագել էր 2024 թվականի փետրվարի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից հետո՝ 90 րոպե առաջ, մինչև որ Ուկրաինան առհասարակ տեղեկացավ դրա գոյության մասին։
Սակայն արդեն ամերիկյան NBC հեռուստաընկերության եթերում նա հրաժարվեց լեզվական շրջանցումներից․ «Ուկրաինան հազիվ թե կարողանա գոյատևել առանց ԱՄՆ-ի աջակցության», — հայտարարեց նախագահը։
Այդ աջակցությունը նա հուսահատորեն փորձում էր պահպանել 2024 թվականի նոյեմբերին Թրամփի ընտրվելուց անմիջապես հետո՝ օգտագործելով բոլոր հնարավոր փաստարկներն ու հաճոյախոսությունները։ New York Times-ի տվյալներով՝ Զելենսկին նույնիսկ քննարկում էր Մելանիա Թրամփի՝ ԱՄՆ նախագահի կնոջ հուշերի ուկրաիներեն թարգմանության իրավունքները ձեռք բերելու հնարավորությունը, որպեսզի հաճոյանա Թրամփի շրջապատին։
Ուկրաինացիներն արդեն մի քանի օր է՝ սոցիալական ցանցերում հեգնում են․ «Պետք է ժպտալ, քանի դեռ դրա համար ժամանակ ունենք»։ Իսկ Զելենսկին Մյունխենում իր սովորական հումորով հավելեց․ «Քանի դեռ վերջնականապես մեզ չեն թաղել…»
Նրա համար հումորը միջոց է՝ հաղթահարելու ողբերգությունը։ Գերմանիայում նա չդիմացավ և հիշեցրեց իր կատակերգական անցյալին բնորոշ մի պատմություն։ Պուտինի հետ երկարատև զրույցից հետո Թրամփը, վերջապես, զանգահարեց նրան և, նախքան խոսակցությունը ավարտելը, ասաց․ «Զանգիր ինձ, երբ ուզես»։
Երբ Թրամփը կրկնեց այդ արտահայտությունը մյունխենյան հանդիպումից առաջ, Զելենսկին իր սովորական ոճով արձագանքեց․ «Դուք նույնն ասացիք նաև նախորդ անգամ, բայց այդպես էլ ինձ չտվեցիք ձեր հեռախոսահամարը»։
Կիևում Զելենսկին բախվում է աճող սկանդալների և իր կառավարման որոշումների նկատմամբ քննադատության։
Ամենաքննարկվող թեմաներից մեկը բանակի իրավիճակն է։ Վերջին աղմկահարույց դեպքը վերաբերում է գեներալ-լեյտենանտ Սերգեյ Նաեւին, որը 2020 թվականից ղեկավարում էր Ուկրաինայի Միավորված ուժերը, սակայն 2023-ին անսպասելիորեն հեռացվեց պաշտոնից։ Այդ պահից ի վեր նա գտնվում էր Պաշտպանության նախարարության պահեստազորում՝ առանց հստակ նշանակում ստանալու։
Փետրվարի 10-ին նա հարցազրույց տվեց Ուկրաինական Ճշմարտություն պարբերականին, որտեղ հայտարարեց, որ 2022 թվականին բանակը պատշաճ կերպով պատրաստ չէր ռազմական հակամարտությանը, և այդ գործում մեղավոր է երկրի բարձրագույն ղեկավարությունը։ Նա նաև նշեց, որ այժմ երեք ուկրաինացի հրամանատար մեղադրվում են 2024-ի մայիսին Խարկովի պաշտպանությունը ձախողելու համար։
«Պատերազմի ընթացքում ռազմական հրամանատարներին դատելն անթույլատրելի է», — հայտարարեց Նաեւը, ով 2022-ին արժանացել էր «Ուկրաինայի հերոս» կոչմանը։ Պատասխանը չուշացավ, գեներալին ուղարկեցին Դոնբասի ամենաթեժ ռազմաճակատներից մեկը՝ փոքր տաքտիկական ստորաբաժանում ղեկավարելու։
Այս դեպքը հիշեցրեց ուկրաինացիներին մեկ այլ հերոսի՝ Ուկրաինայի ԶՈւ նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի պաշտոնանկությունը, որին Զելենսկին հեռացրեց 2024-ի փետրվարին։
Զալուժնին, ով երկրում ամենաբարձր վարկանիշն ուներ, նշանակվեց Ուկրաինայի դեսպան Լոնդոնում, սակայն շարունակում է մեկնաբանել «պատերազմը» և վերջերս հրատարակել է «Իմ պատերազմը» գիրքը։
