Քաղաքական դիտորդների մեծ մասը համարում է, որ խորհրդարանում բավական ծանրակշիռ ներկայացվածության համար ՀՅԴ-ն պարտական է Ռոբերտ Քոչարյանին: Դաշնակցությունն այս գնահատականը հրապարակային չի մեկնաբանել: ՀՅԴ կազմակերպչական միջոցառումները, որպես կանոն, մամուլի համար փակ են։
Վահրամ Աթանեսյան
Փետրվարի 17-ին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիս կտա: Մամուլում եւ սոցիալական ցանցերում լրագրողներն արդեն ահազանգում են, որ նրա գրասենյակի հետ կապ հաստատել եւ հավատարմագրման հարցերով պայմանավորվել չի հաջողվում: Նրանք ենթադրում են, որ Քոչարյանը ոչ թե մամուլի ասուլիս, այլ աջակցող լրատվամիջոցների հետ հանդիպում է կազմակերպում, որպեսզի «անհարմար հարցադրումներ չլսի»:
Երկրորդ նախագահը մամուլի ասուլիս կամ աջակցող լրատվամիջոցների հետ հանդիպում է անցկացնում մի փուլում, երբ նրա գլխավոր «Հայաստան» դաշինքի սկզբունքային մաս, ավելի ճիշտ՝ քաղաքական միջուկ կազմող ՀՅԴ-ն նախապատրաստվում է հերթական Ընդհանուր ժողովի: Դաշնակցության համար այդ կարեւորագույն միջոցառման ժամանակի ընտրությունն էլ, հավանաբար, պայմանավորված է ներքաղաքական հնարավոր զարգացումներով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցյալ շաբաթ խորհրդարանում հայտարարեց, որ իշխանություն ստացել է ժողովրդից եւ կփոխանցի, երբ նա «դուռը ծեծի»: Ընդսմին, Փաշինյանը չբացառեց, որ ժողովուրդը կարող է դնել նաեւ արտահերթ ընտրությունների պահանջ, իսկ որոշ փորձագետներ նրա վերջին շրջանի սոցցանցային ակտիվությունը հենց այդպես էլ բացատրում են. «Իշխանությունը նախապատրաստվում է խորհրդարանական արտահերթ ընտրությունների»:
Այդպես է, թե Հայաստանի հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2026 թվականին, փաստ է, որ երկիրը մտել է նախընտրական ռեժիմի մեջ եւ, գուցե, ՀՅԴ Ընդհանուր ժողովը քննարկի նաեւ սպասվող գործընթացներին կուսակցության մասնակցության ձեւաչափի հարցը կամ՝ նաեւ այդ հարցը:
Գործող խորհրդարանում, ինչպես ասվեց, ՀՅԴ-ն «Հայաստան» խմբակցության մաս է կազմում: 2021-ի ընտրություններում նույնանուն դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորել է Ռոբերտ Քոչարյանը, իսկ քարոզարշավն ընթացել է «հաղթելու ենք» կարգախոսով: Այսինքն, Քոչարյանը մրցապայքարի մեջ է մտել Ազգային ժողովում մեծամասնություն կազմավորելու եւ վարչապետի պաշտոնն ստանձնելու նպատակով:
Քաղաքական դիտորդների մեծ մասը համարում է, որ խորհրդարանում բավական ծանրակշիռ ներկայացվածության համար ՀՅԴ-ն պարտական է Ռոբերտ Քոչարյանին: Դաշնակցությունն այս գնահատականը հրապարակային չի մեկնաբանել: ՀՅԴ կազմակերպչական միջոցառումները, որպես կանոն, մամուլի համար փակ են: Եւ եթե առաջիկա Ընդհանուր ժողովում այդ հարցը, թե ով ում է պարտական կամ կողմերից որն է մյուսին ռեսուրս տալիս, կամ նրանից խլում,- նույնիսկ քննարկվի, հանրությունը չի իմանա, թե ինչ եզրակացության է եկել ՀՅԴ բարձրագույն ժողովը։
Ենթադրություններ եւ եզրակացություն հնարավոր կլինի անել կուսակցության ղեկավար մարմնի՝ Բյուրոյի ընտրությունների արդյունքների հիման վրա:
ՀՅԴ գործունեության վերջին ավելի քան քառորդդարյա շրջանը պայմանավորված է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ նրա հարաբերությամբ: 1998-ի իշխանափոխությունից հետո Ռոբերտ Քոչարյանը ՀՅԴ մի քանի գործիչների բանտարկությունից ազատել է՝ «իրադրության փոփոխության» հիմնավորմամբ:
Զուտ իրավական առումով նրանց նկատմամբ Հայաստանի դատական իշխանության կայացրած եւ ոչ մի վճիռ չի բեկանվել, այսինքն այդ մարդիկ, որոնցից ոմանք այսօր Ազգային ժողովի պատգամավոր են, դատական կարգով չեն արդարացվել: Որքան հայտնի է, նրանք նույնիսկ իրենց նկատմամբ կայացրած մեղադրական վճիռները չեն բողոքարկել, թեեւ ժամանակ առ ժամանակ հայտարարում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք «քաղբատարկյալ էին»:
ՀՅԴ հարյուր երեսունմեկ ամյակի հանդիսավոր միջոցառմանը Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշոնաթողությունից հետո «ՀՅԴ-ն արդարացվել է»: Տպավորություն է թողնվում, որ մինչ այդ Դաշնակցությունը «մեղադրյալ էր»: Մինչդեռ իրականություն է, որ ՀՅԴ գործունեությունը կասեցվել է նրա Կանոնադրությունը ՀՀ օրենսդրությանը չհամապատասխանելու պատճառով եւ վերականգնվել, երբ ընթացակարգային խնդիրները լուծվել են:
ՀՅԴ Ընդհանուր ժողովի օրակարգը, քննարկման դրվելիք հարցերի հերթականությունը, մտքերի փոխանակության տոնայնությունը եւ կայացվելիք որոշումներն, իհարկե, կուսակցության պատվիրակների իրավասությունն է: Այդուհանդերձ, տրամաբանական է թվում, որ Դաշնակցությունը պետք է հստակեցնի մի հարց. Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք քրեական գործեր են հարուցվել ոչ թե ՀՅԴ, այլ՝ նրա մի շարք անդամների դեմ, մեղադրական դատավճիռներ կայացվել են նրանց, ոչ թե՝ Դաշնակցության նկատմամբ: Ուստի «իրադրության փոփոխության» պայմաններում Ռոբերտ Քոչարյանն ազատություն է շնորհել առանձին դաշնակցականների, որ երկրորդ նախագահին կարող են երախտապարտ լինել անձնապես, բայց երբեք՝ հանուն ՀՅԴ-ի: Քաղաքական ընտրության մեջ Դաշնակցությունը պետք է ազատ լինի: Դա ներկուսակցական առողջացման անհրաժեշտություն չէ միայն, այլեւ՝ Հայաստանի պետական իմունիտետի ամրապնդման: