Եվրոպացիներն ունեն մի շարք փաստարկներ, որոնք կարող են ստիպել Թրամփին վերանայել իր որոշումը։
Reuters-ը գրում է, որ Եվրոպան և Թրամփը կարող են բախվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում
-Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ իրեն դուր չեն գալիս տնտեսական պատժամիջոցները։ Սակայն ԱՄՆ նախագահը ակնարկել է, որ կարող է կիրառել այդ գործիքը՝ ստիպելու Վլադիմիր Պուտինին նստել բանակցությունների սեղանի շուրջ և փորձել պայմանավորվածության հասնել Ուկրաինայի հարցում։
Այժմ, երբ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները պատրաստվում են հանդիպել, առաջանում է հարց՝ արդյո՞ք Թրամփը կարող է մեղմացնել կամ նույնիսկ վերացնել այն միջոցները, որոնք Վաշինգտոնն ու նրա արևմտյան դաշնակիցները սահմանել են 2014-ին՝ Ղրիմի միացումից հետո և ավելի խստացրել 2022-ի փետրվարից հետո։ Դա կարող է նպաստել Մոսկվային՝ տնտեսության ամրապնդման և բանակի վերականգնման հարցում, ինչը Եվրոպայի համար նոր ռազմավարական խնդիրներ կստեղծի։
Վերջին երեք տարիներին ԵՄ-ն, ԱՄՆ-ն և արդյունաբերապես զարգացած G7 երկրները առանձին մշակել են իրենց պատժամիջոցային փաթեթները, սակայն դրանք ընդհանուր առմամբ համադրված են եղել։
Թրամփը կարող է միակողմանիորեն վերացնել ԱՄՆ պատժամիջոցները։ Նա կարող է ցանկանալ դա անել՝ կամ Պուտինին հրադադարի համար «պարգևատրելու», կամ Ուկրաինայի և նրա եվրոպացի դաշնակիցների վրա ճնշում գործադրելու համար, եթե նրանք չցանկանան ընդունել առաջարկվող գործարքը։ Միաժամանակ, այդ ճնշումը կարող է կիրառվել աստիճանաբար։
Եվրոպան, սակայն, լիովին անզոր չի լինի։ Նրա պատժամիջոցային գործիքակազմը հզոր է՝ 15 հերթական խստացված փաթեթներից հետո։ Բացի այդ, որևէ մեղմացում պահանջելու է ԵՄ բոլոր անդամների համաձայնությունը։
Հեշտ է պատկերացնել, թե ինչպես ԱՄՆ-ի նման միակողմանի քայլերը կարող են պառակտում առաջացնել Եվրոպայում։ ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան ստիպված կլինեն միասնական դիրքորոշում պահպանել։
Նավթային խոշոր ընկերությունները, ինչպիսիք են TotalEnergies-ը կամ BP-ն, կսկսեն լոբբինգ անել իրենց կառավարությունների մոտ, եթե նրանց մրցակիցները մյուս կողմում՝ ԱՄՆ-ում, վերսկսեն բիզնեսը Ռուսաստանի հետ։ Արդյունաբերական խմբերը, հնարավոր է, կրկին ձգտեն ռուսական էժան գազին. փետրվարի 12-ից մարտ ամսվա մատակարարման գները Եվրոպայում նվազել են 10%-ով։
Եվրոպացիներն ունեն մի շարք փաստարկներ, որոնք կարող են ստիպել Թրամփին վերանայել իր որոշումը։ Ցանկանո՞ւմ է արդյոք նա, որ Եվրոպան մեծացնի ռուսական հեղուկ գազի ներմուծումը, դրանով նվազեցնելով գները և փոխարինելով ամերիկյան СПГ֊ն, որի գնումը նա պարտադրում է։ Կուզենա՞ արդյոք, որ ամերիկյան չիպերը հայտնվեն ռուսական հրթիռներում։
Եթե ԱՄՆ նախագահին չհաջողվի համոզել, ապա ԵՄ-ի համար դժվար կլինի մնալ միակ կողմը, որը կիրառում է պատժամիջոցներ իր անմիջական սահմանների մոտ գտնվող հակառակորդի դեմ։
Աղբյուրը` Reuters
Թարգմանեց`
Արայիկ Մկրտումյանը