Մեկ այլ սկանդալ կապված է նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի և չորս օլիգարխների նկատմամբ սահմանված պատժամիջոցների հետ։ Զելենսկին նրանց մեղադրել է «պետական դավաճանության» մեջ՝ 2022-ից առաջ տեղի ունեցած գործերի համար։
2014-2019 թվականներին Ուկրաինայի նախագահ եղած Պորոշենկոն ներկայումս խոշորագույն ընդդիմադիր կուսակցության առաջնորդն է և ակտիվորեն աջակցում է ռազմաճակատին։ Նա նաև ճանապարհորդում է աշխարհով մեկ՝ Ուկրաինայի շահերը պաշտպանելու համար․ 2024-ի դեկտեմբերին հանդիպել է ԱՄՆ նոր ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցի հետ, իսկ 2025-ի հունվարի վերջին եղել է Փարիզում։
Պատժամիջոցների արդյունքում Պորոշենկոյին արգելվել է լքել երկիրը, օգտագործել իր ակտիվները և ելույթ ունենալ լրատվամիջոցներում։ Այս քայլը ցնցում առաջացրեց նույնիսկ Զելենսկու դաշնակիցների շրջանում։ 2022-ի Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր, իրավապաշտպան Ալեքսանդրա Մատվիյչուկը Facebook-ում գրել է «Քաղաքական պայքար հրահրել երկրի ներսում այն պահին, երբ միասնությունը պահպանելը առաջնահերթություն է, ամենավատ քայլն է, որ կարելի էր անել»։
«Սա հենց այն է, ինչ ցանկանում է Պուտինը», — հավելել է հակակոռուպցիոն շարժման ակտիվիստներից մեկը։
Զելենսկու հարաբերություններն լրագրողների հետ նույնպես ավելի լարված են դառնում։ 2024-ի օգոստոսի 27-ին Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ուկրաինական Ճշմարտություն-ի լրագրողը տհաճ հարց տվեց նախագահին՝ նրա թիմում Օլեգ Տատարովի ներկայության մասին։ Վերջինս պաշտոնյա է, ում մեղադրել են կոռուպցիայի մեջ և որը Յանուկովիչի օրոք աշխատել է ՆԳՆ-ում։
Զելենսկին ակնթարթորեն լարվեց և կտրուկ պատասխանեց․ «Մենք այս հարցը քննարկել ենք փակ ձևաչափով, բայց եթե ձեզ դա չի բավարարում, կկրկնեմ․ Տատարովն ու Մալյուկը (Ուկրաինայի ԱԱԾ ղեկավարը) 2022-ին Չեչնիայում սպանություններ էին իրականացնում, մինչ դուք այնտեղ չէիք»։
Ասուլիսից անմիջապես հետո սոցիալական ցանցերը լցվեցին ծաղրական մեմերով ու կատակներով՝ քննադատելով այս պատասխանը։ Զելենսկին գնալով ավելի է փակվում իր մտերիմ շրջապատում, հատկապես՝ իր գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի շրջանակում։
Նախկինում մեդիաբիզնեսում աշխատած իրավաբան Երմակը Զելենսկու կողքին է ռազմական գործողությունների առաջին օրերից։ 2024-ի սեպտեմբերին նա փոխարինեց ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբային իր մերձավոր դաշնակից Անդրեյ Սիբիգայով, ինչը մեծ քննադատության ալիք բարձրացրեց։
«Զելենսկին պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ չէ, նա մտածում է նախկին բիզնեսմենի պես», — նշում է պատգամավոր Բոգդան Յարեմենկոն։ «Ինչքան երկար է տևում պատերազմը, այնքան ավելի մեծ է ճնշումը նրա վրա», — հավելում է նա։
Տարիների ընթացքում Զելենսկին փոխվել է։ «2019-ին նա եռանդուն ու լավատես էր։ Այսօր նա լարված է, չափազանց հոգնած և հաճախ կորցնում է համբերությունը», — շարունակում է Յարեմենկոն։
«Նա պատերազմից մոխրացած մարդ է», — եզրափակում է պատգամավորը։
Աղբյուրը՝ Le Monde